Բաժիններ՝

Մեղքի կործանարար հետևանքները

Մարդկության պատմության բովանդակ վշտերը, ողջ դառնությունը, բոլոր բռնությունները, ողբերգությունները ամփոփվում են մի փոքրիկ բառում` մեղք: Մեղքի ճիշտ ըմբռնման պակասն է շատ քրիստոնյաների խանգարում անեղծ ու արդար կյանք վարել: Եթե մարդիկ գիտակցեին, թե իրականում դա ինչ կործանարար իրողություն է, ապա այլևս մեղք չէին գործի…

Թեպետ մեղքը գերիշխում է ներկայիս աշխարհի մեջ, բայց կան շատերը, ովքեր չգիտեն դրա նշանակությունը ու չեն պատկերացնում հետևանքները: Մեղքի նկատմամբ հենց այդ մակերեսային հայացքներն էլ խոչընդոտում են այն բանին, որ շատ մարդիկ ընթանան ճիշտ ուղով: Սուրբ Գրիգոր Նարեկացին իրավամբ ողբերգություն է անվանում մարդկության այդ վիճակը: Մեղքն ընդհանուր առմամբ մտքով, խոսքով, զգացմունքով և գործով Աստծո պատվիրաններին հակառակ գնալը, ոտնահարելն է: Երկնային նախախնամության կողմից ուղենշված ճանապարհը խոստանում է լուսավոր և երջանիկ ապագա: Այդ ճանապարհն արտահայտված է մարդուն տրված պատվիրանով: Սակայն ազատ կամք ունեցող էակներին կարող է թվալ, թե պատվիրանը կարող է սահմանափակել ազատությունն ու երջանկությունը: Եդեմի պարտեզում Արարիչն ասաց, որ չճաշակեն բարու և չարի գիտության պտուղից` նշելով, որ երբ ուտեն այդ պտղից, մահկանացու կդառնան: Բայց արդյո՞ք Արարիչը չգիտեր, թե մարդիկ խախտելու են այդ պատվիրանը:

Այդ դեպքում ինչո՞ւ Եդեմի պարտեզում տնկեց նաև այդ ծառը: Ամենագետ Աստծո համար պարզ էր, որ մարդիկ խախտելու էին տվյալ պատգամը, սակայն բացահայտելու համար մարդու ազատ կամքն ու նրան ցույց տալու, որ ունի ընտրության իրավունք, որ ազատ է, թույլ տրվեց, որպեսզի Ադամն ու Եվան ինքնուրույն որոշեն իրենց կյանքի ուղին: Եվ մարդը որոշեց ապրել առանց Աստծո` կյանքի կենտրոնում դնելով իր անձն ու ես-ը, դառնալով ինքնակենտրոն: Սակայն ինքնակենտրոն արարածը չէր կարող երկար ապրել, քանի որ ինքը չէր կյանքի հարատևության ակունքը:

Ուստի իր կենսական զորությունը սպառելով՝ դարձավ մահկանացու, որովհետև հեռացավ Կյանքի` Աստծո անմիջական հաղորդակցությունից: Այլ խոսքով՝ մեղքը կյանքի բացակայությունն է: Ներդաշնակ համակարգը խաթարվեց, խախտվեց կյանքի հոգեղեն զորության հաղորդակցությունն Աստծո հետ, և ամենայն ինչ դարձավ անկայուն ու քայքայվող:

Տեղի ունեցավ խզում նաև մարդու և բնության միջև: Այլևս իր գոյությունը պահպանելու համար մարդը պետք է երեսի քրտինքով աշխատեր` մշակելով հողը, դիմակայելով շրջապատող աշխարհին և նրա մեջ թաքնված սպառանալիքներին: Մարդկային բնության մեջ տեսանելի փոփոխություններ տեղի չունեցան, նույնը մնաց նրա ֆիզիկական արտաքինը, տեսքը, հոգևոր կարողությունները, չփոխվեց նաև շրջապատող աշխարհը: Նույնը մնացին ծառերը, գազաններն ու բնությունը: Բայց տիեզերքի ներդաշնակության զգացումը վերացավ, մեղքը խաթարեց կեցության համաչափությունը, և բանական արարածը ստիպված եղավ պայքար մղելու շրջապատող աշխարհում իր գոյությունը պահպանելու համար:

Մեղքի առկայությունը երջանիկ լինելու հնարավորություն չի տալիս, որովհետև դրա պատճառով մարդկային հասարակությունը երբեք ունակ չի եղել հասնելու իր երազած համակարգին: Նրա ստեղծած յուրաքանչյուր ծրագիր, յուրաքանչյուր քաղաքակրթություն վերջիվերջո կործանվում է և մոռացության մատնվում:

Տվյալ պահին մեզ շրջապատող ավերակները խոսում են մեղքի մասին, որի մեջ թաղված է աշխարհը: Կարելի է լսել այնպիսի հարցադրումներ, թե՝ ինչո՞ւ Աստված արարածներին այնպես չստեղծեց, որ նրանք ընտրեն միայն բարին ու հնազանդ լինեն պատվիրաններին: Բայց այդ դեպքում բանական արարածները կզրկվեին ազատությունից, իրենց կամքի ազատ արտահայտման հնարավորությունից և կնմանվեին ռոբոտների, որոնք պարզապես կատարում են միայն այն, ինչը հստակ հրամանով ծրագրավորված է իրենց համար: Աստված Սեր է, և այդ սիրո արտահայտությունը բացահայտում է մարդու ազատությունը, ով կարող է նաև իր ազատ կամքով հակառակ քայլել Կյանքի պատվիրաններին, բայց քանի որ Աստված անսահման սեր է, Նա կամենում է, որ մարդիկ իրենց ազատ կամքով ընտրեն բարին ու Կյանքը և հաղորդակից լինեն Իրեն` Կյանքին:

Մեղք գործելով՝ մենք հակառակվում են Աստծուն և հեռանում Նրանից, բայց չենք ընկալում, որ մեղքն ուղղված է առաջին հերթին հենց այն մարդու դեմ, ով դա գործում է, որովհետև մեղք գործելով՝ ինքդ քեզ ես վնասում և քո շրջապատին, որի կենսականության փլուզումը, սահմանափակում է մարդու կյանքը:

Սբ. Պողոս առաքյալն ասում է. «Ամեն ինչ ինձ արտոնված է, բայց ոչ ամեն բան` օգտակար» (Ա Կորնթ. 6.12): Այս ամենը երբեմն կարող է վերացական թվալ, բայց իրականությունն այն է, որ ցանկանալով ճաշակել բարու և չարի իմացության ծառի պտուղը` բանական արարածը թույլ տվեց, որ մեղքը մտնի իր բնության մեջ: Այն առաջին հերթին ջլատեց մարդու կամքը, որի հետևանքով նրա ներսում հոգեղենի և հողեղենի միջև առաջացավ խախտում, այսինքն` համահունչ գործող ներքին կարգավորությունը տարանջատվեց: 12-րդ դարում ապրած երանելի Գրիգոր վարդապետը իր «Խոսք ճշմարիտ հավատքի և առաքինասեր վարքի մասին» գրքում գրում է, թե մարդու հոգին եռամասնյա է` բանական, ցասմնական, ցանկական:

Բանականը (միտք) գտնվում է գլխում և իշխում ցասմնականի (զգացմունք, հույզեր) վրա, որը գտնվում է սրտում, իսկ սա էլ իշխում է ցանկականի վրա (ցանկություններ), որը երիկամներում է տեղակայված: Երբ առաջանում է խզում և խախտում հոգու այս երեք հատկությունների միջև, ամեն ինչ խառնվում է իրար: Ցանկականը սկսում է իշխել ցասմնականի վրա, սա էլ բանականի վրա ու առաջանում են տարատեսակ մեղքեր, ու մարդը սկսում է ենթարկվել իր բնազդներին և մեղավոր ցանկություններին: Մարդու կամքը սկսում է ենթարկվել մեղքին: Չարահնար փոփոխություն է կրում ոչ թե կամքի էությունը, այլ նրա ուղղվածությունը: Մտքի և ցանկությունների միջև ընդհատվում է կապը, երբեմն մարդը մի բան է խորհում, ցանկություններից դրդված այլ բան է գործում… (հմմտ․ Հռոմ. 7.23):

Հաճախ մեղքի հետևանքներն անմիջականորեն չեն երևում, ինչպես Ադամի և Եվայի պարագայում, երբ պտուղը կերան, անմիջապես չմահացան: Բայց մեղքի վերջնական արդյունքը մահն է: Այն քայքայում է մարդու հոգու բնական զորությունը, աղավաղում, ավերում հոգեղեն պատկերը: Արդյունքում հոգուց բխող զորությունը, որը կենսական էներգիա է հաղորդում մարդու ֆիզիկական մարմնին, խաթարման պատճառով դառնում է շատ թույլ, և մարդու օրգանները սկսում են տկարանալ, հիվանդանալ, մասնավորապես տարբեր մեղքերի հետ կապված հիվանդանում են տարբեր օրգաններ: Մեղքեր կան, որոնք անմիջականորեն են հետևանքներ թողնում, մեղքեր էլ կան, որոնց բացասական հետևանքները բազմաթիվ տարիներ անց են ներգործում:

Եվ եթե տվյալ անձանց վրա չեն արտահայտվում, ապա ժառանգաբար այդ հետևանքները հիվանդությունների կամ այլ կերպ կարող են ի հայտ գալ իրենց երեխաների վրա, մինչև երրորդ, չորրորդ սերունդ (Ելք 20.1-5, 34.7, Թվեր 14.18, Երկրորդ Օրենք 5.9): Մեկ այլ հանգամանք էլ գոյություն ունի, մեղքերը բացի նրանից, որ խաթարում, ավերում են հոգեղեն զորության համակարգի կենսականությունն ու դրա փոխանցումը մարդու ֆիզիկական մարմնին, նաև ունակ են բացասական զորությամբ լցնելու մարդու հոգեղեն էությունը, որն ունենում է առավել բացասական հետևանքներ: Չապաշխարող մարդու հոգու վրա դրոշմվելով՝ կործանում են տվյալ մարդու էությունը հավիտենական հանդերձյալ աշխարհում:

Մեր Տեր Հիսուս Քրիստոս զգուշացնում է, որ մարդիկ չմատնվեն անհոգության և մտածեն, թե առանց Աստծո պարզապես ապրելով և հատկապես Նրա պատվիրաններին հակառակ գնալով՝ այս երկրի վրա կարող են երջանիկ լինել: Նա հիշատակում է այն գալիլիացիների ու բնակիչների մասին, որոնք ենթարկվեցին պատահարների ու կտրվեց նրանց երկրային կյանքը, քանի որ ապրելով առօրյա նյութական խնդիրներով, կենտրոնանալով իրենց եսասիրության վրա` մոռացել էին Աստծուն և իրենց մեղքերի համար չէին ապաշխարում, այսինքն` հոգևոր կյանքի փոփոխություն ունենում, իրապես չէին դառնում դեպի Արարիչը և Նրա հավիտենական սերը, (Ղուկաս 13.1-5): Արդ, Հիսուս կոչ է անում, որպեսզի քայլենք Իր լույսի մեջ` ասելով. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհ. 14.6):

Հովհաննես Մանուկյան

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս