Իսրայելի հարվածներն Իրանին կունենա՞ն զարգացումներ, հնարավոր կլինի՞ խուսափել մեծ պատերազմից. Ռուբեն Սաֆրաստյան

Հոկտեմբերի 26-ի գիշերն Իսրայելի օդային ուժերը հրթիռային հարված են հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին. այս մասին հաղորդել է Իսրայելի բանակը (ՑԱԽԱԼ)։ Իրանը հոկտեմբերի 1-ին հարվածներ էր հասցրել Իրանին, ըստ իսրայելական կողմի՝ իրենք այս ամենով պատասխան հարված են տվել։

The Jerusalem Post-ի տվյալներով, հարձակմանը մասնակցել է ավելի քան 100 ինքնաթիռ, այդ թվում՝ նորագույն F-35-ներ: Հարձակումը տևել է մի քանի ժամ:

Իրանական Tasnim գործակալությունն էլ հայտնել է, որ իրանական իրազեկ աղբյուրները հերքել են երկրի 20 կետերին հարվածներ հասցնելու մասին Իսրայելի հայտարարությունները։

Վերջինիս փոխանցմամբ՝ իրանական իրազեկ աղբյուրները հայտարարել են, որ իսրայելական կողմի պնդումները չեն համապատասխանում իրականությանը՝ հավելելով, որ թիրախների թիվն ավելի քիչ է եղել, քան նշվում է։

Կարդացեք նաև

Աղբյուրը նաև հաղորդում է, որ իսրայելական ուժերի գործողություններն իրականացվել են Իրանի սահմանից դուրս և սահմանափակ վնասներ են պատճառել։

ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, դատելով արևմտյան հեղինակավոր լրատվամիջոցների կողմից հրապարակված տեղեկատվություններից, ասաց՝ այս հարվածն Իսրայելի կողմից նախապատրաստվել է և, կարծես, Իրանը դրա մասին տեղյակ է եղել։

«Խոսքը վերաբերում է ամերիկյան տարբեր ներկայացուցչների, նաև երրորդ երկրների ներկայացուցիչների, որոնք ներգրավված են եղել այս ամբողջ աշխատանքներում, նույնիսկ անուններ են հնչում, օրինակ, Հոլանդիայի արտաքին գործերի նախարարը։ Փաստորեն հարվածը համաձայնեցված է եղել, եթե հաշվի առնենք արևմտյան աղբյուրները, իհարկե, դրանք հավաստի են, բայց 100 տոկոսով չպետք է վստահել։

Այնպես է արվել, որ մեծ հարվածներ չհասցվեն Իրանին, հարվածներն այնպիսին են եղել, որ զոհեր չլինեն կամ մինիմումի հասցվեն։ Հարվածները հիմնականում եղել են այն կենտրոններին, որոնք կարող էին հարավածել իրենց հրթիռներին, այսինքն՝ այն բազաներին, որտեղ տեղակայված են իրանական բալիստիկ հրթիռները»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Նրա խոսքով՝ կան տվյալներ, որ փորձել են համոզել Իրանին՝ Իսրայելին հակահարված չտալու համար։

Եթե բոլոր դատողությունները կառուցվեն արդեն իսկ առկա տեղեկատվության վրա, ապա, ըստ Ռուբեն Սաֆրաստյանի, կարելի է ասել, որ ամենայն հավանականությամբ այս հարվածները հետագա զարգացումներ չեն ունենա։ Այսինքն՝ այս անգամ էլ հնարավոր կլինի խուսափել մեծ պատերազմից, որը կարող է լինել Մերձավոր Արևելքում։

«Ինքս հույս ունեմ, որ այս անգամ էլ կհաջողվի այդ մեծ վտանգից խուսափել։

Իսրայելի նպատակը՝ Իրանին ներքաշել մեծ պատերազմի մեջ, շարունակում է օրակարգում մնալ։ Բայց քանի որ վերջին շաբաթների ընթացքում մենք կրկին տեղեկատվություն ունենք, որ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ռազմական, ինտենսիվ բանակցություններ են վարել Իսրայելի ներկայացուցիչների հետ և նրանց համոզել ու պարտադրել են, որպեսզի հարվածը լինի, այսպես ասած՝ ոչ զանգվածային, մասնավորապես՝ էներգետիկ, միջուկային  օբյեկտներին։ Համոզված եմ, Իսրայելն ուզում է Իրանին ներքաշել պատերազմի մեջ, բայց Միացյալ Նահանգները կարողանում է այդ ռիսկերը կառավարել, ի վերջո, ռազմական առումով Իսրայելը կախվածության մեջ է գտնվում ԱՄՆ-ից»,- հավելեց ակադեմիկոսը։

Ինչ վերաբերում է Լիբանանում Իսրայելի գործողություններին, Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ չի կարծում, թե Իսրայելը նպատակ ունի Լիբանանին՝ որպես պետության, շատ հզոր հարված հասցնել։ Իսրայելի նպատակը «Հեզբոլլահի» տարբեր կետերին հարված հասցնելն է, թուլացնել կամ ամբողջովին ոչնչացնել նրա ռազմական կարողությունները, որոնք բավականին ուժեղ են։

«Այստեղ էլ փխրուն իրավիճակ է, ինչպես Իսրայել-Իրան հարաբերություններում, որտեղ դեռևս հնարավոր է եղել խուսափել ավելի մեծ պատերազմի հրդեհից։ Իրավիճակը դեռևս հնարավոր է կառավարելի պահել, սակայն չի բացառվում, որ հետագայում լինի մեծ էսկալացիա, ինչը կարող է հանգեցնել նրան, որ արդեն ուզած թե չուզած՝ այլ երկրներ ևս կմիանան այդ ռազմական գործողություններին»,- եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Տեսանյութեր

Լրահոս