
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպանին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 20-ին ընդունել է Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարաժին:
Ինչպես տեղեկանում ենք ԱԺ-ի հասարակության հետ կապերի տեղեկատվության վարչությունից, ողջունելով դեսպանին Հայաստանի խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է երկու երկրների հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը:
Մարգ Մարդիսալու-Կահարաժը եւս կարեւորել է համագործակցության խորացումը` գնահատելով բարեկամական խմբերի` համատեղ աշխատելու պատրաստակամությունը:Դեսպանը վերահաստատել է Էստոնիայի հանձնառությունը` աջակցել Հայաստանին ընթացող բարեփոխումների եւ ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում:
Նրա խնդրանքով ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգային հարցերը:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում անվտանգության, խաղաղություն հաստատելու նպատակով իրականացվող քայլերին: