«Ներքին Հանդից, Ջերմուկից ադրբեջանցիներին դուրս հանելու հարցը չի քննարկվել հանձնաժողովում». Մհեր Գրիգորյան

ԱԺ լիագումար նիստում  քննարկվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին հարցը։

Կանոնակարգը պատգամավորներին ներկայացնում և նրանց հարցերին պատասխանում է փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը մինչև Մհեր Գրիգորյանին հարց տալն ասաց, որ «ՀՀ նորանկախ պատմության մեջ Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովն ամենակարևոր հանձնաժողովներից մեկն է»։

«Ձեր կատարած աշխատանքին հետևում են տասնյակ-հազարավոր սյունեցիներ, այն, ինչ տեղի է ունենում, կարելի է ասել, որ 2020 թվականից հետո մեզ համար երազանք է, որ հասնի Սյունիք։ Ուզում եմ մեկ հարց տալ, որը գրեթե ամեն օր ինձ Սյունիքում են տալիս և ոչ միայն։

Կարդացեք նաև

Կարծում եմ՝ ՀՀ բնակչության առնվազն մեծ մասին այս հարցը հետաքրքրում է։ Ակնհայտ է, որ սահմանազատման ու սահմանագծման համար կան բարդ հատվածներ, հաշվի առնելով, օրինակ, 2022 թվականի Ներքին Հանդ, Ջերմուկ, Սրաշեն տարբեր ուղղություններով Ադրբեջանի ներխուժումը ՀՀ սուվերեն տարածք։

Տեսնելով նրանց կողմից լայնածավալ ինժեներական աշխատանք՝ քաղաքացիների մոտ հարց է առաջանում՝ արդյո՞ք քննարկվել է այդ տարածքների վերաբերյալ Ադրբեջանի մոտեցումները։ Եթե հասնենք այդ տարածքներին, Ադրբեջանն ինչպիսի՞ մոտեցում կունենա, եթե չի քննարկվել հարցը, ապա ձեր մեկնաբանությունը, որպեսզի քաղաքացիները ձեզանից դա լսեն»,- նշեց  իշխանական պատգամավորը։

Պատասխանելով հարցին՝ Մհեր Գրիգորյանն ասաց՝ հարցը շատ կարևոր է, բայց պատասխանելիս մի քիչ կաշկանդվածություն ունի։

«Ասեմ՝ ինչո՞ւ, որովհետև մինչև օրս պահպանվել է այն կանոնը, որ մենք ունենք պայմանավորվածություն, և կարծես թե երկու կողմերից էլ պահպանվում է։ Դա շատ կարևոր է, որպեսզի այս կամ այն հատվածի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չտանք, եթե միասին չենք քննարկել ու հրապարակել դրա վերաբերյալ կողմերի դիրքորոշումները։ Մենք պայմանավորվել ենք, որպեսզի մամլո հաղորդագրություններով մեկնաբանություններ տանք սահմանազատման հետ կապված՝ դետալների, քննարկումների հետ կապված սահմանափակումներ լինեն։ Դուք էլ գիտեք, սա ինչ զգայուն գործընթաց է»,- շեշտեց նա։

Մհեր Գրիգորյանն ասաց, որ այդքանով կսահմանափակվի, առիթի դեպքում կարող են այլ ձևաչափով քննարկել։

«Հանձնաժողովում ձեր նշած հարցին օֆիցիալ անդրադարձ չի եղել»,- եզրափակեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս