«Կռիվն այդտեղ է. չգիտեմ՝ Նիկոլը ո՜նց է դրա տակից դուրս գալու». Էդուարդ Շարմազանով

ԲՐԻԿՍ-ի շրջանակում Փաշինյան-Ալիև կազանյան երկկողմ հանդիպումից հետո նախ՝ Հայաստանի, ապա՝ Ադրբեջանի նախագահները հրամանագրերով վավերացրին հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը։ Հայաստանում կանոնակարգը նախ Սահմանադրական դատարան էր ուղարկվել, վավերացվել խորհրդարանի կողմից, իսկ Ադրբեջանում այն հաստատվեց նախագահի հրամանագրով։ Արդյո՞ք այս գործընթացից կարող ենք որևէ հայանպաստ ելք ակնկալել, ինչպես փորձում են հանրությանը ներկայացնել Հայաստանի իշխանությունները:

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն այն կարծիքին է, որ Հայաստանի վերջին 6.5 տարվա աղետալի ողբերգական իրողությունը պետք է հուշի յուրաքանչյուր բանական մարդու, որ Նիկոլ Փաշինյանի կառավարումից, հատկապես՝ անվտանգային և արտաքին քաղաքական գործընթացում, որևէ հայանպաստ բան պետք չէ սպասել:

«Նայած՝ ով ինչ է հասկանում՝ հայանպաստ ասելով. եթե Հայաստանի կեսը հանձնեն, միայն Երևանն իր շրջակայքով թողնեն, ասեն՝ խաղաղություն են բերել, Նիկոլի համար միգուցե դա հայանպաստ է։ Տավուշի գյուղերը հանձնելը, Հայաստանի 240 քառակուսի կիլոմետր գրավելը թուրքի կողմից, ըստ իրենց՝ հայանպաստ է, հա՞: Հիմա Նիկոլ Փաշինյանին որ հարցնես, կարող է ասի, որ Հայկ Նահապետից սկսած՝ միակ հայանպաստ ղեկավարն է, ի՞նչ իմանամ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա՝ ընդգծելով՝ իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող սպասարկել Հայաստանի Հանրապետության և, առհասարակ, հայության շահը։

«Ինչ վերաբերում է Ալիևին, Ալիևը վավերացրեց, բա ի՞նչ պիտի անի. ես միշտ էլ ասել եմ, որ հայկական օրակարգ չկա, ո՞ւր է այդտեղ հայկական օրակարգ: Մի բառ կա՝ խաղաղություն. Ստրուկն էլ է խաղաղ ապրում: Այն ստրուկը, որը խելոք իր ստրկությունն է անում, լափը շպրտում են դիմացը՝ հնազանդ ուտում է, նրան չեն ծեծում: Այն ստրուկը, որն ընդվզում է, ազատության համար պայքարում է, օրինակ՝ Սպարտակը, նրա դեմ պայքարում են: Քանի Նիկոլ Փաշինյանն Ալիևի բոլոր ասածներն անում է, իմաստը ո՞րն է՝ Ալիևը պատերազմի:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է սահմանազատման գործընթացին, սահմանազատման վերաբերյալ մեր կուսակցությունը երկու հայտարարություն է արել՝ սեպտեմբերի 12-ին և հոկտեմբերի 22-ին, երկու հայտարարության մեջ էլ խոսել ենք, որ դա որևէ կապ չունի սահմանազատման հետ, որովհետև սահմանազատման կանոնակարգի 5-րդ կետում հատվածային սահմանազատում է գրված. հատվածային սահմանազատումը ո՞րն է։ Այսինքն՝ այն, ինչ որ թուրքին տալու է, տվել ենք, մնացածը չենք սահմանազատո՞ւմ: Բա, եթե սահմանազատումը սկսել են, պետք է Ադրբեջանը դուրս գա Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Բա 29.743 քառակուսի կիլոմետրը Նիկոլի գերագույն սրբությունն է, հիմա այդ տարածքում թուրքեր կան, իր ԱԺ նախագահն էլ ասում է՝ մանր կամ փոքր հարց է»,- նշեց նա:

Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց 1988 թվականի հունվարի 12-ի արձանագրությունը՝ Սովետական Հայաստանի և Սովետական Ադրբեջանի կառավարությունների միջև, ըստ որի՝ 12600 հեկտար Հայաստանի հողը հետ բերել Ադրբեջանից. «Դա միակ լեգիտիմ փաստաթուղթն է, որովհետև ըստ 1977 թվականի Սահմանադրության՝ Հայաստանի ԽՍՀ-ն և Ադրբեջանական ԽՍՀ-ն են այդ հարցերը լուծում, իրենք լուծել են։ Ի՞նչ Ալմաթայի հռչակագիր, կամ որ խոսում է Ալմա Աթայի հռչակագրից, Ալմաթայի հռչակագիրը 1991-ին է եղել, առհասարակ սահմանների մասին խոսք չկա, առավել ևս՝ Ադրբեջանն էլ Ալմա Աթայի հռչակագրին 1991-ին չի միացել, միայն 93-ին է միացել։ Այդ ժամանակ Արցախն անկախություն հռչակած է եղել»:

Նա նկատեց՝ ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու, քանի Նիկոլ Փաշինյանն Ալիևի բոլոր պահանջները չի կատարել. «Կարող է լինի ինչ-որ մի հայտարարություն կամ հռչակագիր, որի վերնագիրը խաղաղություն բառը լինի: Հասարակության զգալի մասը միայն վերնագիրն է կարդում, շատ քիչ տոկոսն է  կարդում բովանդակությունը, Փաշինյանը վերնագրում գրելու է՝ խաղաղություն, ասի՝ տեսաք, ես խաղաղություն բերեցի։ Բոլշևիկները եկեղեցիները քանդում էին, դա ներկայացնում էին՝ որպես բարի գործ։ Ամեն ինչ պրոպագանդայի գործ չէ՞: Հիտլերն ու Գեբելսն ինչքան նորմալ գիրք կար՝ ոչնչացնում էին, ասում էին՝ չարիք, ինչ է թե՝ այդ գրքերի մեջ գուցե «հրեա» բառը կար: Ժամի մեջ կարող է հաջողեն, բայց ժամանակի մեջ հաստատ չեն հաջողելու»:

Անդրադառնալով հավաքական Արևմուտքի ակտիվացմանը, հնչող հայանպաստ հայտարարություններին՝ նա նշեց, որ նրանք չեն էլ թաքցնում իրենց նպատակը՝ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի. «Փաշինյանը Հենրիխ Նավարացի է խաղում. Հենրիխ Նավարացին հուգենոտների առաջնորդի տղան էր, հենց ամուսնանում էր Մարգոյի հետ, դառնում է կաթոլիկ, հետո հենց կռիվ էր սկսվում, տեսնում էր՝ հուգենոտների վիճակը լավ է՝ դառնում էր հուգենոտ: Հիմա Նիկոլն էլ է այդպիսին: Ի տարբերություն մեր օրերի հենրիխնավարացիների, որոնք օրը 20 անգամ կարծիք են փոխում, հավաքական Արևմուտքը շատ բաց և ազնիվ է, իրենք իրենց նպատակները չեն էլ թաքցրել երբեք, որ, այո, իրենք Հարավային Կովկասը, մանավանդ՝ ուկրաինական ճակատամարտի ֆոնին, դիտարկում են՝ որպես Ռուսաստանի դեմ պոտենցիալ դիվանագիտական կամ պատերազմական երկրորդ ֆրոնտ։

Թիվ մեկ թիրախը եղել է Վրաստանը, որտեղ գոնե մինչև այս ընտրական պրոցեսները չի ստացվել, Վրաստանի իշխանություններն իրենք էլ են ասել, որ իրենք չեն մտնի այդ հակառուսական խաղի մեջ, որովհետև վտանգավոր է, Նիկոլը մտել է: Այն օրը պրոիշխանական ընդդիմադիրներից մեկը, որը ժամանակին մեզ մեղադրում էր Ռուսաստանի ֆորպոստ լինելու մեջ, հարցազրույցում ասում էր, որ Հայաստանը պետք է լինի Արևմուտքի հենակետ: Ռուսաստանի հենակետը որ լինում է, ասում եք՝ ֆորպոստ է, որ Արևմուտքի հենակետն է, դա արդեն անկախության ցուցի՞չ է: Այո, Արևմուտքը Հայաստանը դիտարկում է՝ որպես հակառուսականության գլխավոր բաստիոններից մեկը: Արմեն Աշոտյանը խորը հոդված է գրել Եվրախորհրդարանի բանաձևի վերաբերյալ, որին հավելելու բան չունեմ, ամեն բառի հետ համամիտ եմ»:

Նա նկատեց՝ բացի Հայաստանի ներքին ընդդիմությունից՝ չի եղել մեկ այլ ուժ, որն ասի, որ այս իրավիճակում և այս պայմաններում սահմանագծում և սահմանազատում իրականացնելը վատ է, որ այս պայմաններով խաղաղության պայմանագիրը ճորտացում է:

«Հիմա արտաքին ուժերի կողմից պարզապես հարթակի կռիվ է գնում, թե միջնորդ ով պետք է լինի: Սա է: Ալիևն Արևմուտքից ստացավ այն, ինչ իրեն պետք էր, Արևմտյան հարթակում՝ Միշելի և Մակրոնի ներկայությամբ, ստացավ Արցախը, հետո շրջադարձ կատարեց»,- նկատեց նա՝ ընդգծելով, որ Նիկոլ Փաշինյանը գլոբալ իմաստով ընկել է Էրդողանի և Թուրքիայի գիրկը:

«Իմ տպավորությամբ, Փաշինյանի մտքում կա հետևյալ անգրագիտությունը, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Արևմուտքը, իրենք ռեգիոնալ գործոններ չեն։ Արևմուտքի մասով միգուցե ճիշտ է ասում, որովհետև Արևմուտքը, իհարկե, ռեգիոնալ տերություն չէ, բայց Արևմուտքն ունի այստեղ ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիա, որտեղ ունի բազաներ, հետևաբար՝ ազդելու շատ լծակներ ունի: Իսկ Ռուսաստանը քո երկրում բազա ունի, Հարավային Օսիայում ունի, քեզ գազ է տալիս, և այլն: Մի խոսքով՝ Ռուսաստանին շուտ է ճանապարհել Հարավային Կովկասից։ Իմ տպավորությամբ՝ Նիկոլ Փաշինյանը մտածում է՝ ռուսներն այստեղ չեն լինելու, Արևմուտքը մի օր կլինի, մի օր չի լինի, ավելի լավ է՝ թռնեմ Էրդողանի գիրկը, և Էրդողանին ինչ պետք է՝ անում է:

Էրդողանին պետք է, որ Ցեղասպանությունից հրաժարվի՝ հրաժարվում է, Սփյուռքի ազդեցությանը չտրվի՝ Սփյուռքի ազդեցությանը չի տրվում, նախկին իշխանությունների խոսույթը չիրականացնի՝ չի իրականացնում, այն ժամանակ Թուրքիան ասում էր՝ գոնե Քարվաճառից զորքերը հանեք, Նիկոլն ամբողջ Արցախից է հանել, և Էրդողանին ասում է՝ էլ ի՞նչ անեմ, որ միայն թե չթողնես՝ Ալիևը հարձակվի: Փաշինյանի մտածելակերպով՝ ժողովուրդը պատերազմից հետո վախվորած է և «խաղաղություն» բառի կարիքն ունի, կապ չունի՝ դա ինչ գնով կլինի»,- ասաց նա:

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Փաշինյանը հակառուս է.

«Փաշինյանը կարող է Վլադիմիր Պուտինին օրը 100 անգամ ասել՝ Լադիմիր Լադիմիրովիչ, բայց ներքին նյարդերով ատում է, կոմֆորտ չէ նրան այդտեղ, նա իր էությամբ հակառուսական է: Մեր բոլոր խնդիրները գալիս են նրանից, որ Փաշինյանը ոչ թե պրոհայ է, այլ հակառուս է: Մնացել է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի իրականացումը. Այ, այդտեղ արդեն չգիտեմ, թե Նիկոլը ոնց է դրա տակից դուրս գալու: ՄԱԿ-ում կանգնեց հայտարարեց, որ դա Միջին միջանցքի մաս է, ինչը բացառում է Ռուսաստանի և Իրանի ներկայությունը, հետո ասում է, թե նոյեմբերի 9-ի հայտարարությունից դուրս չեն գալիս: Ռուսաստանից էլ ասում են, որ կոմունիկացիաները կարող են բացվել միայն ռուսական միջնորդությամբ: Կռիվն այդտեղ է»:

Ըստ Շարմազանովի՝ շատ բան կախված է Վրաստանի և ԱՄՆ-ի ընտրություններից. «Եթե Վրաստանում ընդդիմությունը հաղթի, հնարավոր է ապագայում ունենալ ընդհանուր սահման ԵՄ-ի հետ, դա կարող է տեսանելի դառնալ: Ես հետևում եմ ռուսական հռետորաբանությանը, Շոլցի հռետորաբանությանը, մի քիչ մեղմացել է: Նույնիսկ Պուտինը նշեց, որ եթե նախկինում Արևմուտքը խոսում էր Ռուսաստանի ստրատեգիական պարտության մասին, հիմա էլ նման բաներից չի խոսում: Չեմ բացառում, որ Ռուսաստանն ու Արևմուտքը 2025 թվականին պայմանավորվեն, և տեղի ունենա աշխարհի նոր վերաբաժանում, այդ թվում՝ մեր ռեգիոնի, և Նիկոլ Փաշինյանի այն հաշվարկները, թե ՌԴ-ն տարածաշրջանից գնում է, փուչ դուրս գան»:

Տեսանյութեր

Լրահոս