«Սա «խփված» խաղաքարտ է. Վրաստանի նախագահը լավ գիտի՝ հայերի ու վրացիների միջև տարածքային խնդիրներ չկան». Հայկազուն Ալվրցյան
«Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն»-ի տնօրեն, հայագետ Հայկազուն Ալվրցյանը հասցրել է ծանոթանալ Լոռիի և Տաշիրի մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ֆեյսբուքյան անձնական էջում հրապարակված վրացական տուրօպերատորներից մեկի գրառմանն ու այդ գրառման հետ կապված բոլոր մեկնաբանություններին ու կարծիքներին։
Ըստ Հայկազուն Ալվրցյանի՝ Վրաստանի նախագահի գրառումը շատ պարզունակ բացատրություն ունի՝ նա պարտված նախագահ է, և նրա հետ Վրաստանում պարտվեց նաև Արևմուտքի քաղաքականությունը։
«Վրաստանում կան ուժեր, որոնք Հայաստանի հետ հարաբերություններում միշտ էլ առաջ են քաշել նման խոսակցություններ՝ հայ-վրացական պատերազմ, Լոռին, չեզոք գոտին և այլն։ Եվ հիմա Վրաստանի նախագահը, որը տեսում է՝ իր զանգվածով ի վիճակի չէ հեղաշրջում կատարել, փորձում է իր շուրջը համախմբել վրաց հասարակության մեջ եղած այն ուժերին, որոնք կիսում են իր կարծիքը։ Այս հայտարարությունն ընդամենն ուղղված էր հասարակության այդ հատվածի համակրանքը շահելուն։
Վրաստանի նախագահը շատ լավ գիտի, որ հայերի ու վրացիների միջև տարածքային խնդիրներ չկան, դա վաղուց անցյալում է։ Լուրջ պատմաբանները գիտեն, որ այս ամենն անլուրջ է, Լոռին հայկական է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հայկազուն Ալվրցյանը։
Սակայն նա վստահ է՝ Վրատսանի նախագահին չի հաջողվի նման հայտարարություններով հասնել իր նպատակին։
«Ինչպես ասում են՝ սա «խփված» խաղաքարտ է։ Վրաստանն իր պետականության ամրապնդման, շահերի պաշտպանության համար է ոտքի կանգնել։ Վրաց ժողովուրդը հրաժարվել է Արմուտքի ամբողջ աջակցությունից, «վարդագույն» հեռանկարներից, նման անհեթեթություններին լուրջ չի վերաբերվում, նրանք չեն վաճառվի փոշիների տակ թաղված դարերի ստին։ Ինչպես ասում են՝ Վրաստանի նախագահը ձեռքը գցել է փրփուրներին»,- հավելեց մեր զրուցակիցը։
Ըստ Հայկազուն Ալվրցյանի, ՀՀ իշխանությունները շատ հայտարարությունների պետք է հակադարձեն, այդ թվում՝ Վրաստանի նախագահի հայտարարությանը, բայց քանի որ վերջինս իր ոչ պաշտոնական էջով է նման գրառում արել, կարող են նաև ոչ պաշտոնական մակարդակով հակադարձել։
«Սալոմե Զուրաբիշվիլին մի քանի օրվա նախագահ է, ուստի չպետք է շատ լուրջ վերաբերվել նրա պրովոկացիաներին՝ երկու հարևան ժողովուրդների միջև ջուր պղտորելուն ուղղված»,- եզրափակեց նա։
Հիշեցնենք, որՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ֆեյսբուքյան անձնական էջում հրապարակվել էր վրացական տուրօպերատորներից մեկի գրառումը՝ Լոռի և Տաշիր այցելելու մասին, ըստ որի՝ Լոռու մարզում գտնվող ՀՀ մշակութային հուշարձանները «պատմական Վրաստան» է համարում։
Գրառման մեջ ասվում է, որ դա «տխուր, բայց պարտադիր շրջագայություն է»: Հայաստանի Ախթալայի, Քոբայրի, Սանահինի, Հաղպատի, Օձունի մշակութային հուշարձանները ներկայացվել են որպես «պատմական Վրաստան», որոնք իբրև թե մնացել են Լոռիում։
Նշենք նաև, որ այսօր վրացական տուրօպերատորը, որը հայկական Լոռին, Տաշիրը և այնտեղ գտնվող մշակութային հուշարձանները ներկայացրել էր՝ որպես «պատմական Վրաստան», փոփոխել է դեպի Հայաստան շրջագայության նկարագրությունը՝ հեռացնելով «պատմական Վրաստան», «Մեծ Վրաստան» ձևակերպումները։ Սակայն Վրաստանի նախագահը չի հեռացրել իր գրառումը։