«Գարեջուր խմելուց ասում են՝ «ախպեր ջան, նենց լավ բան եմ մտածել», մյուսն էլ ասում է՝ «վայ, ես քո կյանքին մեռնեմ». Բաբկեն Պիպոյան
Նոյեմբերի 1-ից հանրային տրանսպորտից օգտվողները պարտադիր պետք է իրենց մոտ ունենան 100 դրամանոց մետաղադրամ կամ սմարթֆոնում QR կոդ, որպեսզի կարողանան վճարումն իրականացնել։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական վերջին նիստի ժամանակ Տիգրան Ավինյանը մատնանշեց հանրային տրանսպորտից օգտվելու և վճարելու այս երկու եղանակը.
«Սիրելի երևանցիներ, նվազագույնը նոյեմբերի 1-ից խնդրում ենք, որպեսզի հանրային տրանսպորտից օգտվելիս վճարման երկու եղանակներից մեկը օգտագործեք։ Առաջինը՝ 100 դրամանոց մետաղադրամ ունենաք, երկրորդ տարբերակը, որը, կարելի է ասել, միասնական տոմսային համակարգի նախնական մասնիկն է՝ էլեկտրոնային տոմսն է, որը կարող եք գնել տերմինալներից։ Անկեղծ ասած՝ ամենապարզ մեթոդը հեռախոսից՝ սմարթֆոնից օգտվելն է, այս պահի դրությամբ միայն «Թել Սելլ»-ում կա»։
Այս ամենին զուգահեռ՝ Երևանի Մետրոպոլիտենը տևական ժամանակ է՝ սովորական, նախկին ժետոնների փոխարեն՝ ներդրել է սովորական թղթի կտոր, որը քաղաքացին գնում է, վրայի QR կոդը մեկ անգամ օգտագործում է ու նետում է։ Իսկ եթե կապի խափանում է լինում, ապա այդ թղթերը «չեն աշխատում», և ուղևորը չի կարողանում օգտվել մետրոպոլիտենից։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանի բնորոշմամբ՝ քաղաքային իշխանությունների ընդունած այս վատ որոշումների արդյունքում տուժում է միայն քաղաքացին։
«Այդ որոշումներն ընդունելիս հաշվի չեն առել քաղաքացու շահը։ Իհարկե, այս որոշումը լավագույնը չէ, չգիտես՝ ինչպես, քաղաքային իշխանությունը հարմարեցնում ու ընդունում է վատագույն առաջարկները։ Կարող են լավ, միջին կամ վատ առաջարկ անել, բայց իրենք միշտ վատ առաջարկներ են անում։
Այստեղ իշխանությունը կարող է ասել, որ իրականում մարդկանց կյանքը դժվարեցնում է, ուրիշ խնդիր է լուծում, բայց իրենք այդ խնդիրը լուծելու այլ մեխանիզմներ ունեին։ Օրինակ, վճարային համակարգը. մարդիկ այսօր «Վալետի» միջոցով քարտը կցում են իրենց հեռախոսներին և այլ հավելված չեն քաշում, այսինքն՝ ստիպված չեն լինում դառնալ ինչ-որ մեկի բաժանորդը՝ խոսքը «Թել-Սելլի» մասին է, որովհետև ինչպե՞ս է ստացվում, որ տրանսպորտի դեպքում կարողանում են օգտվել միայն մեկ հավելվածից։ Ժամանակին ասում էին՝ «կոռուպցիան հո պոզով-պոչո՞վ չէ»»,- 168.am–ի հետ զրույցում նշեց Բաբկեն Պիպոյանը։
Այս համատեքստում մեր զրուցակիցը նաև նկատեց՝ քաղաքային իշխանությունն ամբողջությամբ չի ներդրել իր տրանսպորտային համակարգը և իմանալով, որ ունի վատ աշխատող ենթակառուցվածքներ, ի սկզբանե պետք է չափումներն անի՝ հաշվի առնելով ֆորս-մաժորային իրավիճակները։
«Բայց քանի որ մեր իրականության մեջ որոշումները կայացվում են հետևյալ տրամաբանության մեջ, որ՝ գարեջուր խմելուց ասում են՝ «ախպեր ջան, նենց լավ բան եմ մտածել», մյուսն էլ ասում է՝ «վայ, ես քո կյանքին մեռնեմ», ու համարում են, թե աշխարհի ամենախելոքն իրենք են, ուստի ունենք այն, ինչ ունենք։
Մեզանում կարծես թե ընդունված է, որ ամեն անհեթեթության տակ դնում են գեղեցիկ տերմին, թե ուսումնասիրել են միջազգային լավագույն փորձը, բայց երբ հարցնում ես, թե միջազգային ո՞ր փորձն եք ուսումնասիրել, որևէ երկրի փորձ չեն կարողանում բերել։
Շատ դեպքերում մեր երկրում միջազգային փորձն անցած փաստաթուղթը վերացնում են, տեղը բերում են մի բան, որը համեմում են միջազգային փորձով»,- հավելեց Բաբկեն Պիպոյանը։
Հա նաև հիշեցրեց, որ եթե արտաբերում են «միջազգային փորձ» արտահայտությունը, պետք է հիշեն, որ մոտ 1 միլիոն դոլար փող են տվել, միջազգային խորհրդատուն եկել է Հայաստան ու գծել է վերգետնյա տրանսպորտային ցանց՝ առաջարկելով շարժակազմեր։
Հետևաբար՝ հարց է առաջանում, թե միջազգային խորհրդատուի գծած քանի՞ շարժակազմ են բերել՝ զրո։
«Տրանսպորտային համակարգն ամբողջական համակարգ է, հիմա գիտե՞ք՝ իրենց արածն ինչի է նման՝ ունեն չաշխատող ժամացույց, փորձում են չաշխատող ժամացույցի մի սլաքը միայն սարքել։
Երբ խնդիրները շատանան, հուսամ՝ քաղաքային իշխանությունը կհասկանա, որ չպետք է թողնեն մեկ վճարային համակարգ։ Հիմա վատ համակարգ է գծած, առանց փորձարկելու էլ պետք է հասկանային, որ շատ վատն է այս համակարգը»,- եզրափակեց Բաբկեն Պիպոյանը։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը նույնպես ընդգծեց՝ քաղաքային իշխանությունը հեքիաթներ է պատմում, երբ ասում է, թե միջազգային փորձն ուսումնասիրել են։
«Եթե նույնիսկ միջազգային փորձն ուսումնասիրել են, բայց նման խնդիրներ կան, ուրեմն՝ արդեն իրենց կոմպետենտության խնդիրն է սա»,- շեշտեց նա։