«Եթե Անդրանիկ Քոչարյանը հաղթի, նրա հաջորդ զոհը լինելու է հենց Նիկոլ Փաշինյանը». Տիգրան Քոչարյան
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի կարծիքով՝ ՔՊ-ն մտել է կլասիկ պրոցեսի մեջ, երբ իշխանությունից ոտքերը գետնից կտրվում են, և պայքարը ոչ թե ընդդիմության հետ է, այլ՝ ներիշխանական:
«Այստեղ առաջ են գալիս հին գործիչներ՝ լևոնտերպետրոսյանականներ, և նոր ՔՊ-ականներ՝ նոր բոլշևիկներ, որոնք իրար մեջ գաղափարական շփման որևէ եզր չունեն, օրինակ՝ ինչի՞ մասին կարող է Անդրանիկ Քոչարյանը ինչ-որ մի սորոսականի հետ շփվել, ո՞ր թեմայի շուրջ: Պարզ է, որ սկսում են իրար վրա քաշել վերմակը: Անդրանիկ Քոչարյանը մտել է իր սիրած ինտրիգների փուլ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ նրա առաջին «զոհը» Դավիթ Տոնոյանն էր:
«Հանեց նաև Գրիգոր Մինասյանին, բայց սա իր վերջին հաղթանակն էր, որովհետև ոնց որ թե կուլ է տվել, բայց չի մարսում, չի կարողանում այդ պաշտոնում իր թեկնածուներից որևէ մեկին բրթել՝ սկսելով բավականին զավեշտալի Արփի Դավոյանից, վերջացնելով փոխոստիկանապետով: Սա իրոք, ՔՊ-ական որոշ հատվածի մոտ հարցեր է առաջացրել»,- ընդգծեց նա:
Տիգրան Քոչարյանի դիտարկմամբ՝ լուծումը պետք է Նիկոլ Փաշինյանը տա, բայց այն չի լինելու Անդրանիկ Քոչարյանի օգտին. «Իհարկե, կարող է ասել՝ բոլորդ լռեք, դրա ժամանակը չէ, բայց այդ խզումը Անդրանիկ Քոչարյանի և ՔՊ-ի միջև, իհարկե, ավելի է լայնանալու: Կա ուժայինների բլոկ, հին լևոնականների, սորոսականների բլոկ, նախորդ իշխանութուններից փախածների բլոկ, որոնք ուղղակի ենթարկվում են Փաշինյանին կամ նրան բերած ուժերին, այդ թվում՝ արևմտյան դեսպանատներին: Բայց մի օր դա պայթելու է: Հաշվի առնելով, որ Անդրանիկ Քոչարյանն այդքան էլ մեծ ռեյտինգ չունի նույն ազգաբնակչության մեջ, իսկ օրինակ՝ Գյումրիում մինչև հիմա իրեն ատում են՝ իր արածների համար, շատ հավանական է, որ կլինի այն խաղի զոհերից, որը Փաշինյանը ժամանակավորապես կտա, որպեսզի հանդարտեցնի: Եթե Անդրանիկ Քոչարյանը հաղթեց ներիշխանական ինտրիգներում, հաջորդ զոհը լինելու է հենց Նիկոլ Փաշինյանը:
Անդրանիկ Քոչարյանն այն մարդն է, որ իր ասելով՝ ընկերոջ դիակը դեռ չսառած՝ արդեն իշխանության էր ձգտում: Իշխանափոխությունից հետո Հոկտեմբերի 27-ի գործով ինքը դառնալու է սկզբում՝ հիմնական վկաներից, հետո՝ մեղադրյալներից մեկը: Այս մարդը, որը փաստացի սրբություն չունի, և եթե, իհարկե, ընկերն էր, ընկերոջ դիակի վրա արդեն ինտրիգներ է սկսում անել, դա նշանակում է, որ այդ մարդու մոտ որոշակի գաղափարական կամ բարոյական պրինցիպներ չկան: Ինքը պատրաստ է քայլել դիակների, ընկերների վրայով, և այդ մարդը եթե ստանում է ուժայինների պորտֆելի մեծ մասը, ապա ուզելու է դառնալ Պուշկինի ծովերի թագուհին»:
Ըստ նրա՝ եթե ուժայինները Նիկոլ Փաշինյանին չենթարկվեն, ապա նա կա՛մ կհեռանա իշխանությունից, կա՛մ կդառնա Անդրանիկ Քոչարյանի խամաճիկը. «Պատկերացրեք՝ ժողովուրդը հավաքվում է հրապարակում կամ Բաղրամյան պողոտայում, և ոստիկանությունը լինում է թավշյա, ոչ թե՝ հիմիկվա նման գազազած, Նիկոլ Փաշինյանի ժամերը սպառված կլինեն»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում