Թբիլիսիում Ճավճավաձեի պողոտայից քաղաքացիներին հեռացնելուց հետո բողոքի ակցիան ավարտվել է

Թբիլիսիի կենտրոնում ընդդիմության հանրահավաքն ավարտվել է, երբ իրավապահները ցուցարարներին հեռացրել են Ճավճավաձեի պողոտայից, որտեղ նրանք անցկացրել էին ամբողջ գիշերը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այն բանից հետո, երբ իրավիճակը կայունացել է և ոստիկանությունը երկու շարքով շղթա է կազմել Մելիքիշվիլիի պողոտայում, ընդդիմության առաջնորդներից Զուրաբ Ջափարիձեն ցուցարարներին հայտարարել է, որ իմաստ չունի այդ տեսքով բողոքը շարունակելը։ Նա հավաքվածներին կոչ է արել գնալ տուն և պատրաստվել հետագա բողոքների։ Տեղից հեռանում են նաև իրավապահները։

Ընդդիմությունը Թբիլիսիում երրորդ գիշերն անընդմեջ անցկացրել է Ճավճավաձեի պողոտայում՝ պետական ​​համալսարանի շենքի դիմաց։ Նոյեմբերի 19-ի առավոտյան ևս ոստիկանությունը հետ էր մղել քաղաքացիներին՝ ճանապարհի երթևեկելի մասից հեռացնելով վրաններն ու բարիկադները, 16 մարդ բերման էր ենթարկվել։

Նոյեմբերի 20-ին ցուցարարների ցրումը տեղի է ունեցել առանց ձերբակալությունների, ցուցարարները դիմադրություն ցույց չեն տվել իրավապահներին: Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 26-ին։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալների համաձայն՝ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հավաքել է ձայների 53,93 տոկոսը և օրենսդիր  մարմնում ստացել 150 մանդատից 89: 5 տոկոսի արգելքը հաղթահարել են «Կոալիցիա հանուն փոփոխությունների», «Միասնություն-Ազգային շարժում», «Ուժեղ Վրաստան», «Գախարիան հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցությունները: Խորհրդարան անցած բոլոր ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվել են ճանաչել ընտրությունների արդյունքները՝ դրանք համարելով կեղծված։ Ընդդիմության առաջնորդները նոյեմբերի 4-ից անցկացնում են բողոքի ակցիաներ:

Տեսանյութեր

Լրահոս