Ռուբեն Ռուբինյանը կաշվից դուրս է գալիս՝ արդարացնելու համար ՔՊ-ականների թիկնապահների քանակը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն այսօր ԱԺ-ում փորձեց իբրև թե հասկանալ, թե ինչու են ՀՅԴ պատգամավորները բողոքում պետական պաշտոնյաների թիկնապահներից։ Նա մտաբերեց ՀՀ նորագույն պատմության ներխուժումներն ԱԺ, դրանք կապելով ՀՅԴ-ի հետ։
«Դաշնակցական գործընկերները բողոքում են, որ պետական պաշտոնյաներն ունեն թիկնապահներ, որովհետև ցանկանում են հաջորդ մահափորձն ավելի հեշտ իրականացնեն։ Միակ տրամաբանական բացատրությունս դա է։
Միևնույն ժամանակ դաշնակցական գործընկերները պարադոքսալ կերպով չեն բողոքում, որ Ռոբերտ Քոչարյանը թիկնապահ ունի։ Ինչի՞, սիրելի գործընկերներ, չեք գնում Ձեր քաղաքական ուժի ղեկավարին ասում՝ պարոն Քոչարյան, փորձը ցույց է տալիս, որ երբ Դուք թիկնապահ ունեք, մեկ-մեկ դաշնակցականներ են սպանվում, եկեք ամեն դեպքում Դուք մի ունեցեք թիկնապահ, մարդ ես, կարող ա տա մեկիս անդազահան անի։ Ինչո՞ւ չեք ասում։ Սա նրա համար եմ ասում, որ դեմագոգիայում էլ Դուք տաղանդ չունեք, կարելի է դեմագոգիան լավ անել, Ձեր մոտ չի ստացվում»,- այսպես արտահայտվեց Ռուբեն Ռուբինյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորների հասցեին։
Արձագանքելով խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթին՝ Ռուբինյանն ասաց, որ Դաշնակցությունը վիճում է «Իրական Հայաստանի» գաղափարի հետ։
«Դրա մասին վկայում է վերջերս հրապարակված 004 շրջաբերականի տեքստը, որում ասվում էր, որ սահմանազատումը չի բխում հայ ժողովրդի շահերից»,- նկատեց Ռուբինյանը՝ շարունակելով, թե դա նշանակում է, որ Դուք ասում եք, թե հայ ժողովուրդը չպետք է ունենա հստակ սահմաններ։
Մանրամասները՝ տեսանյութում։