Բանջարեղենային «ձկնիկներ»
Բաղադրիչները՝
- 500 գ կանաչ լոբի
- 130 գ ալյուր
- 2 ձու
- 60 մլ ջուր
- 500 մլ ձիթապտղի ձեթ
- աղ
Սոուսի համար
- 5-6 շատ հասած, խոշոր լոլիկ
- 1 մեծ սպիտակ գլուխ սոխ
- 4-6 պճեղ սխտոր
- մի փունջ մաղադանոսի ցողուններ
- ձիթապտղի ձեթ
- շաքարավազ, աղ, աղացած սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Սոուս պատրաստելու համար լոլիկների կեղևը մաքրեք, սերմերը հեռացրեք, միջուկը, սոխն ու սխտորը մանր կտրատեք:
Ձիթապտղի ձեթը կաթսայի մեջ տաքացրեք, ավելացրեք մի փոքր շաքարավազ, կտրտած սոխը, սխտորն ու լոլիկը: Մաղադանոսի ցողունները թելով կապեք, ավելացրեք ստացված զանգվածին: Ուժեղ կրակի վրա հաճախակի խառնելով՝ 10 րոպե եփեք: Հանեք կրակի վրայից, մաղադանոսի ցողունները հեռացրեք, սոուսը բլենդերում հարեք՝ մինչև միատարր զանգված ստանալը: Ըստ ճաշակի՝ համեմեք աղով, պղպեղով ու ձիթապտղի ձեթով:
Մեծ թասի մեջ խառնեք ալյուրն ու շատ սառը ջուրը, որպեսզի խիտ խմոր ստացվի: Ձվերը մի փոքր աղի հետ հարեք, ավելացրեք խմորին, լավ խառնեք:
Լոբու ծայրերը հեռացրեք, լվացեք լոբին ու լավ չորացրեք:
Խոր կաթսայի կամ թավայի մեջ մոտ 4 րոպե տաքացրեք ձեթը: Լոբիները մտցրեք խմորի մեջ, ապա տեղադրեք կաթսայի մեջ, տապակեք, մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Պատրաստի լոբիները տեղադրեք անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ յուղը ներծծվի: Մատուցեք տաք տոմատի սոուսի հետ:
Խորհուրդ: Լոբու հետ կարող եք նաև ցուկինի, բադրիջան ու գազար տապակել: Բադրիջանների վրա լավ է նախապես աղ անել ու 10-20 րոպե թողնել, ապա լվանալ ու չորացնել: