«Հայաստանը չպետք է մասնակցի COP29-ին, պետք է բոյկոտեին, որպեսզի Բաքվում չանցկացվեր». Բարդուխ Գաբրիելյան
Նոյեմբերի 11-22-ը Բաքվում կկայանա ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ՝ COP29 համաժողովը։
Որոշ լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հնդկաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների ղեկավարները չեն մասնակցի COP29-ին, այս երկրները համաժողովին կներկայանան ոչ երկրի ղեկավարների մակարդակով։ Իսրայելի վարչապետը նույնպես չի մասնակցի համաժողովին, կմասնակցի Իսրայելի նախագահը, ՌԴ նախագահի փոխարեն՝ Բաքու կմեկնի ՌԴ վարչապետը։
Հայկական կողմը դեռևս չի հաստատել մասնակցությունը համաժողովին՝ շաբաթվա սկզբին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում հայտարարեց, որ դեռևս որոշում չունեն։
ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի կարծիքով՝ հայկական կողմից որևէ մեկը չպետք է մասնակցի Բաքվում անցկացվելիք համաժողովին։
«Իհարկե, այս հարցը քաղաքական է, և քաղաքագետներն այդ տեսանկյունից պետք է կարծիք հայտնեն, բայց անձամբ իմ կարծիքով՝ Հայաստանը չպետք է մասնակցի COP29-ին։ Պետք է բոյկոտեին, որպեսզի համաժողովը Բաքվում չանցկացվեր։ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ Հայաստանում իրավիճակը վատ լինի, ու այդքանից հետո հայկական կողմը չպետք է գնա, որովհետև եթե մերոնք գնան, կստացվի, որ այդ ամենն ընդունում ենք»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Բարդուխ Գաբրիելյանը։
Ըստ նրա, Ադրբեջանը բնությունը ոչնչացնում է, հրդեհում անտառները, օգտագործում քիմիական նյութեր։
«Նախկինում իրենց մոտ նավթամշակման արդյունաբերությունն աղտոտում էր շրջակա միջավայրը՝ ծովը, օդը։ Խորհրդային տարիներին այցելել եմ Բաքու, քաղաք ոտք դնելիս՝ միանգամից նավթի հոտն էր գալիս։ Վերջերս շատ ճիշտ նկատողություն հնչեց, որ հասկանալի չէ՝ COP29-ն անցկացնել նավթամշակող երկրում, չէ՞ որ այդ համաժողովի նպատակն է՝ տարբեր ձևերով պայքարել բնապահպանական խնդիրների դեմ, ուստի որքանո՞վ է ճիշտ գնալ Բաքու»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Բարդուխ Գաբրիելյանի խոսքով՝ կան երկրներ, որոնք այդ կոնվենցիային չեն միացել, և այդ երկրներն ունեն մեծ արդյունաբերություն՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Ռուսաստանը, նույնիսկ Ճապոնիան։
«Այս երկրներն այդ կոնվենցիային չեն միացել, քանի որ համարում են, որ դա իրենց համար կլինի էկոնոմիկայի վերջը։
Իհարկե, այս COP29 համաժողովը վատը չէ, ու լավ կլիներ՝ Հայաստանը մասնակցեր, բայց ոչ Բաքվում։ Ասում եմ՝ կարևոր է, որովհետև այդ համաժողովի ժամանակ առաջ են քաշվում շատ լուրջ հարցեր, որոնք կարևոր են բոլոր երկրների համար, անկախ նրանից՝ անդա՞մ են, թե՞ ոչ։ Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ մերոնք չպետք է գնան Բաքու»,- եզրափակեց Բարդուխ Գաբրիելյանը։
Նշենք, որ COP29-ից առաջ հայաստանյան և միջազգային մի շարք կազմակերպություններ Ադրբեջանին կոչ են արել ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող գերիներին ու պատանդներին, որոնց մեջ են Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարները, որոնք ապօրինաբար ձերբակալվել են նախորդ տարվա սեպտեմբերին ու տեղափոխվել Բաքու։
Ի դեպ, ավելի վաղ Հայաստանը հանել էր իր թեկնածությունը՝ հօգուտ Ադրբեջանի, որպեսզի համաժողովն անցկացվի այնտեղ։