Եթե չկա ժառանգական տրամադրվածություն և մասնագետի ուղղորդում, պետք չէ իրականացնել հետազոտություններ. արյունաբան
Արյունը մարդու օրգանիզմում թերևս ամենակարևոր ֆունկցիան կատարող բաղադրիչն է համարվում: Այն հեղուկ հյուսվածք է, որը խիստ կենսական նշանակություն ունի բոլոր օրգան համակարգերի գործունեության համար, հետևաբար արյան բաղադրության ցանկացած փոփոխություն անդրադառնում է ամբողջ օրգանիզմի կենսունակության վրա։
Արյան համակարգի հիվանդությունները կարող են հանդիպել ցանկացած տարիքի և սեռի անձանց շրջանում։ Ե՞րբ դիմել արյունաբանին. այս հարցի պատասխանը ստանալու նպատակով «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում զրուցել ենք ՀՀ ԱՆ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Հեմոֆիլիայի և թրոմբոզի կենտրոնի ղեկավար, գլխավոր արյունաբան Հեղինե Խաչատրյանի հետ, անդրադարձել ենք արյան մի շարք հիվանդությունների:
Մասնագետը նշեց, որ պետք է արյունաբանին դիմել, երբ կան կապտուկներ, արյունահոսության գանգատներ, լորձաթաղանթներից տևական չդադարող արյունահոսություն, չկարգավորվող գլխապտույտ, երբ դրա այլ պատճառները բացառված են լինում, ինչպես նաև երկաթի, վիտամին B 12-ի և այլ միկրոէլեմենտների դեֆիցիտ կա:
«Պետք է դիմել արյունաբանին ըստ անհրաժեշտության, և այն դեպքում, եթե բացառվում են բոլոր էնդոկրինոլոգիական, նյարդաբանական և այլ պատճառները, սովորաբար արյունաբանի են դիմում մեկ այլ մասնագետի ուղղորդմամբ»,-ասաց Հեղինե Խաչատրյանը:
Արյունաբանը հորդորեց մասնագետներին մի շարք անիմաստ հետազոտությունների և խորը թեստավորումների չուղղորդել քաղաքացիներին, ինչպես նաև մարդկանց խորհուրդ տվեց զուտ պրոֆիլակտիկ հետազոտություններ չիրականացնել, եթե չկա ժառանգական տրամադրվածություն և նեղ մասնագետի ուղղորդում: Նա խորհուրդ տվեց ձևավորել առողջ ապրելակերպ, սնվել առողջ, ակտիվ կյանք վարել և դիմել արյունաբանին միայն ըստ անհրաժեշտության:



