Փողը գնում է երկրից

Չնայած արտաքին գործոնների ազդեցությամբ դեռևս պահպանվող աճերին՝ Հայաստանի տնտեսությունը վատ ժամանակներ է ապրում։ Տնտեսական աճի թուլացմանը զուգահեռ՝ կապիտալը փախչում է տնտեսությունից։

Իրական տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը նվազել են։ Նվազել են՝ ինչպես ընդհանրապես ներդրումները, այնպես էլ՝ ուղղակի ներդրումները։

Այս տարի Հայաստանից ավելի շատ օտարերկրյա կապիտալ է դուրս գնացել, քան եկել է։

Պաշտոնական վիճակագրության հրապարակած տվյալներով, տարվա առաջին կեսին օտարերկրյա ընդհանուր ներդրումների զուտ հոսքերը նախորդ տարվա համեմատ նվազել են շուրջ 236 մլն դոլարով։ Օտարերկրյա ուղղակի ներդրումների նվազումը նույնիսկ ավելի մեծ է եղել՝ անցնում է 333 միլիոնից։

Կարդացեք նաև

Տարվա առաջին կեսին իրական տնտեսությունից 91 մլն դոլարով ավելի շատ օտարերկրյա կապիտալ է գնացել, քան եկել է։

Ուղղակի ներդրումների մասով զուտ հոսքը բացասական է գրեթե 55 մլն դոլարով։

Հայաստանի իրական տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ներդրումների առումով տագնապալի վիճակ է ստեղծվել։ Ներդրողներն իրենց միջոցները հանում են երկրից։

Դրա համար նրանք, անշուշտ, բազմաթիվ պատճառներ ունեն։ Մինչ իշխանությունները խաղաղության պայմանագրից են խոսում՝ անվտանգային միջավայրը Հայաստանի շուրջ ավելի է սեղմվում։ Ադրբեջանն ակնհայտ հակված չէ խաղաղության պայմանագիր ստորագրել։ Ավելին՝ անընդհատ նոր պահանջներ է ներկայացնում, սրում իրավիճակը։ Առճակատման ռիսկերը թուլանալու փոխարեն՝ ահագնացել են։

Անվտանգային միջավայրը ոչ միայն չի նպաստում ներդրումների ներհոսքին, այլև խթանում է արտահոսքը։

Օտարերկրյա կապիտալը դուրս է գալիս, որովհետև ներդրումային վստահությունն ու պաշտպանությունը Հայաստանում չափազանց ցածր մակարդակի վրա է։

Նախորդ մի քանի տարիների փորձը վատ դաս ու ազդակ է շատերի համար։ Իշխանությունների կամայականությունները խնդիրների առաջ են կանգնեցրել բազմաթիվ ներդրողների, որոնք այսօր միջազգային ատյաններում վիճարկում են իրենց իրավունքները՝ դատական պրոցեսների մեջ ներքաշելով կառավարությանը։

Որքան էլ տխուր լինի, ակտիվացել է Հայաստանից նաև տեղական կապիտալի արտահոսքը։ Այդ մասին սկսել են ահազանգել գործարարները։

«Վերջերս բազմաթիվ բիզնեսների եմ հանդիպում, որ գումարները դուրս են հանում ներդրումների համար, ինչո՞ւ, որովհետև անկանխատեսելի է Հայաստանում, ո՞վ կուզի Հայաստանում ներդրում անել, երբ 25,000 դոլարի խնդրի կասկածի դեպքում գործարարին բանտ են նստեցնում, էն էլ՝ մի կիսագրագետ հարկային տեսուչի ցուցումով»,- այս մասին վերջերս ահազանգել էր «Մանթաշյանց» գործարարների միության համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանը՝ անդրադառնալով Պետեկամուտների կոմիտեի կողմից բիզնեսի նկատմամբ իրականացվող «ահաբեկչությանը»։

Ներդրումային միջավայրն առանց այդ էլ Հայաստանում չի փայլում։ Մի բան էլ վերջին շրջանում՝ կապված հարկային մուտքերի թերհավաքագրումների հետ, ակտիվացել է ՊԵԿ-ը։ Համատարած ստուգումներ են իրականացնում, »բացահայտումներ» են անում, տուգանքներ են գրում, քրեական գործեր են կարում, մարդկանց են կալանավորում։ Դա էլ քիչ է, երբեմն այնպիսի օրենսդրական կարգավորումներ են փորձում մտցնել, որոնք կարող են պատուհաս դառնալ բիզնեսի համար։

Նման պայմաններում բնական չէ՞, որ բիզնեսը զգուշանալու է։ Ոչ միայն ներդրումներ չի իրականացնելու, այլև փորձելու է իր կապիտալը տեղափոխել ավելի ապահով վայր։

Եթե ներքին ներդրողներն են հակված հեռանալ, ի՞նչ պետք է սպասել օտարերկրյա ներդրողներից։

Ոչ վաղ անցյալում իշխանությունները հպարտանում էին, որ իրական տնտեսության մեջ տեղի է ունենում օտարերկրյա ներդրումների դիվերսիֆիկացիա, Հայաստանի տնտեսության մեջ կատարված ներդրումներով Արաբական Միացյալ Էմիրությունները դարձել է առաջատարը, հետին պլան է մղվել Ռուսաստանը։

Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, թե այսպիսի հայտարարություններից հետո ինչ է տեղի ունեցել ներդրումների ոլորտում. ԱՄԷ ներդրումների զուտ հոսքը տարվա առաջին կեսին, նախորդ տարվա համեմատ, կրճատվել է գրեթե 300 մլն դոլարով։ Ուղղակի ներդրումների զուտ հոսքը՝ նույնիսկ ավելի շատ՝ շուրջ 305 միլիոնով։

Այս տարի ավելի շատ կապիտալ է գնացել Հայաստանի տնտեսությունից ԱՄԷ, քան եկել է։

Ուղղակի ներդրումների զուտ արտահոսքը 46 մլն դոլարով ավելի է եղել ներհոսքից։ Դա տեղի է ունեցել գերազանցապես մանրածախ առևտրի ոլորտից։

Բայց ներդրումների փախուստը միայն առևտրի ոլորտով չի սահմանափակվել։

Օտարերկրյա կապիտալի խոշոր արտահոսքեր են արձանագրվել նաև ավանդաբար ներդրումներ կլանող այնպիսի ճյուղերից, ինչպիսին են՝ հեռահաղորդակցությունը, էներգետիկան, հանքարդյունաբերությունը։

Մեծ են հատկապես հանքարդյունաբերությունից դուրս եկած գումարները, որոնք գնացել են գերազանցապես օֆշորային Վիրջինյան կղզիներ։ Վեց ամսում հանքարդյունաբերությունից այդ ուղղությամբ դուրս եկած ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են 80 մլն դոլար։

Հեռահաղորդակցության ոլորտում օտարերկրյա ներդրումների արտահոսքը գերազանցել է 164 մլն դոլարը։ Իհարկե, ուղղակի ներդրումների պարագայում արտահոսքը համեմատաբար ավելի փոքր է՝ շուրջ 30 մլն դոլար, որը գնացել է կրկին օֆշորային ուղղությամբ՝ դեպի Կիպրոս։

Քիչ երկրների հետ է պահպանվել իրական տնտեսության մեջ կատարվող ներդրումների դրական դինամիկա։ Եվ այդ երկրներից առաջատարը Ռուսաստանն է։ Տարվա առաջին կեսին այդ երկրից եկող ներդրումների դրական հոսքը 26 մլն դոլար է, ուղղակի ներդրումներինը՝ 22 միլիոն։

Ռուսաստանը շարունակել է Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված ներդրումների առումով լինել առաջատարը, չնայած հոսքը ոչ վաղ անցյալի հետ համեմատած՝ էապես կրճատվել է։ Դրա վրա, բնականաբար, ազդեցություն են ունեցել՝ ինչպես Ռուսաստանի տնտեսական իրավիճակը, այնպես էլ՝ երկու երկրների միջև առկա քաղաքական լարվածությունը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս