Ալեն Սիմոնյանը ստում է. ՄԱԿ-ի 4 բանաձևերն ուրիշ բան էին ասում. Ղարաբաղի տերը լինելու՝ Ադրբեջանի իրավունքը ոչ մեկը չէր ճանաչում. Կարեն Իգիթյան
«Եթե երկրի ղեկավարությունը վճռականություն չունի պաշտպանելու իր երկրի շահերը, ապա այդ շահերը երբեք չեն պաշտպանվելու։ Փաշինյանի համար ոչինչ չի նշանակում լավ բանակը, իսկ ինչի՞ են, օրինակ, բոլոր հարևան երկրները զարգացնում հենց իրենց բանակները։ Նույն Ադրբեջանը 2020 թվականի պատերազմից հետո ամեն անգամ ռազմական բյուջեն ավելացնում է, նոր զորամասեր ստեղծում է: Հենց բանակն է օգտագործել Ադրբեջանը, հենց բանակն է օգտագործելու Ադրբեջանը, ու եթե Հայաստանի կառավարությունը հրաժարվում է այդ գործիքից, ուրեմն նա վտանգավոր է պետության համար»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ, «Հայկական նախագծի» համահիմնադիր Կարեն Իգիթյանը:
Նրա խոսքով՝ բանակը գործիք է և իրականացնում է այն, ինչ որ իրեն առաջադրում է պետությունը, պետությունն է նպատակն ասում։
«Հիմա եթե պետությունն ասում է՝ դու կարևոր չես, դու մի կողմ գնա, մենք այդ հարցերը մի ձև կլուծենք, կխոսենք, բայց չկա բանակ, չունեն դիվանագիտություն, ինչի՞ հիման վրա են պաշտպանվելու։ Այ հենց դրա պատճառով է այս իշխանությունն այդքան վտանգավոր Հայաստանի համար»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե՝ «Մենք շատ նեղսրտում էինք, երբ որ երրորդ Ղարաբաղյան պատերազմը սկսվեց, թե ինչի՞ աշխարհը մեր ուզած ձևով չէր արձագանքում այդ պատերազմին, իսկ պատճառը նաև լեգիտիմության պակասն էր, մեր կողմի լեգիտիմության պակասն էր։ Ադրբեջանը Ղարաբաղում արեց մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն ՄԱԿ-ի երեք-չորս բանաձև», Կարեն Իգիթյանն ասաց՝ դա բացառիկ սուտ է:
«Իրականում չորս բանաձև կա Անվտանգության խորհրդի, բայց այդ բանաձևերը բոլորն առաջին հերթին պահանջում էին դադարեցնել ռազմական գործողությունները, որը չի կատարել Ադրբեջանը։ Եվ հենց այդ պատճառով ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն էլ չի ընդունել ոչ մի բանաձև և փոխանցել է Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Այսինքն՝ ավելի մասնագիտացված կառույց են ստեղծել, որը հենց այդ հարցով է զբաղվում, և դրանից հետո այդ բանաձևերն էլ ուժ չունեն: Ավելին ասեմ, իրենք հենց այդ պահին ուժ չունեին, որովհետև երկու կողմն էլ, սկսած Ադրբեջանից, չեն կատարել այդ կետերը։ Ադրբեջանը չի դադարեցրել ռազմական գործողությունները, հայկական զորքերը չեն լքել այն տարածքները, որի մասին որ խոսում են այդ բանաձևերում։ Սա շատ կարևոր է: Իսկ հետո բանակցային ճանապարհը լրիվ ուրիշ է եղել, եղել են լրիվ ուրիշ փաստաթղթեր»,- ասաց փորձագետը:
Կարեն Իգիթյանի խոսքով՝ երբ Փաշինյանն ասաց՝ մենք զրոյական կետից ենք սկսում, այդտեղ նա հնարավորություն տվեց Ադրբեջանին ասել՝ դե, եթե Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ բանակցածը դուք չեղարկում եք, ուրեմն մենք հետ ենք գալիս 90-ական թվականներ, Լիսաբոնի սամիթին, ուրեմն մենք հետ ենք գալիս ՄԱԿ-ի այդ բանաձևերին, և այլն:
«Ալիևն ասում էր, որ իրեն ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը, ու ինքը ստիպված էր պատերազմ սկսել այդ պատճառով։ Այսինքն՝ լեգիտիմ հիմք չուներ: Լեգիտիմությունն այն է, երբ որ բոլորը ճանաչում են քո իրավունքը կամ քո իշխանությունը, եթե իշխանության լեգիտիմության մասին է խոսքը։ Ադրբեջանի իրավունքը՝ լինել Ղարաբաղի տիրակալ, ոչ մեկը չէր ճանաչում. հենց այդ պատճառով էին իրեն փակ դռների հետևում ստիպում ճանաչել Արցախի անկախությունը։ Եվ այս երկու քաղաքական գործիչն իրար հակասում են։ Սա շատ հետաքրքիր է, որովհետև ստացվում է, որ կոնկրետ այդ կետում շատ ավելի պրոադրբեջանական բան է ասում Ալեն Սիմոնյանը, թե իբր Ադրբեջանը պատերազմ սկսելու լեգիտիմությունն ուներ։ Ալիևն էլ է ասում, որ չուներ։ Ասում է՝ ոչ մեկին չէին հետաքրքրում այդ բանաձևերը, մեզ ասում էին՝ պարտվել եք, ճանաչեք Ղարաբաղի անկախությունը»,- նշեց նա:
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների դեմ Ալիևը գործընթաց էր սկսում։
«Իրենք բողոքում էին: Երբ որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում էին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ադրբեջանական տարբեր գործիչներ, այդ թվում՝ հաջիևներ և այլք, ասում էին՝ մենք պետք է միջազգային հարթակներում, ատյաններում հայցեր ներկայացնենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դեմ, որովհետև նրանք պրոհայկական զեկույցներ են գրում։ Հիմա նրանք առաջ են քաշում ԵԱՀԿ Մինսկի խումբը փակելու մասին հարցն առհասարակ։ Դե, Ադրբեջանի տեսանկյունից շատ լավ կլինի, եթե փակվի։ Կարծում եմ՝ մեծ փաթեթի մեջ, այո, եթե մեծ փաթեթ լինի, որտեղ որ ինչ-որ փաստաթուղթ լինի, գուցե և Փաշինյանը կփակի: Բայց հայ-ադրբեջանական հակամարտությունը մնում է։ Ու եթե դա մնում է, ապա Մինսկի խումբը պետք է»,- եզրափակեց Կարեն Իգիթյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: