Իրանի և Ադրբեջանի ՊՆ-ների միջև համագործակցության մասին արձանագրություն է ստորագրվել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատվիրակությունն այցելել է Թեհրան՝ մասնակցելու Ադրբեջանի ռազմական գերատեսչության և Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի նիստին։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալության ադրբեջանական ծառայությունը։
Այցի ընթացքում ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Ռազմատեխնիկական աջակցության գլխավոր տնօրինության ղեկավարի պաշտոնակատար, գեներալ-մայոր Ֆարիդ Ալիևը հանդիպել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Մոհամմադրզա Աշտիանիի հետ։
Հանդիպմանը մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել երկու երկրների միջև ռազմական համագործակցության ներկա վիճակի և զարգացման հեռանկարների շուրջ, քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Համատեղ հանձնաժողովի նիստում քննարկվել է Ադրբեջանի և Իրանի ռազմական գերատեսչությունների միջև ռազմական ոլորտում համագործակցության զարգացման, ինչպես նաև գործունեության նոր ուղղությունների ու ոլորտների բացահայտումը։
Եզրափակելով՝ ստորագրվել է արձանագրություն, որը պարունակում է հոդվածներ համագործակցության այն ոլորտների վերաբերյալ, որոնց շուրջ ձեռք է բերվել պայմանավորվածություն։