«3+3» հարթակի ամենամեծ խնդիրը դառնալու է ռեգիոնալ ապաշրջափակումը և ադրբեջանաթուրքական «երազանքի» զսպումը Իրանի կողմից․ ռուս արևելագետ

Նախօրեին Ստամբուլում կայացած «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ նիստին Երևանին ու Բաքվին առաջարկվել է Խաղաղության համաձայնագիրը վերջնականացնել վերոնշյալ հարթակում։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երրորդ նախարարական հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրները մնում են։ «Մենք այսօր շատ ենք խոսել այդ մասին։ Ե՛վ մենք, և՛ թուրքերը, և՛ իրանցիները Երևանին և Բաքվին առաջարկել են օգտագործել «3+3» հարթակը, որպեսզի ավարտին հասցնեն խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները։ Մենք հիշեցրինք այն նախապատրաստական ​​աշխատանքները, այն հիմքերը, որոնք ստեղծվել էին Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքի շրջանակներում՝ թե նախագահների, թե՛ արտգործնախարարների, փոխվարչապետների մակարդակով, և՛ հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ, և՛ սահմանների սահմանազատման նախապատրաստման և մի շարք այլ թեմաների շուրջ»,- ասել է Լավրովը։

Խոսելով հայ-թուրքական կարգավորման մասին՝ Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանն ակտիվորեն նպաստել է հայ-թուրքական գործընթացի մեկնարկին, որին միացել են նաև իրանցի գործընկերները։ Նրա խոսքով, ներկայում հանդիպումներ նախատեսված չեն, ՀՀ-ն դադար է վերցրել։ «Նրանք կարծում են, որ նախ պետք է ուղղակի շփվել թուրքերի հետ և հասկանալ, թե ինչ է պետք անել»,- ասել է նա։ Լավրովը կարծում է, որ գործընթացն ամեն դեպքում կապված է հայ-ադրբեջանական բանակցությունների հետ։ Ուստի հանդիպմանն առաջարկվել է համակողմանիորեն քննարկել այս բոլոր հարցերը և խրախուսել ներգրավված երկրներին՝ հնարավորինս արագ համաձայնության գալ։

Բացի այդ, տարածաշրջանային վեցակողմ, իսկ իրականում հնգակողմ խորհրդատվական հարթակի նիստից հետո նախարարներին է ընդունել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։

Կարդացեք նաև

Նա հայտարարել է, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս 3+3 հարթակին, որը ստեղծվել է տարածաշրջանի խնդիրները երկխոսության միջոցով լուծելու տեսլականի հիման վրա։ Նա գոհունակություն է հայտնել, որ «Հարավային Կովկասի դեմքը փոխվում է դեպի կայուն խաղաղություն»։ Թուրքիայի առաջնորդ Էրդողանը նաև հայտարարել է, որ Անկարան աջակցում է Բաքվի և Երևանի միջև խաղաղություն ապահովելու ջանքերին։ Նա միաժամանակ հավելել է, որ ՄԱԿ-ի կողմից Իսրայելին զենքի էմբարգոն կասեցնելու արդյունավետ քայլ կլինի, և Թուրքիան կշարունակի դա անել:

Օրվա ավարտին, ըստ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության, երկկողմ պայմանավորվածության համաձայն, Ստամբուլում կայացել է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում։ Ինչպես կարելի է ակնկալել, դրա ընթացքում որևէ առաջընթաց չարձանագրվեց։ Պաշտոնական հայտարարությունների համաձայն, կողմերը շարունակել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի շուրջ բանակցությունները և պայմանավորվել են շարունակել ջանքերը պայմանագրի վերջնականացման և հնարավոր սեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ: Սակայն ուշագրավն այն է, որ այս հանդիպումից ժամեր առաջ կայացած «3+3» նախարարական նիստի ընթացքում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հերթական անգամ կրկնել էր Ադրբեջանի պահանջը՝ փոփոխություններ կատարել ՀՀ Սահմանադրությունում։

Ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168am-ի հետ զրույցում ասաց, որ ռեգիոնալ հարթակի արտգործնախարարները քիչ-քիչ մոտենում են այն թեմաների քննարկմանը, որոնց համար հենց այս հարթակը ստեղծվել է։

Նրա խոսքով, ակնկալելի էր, որ ժամանակի ընթացքում Հարավային Կովկասում ազդեցություն ունեցող ռեգիոնալ խաղացողները Հայաստանին ու Ադրբեջանին կանեն նման առաջարկ։

Ըստ նրա, պատահական չէ, որ այդ առաջարկն արվում է հենց հիմա, երբ Արևմուտքից քաղաքական ակնկալիքները պատված են անորոշությամբ, պայմանավորված ԱՄՆ-ում սպասվող նախագահական ընտրություններով։

«Ըստ իս, այս առաջարկն արվել է, Երևանն ու Բաքուն, բնականաբար, այն կամ կընդունեն, կամ՝ ոչ, սակայն այստեղ էականն այլ հարց է։ Բացի բուն խաղաղության համաձայնագրից, Երևանի ու Բաքվի միջև կա ռեգիոնալ ճանապարհների բացման ամենածանր հարցը, որն ավելի մեծ խնդիր է Թուրքիայի, Իրանի ու Ռուսաստանի միջև։ Այստեղ է, որ կան տարաձայնություններ, որոնք պետք է լուծվեն։ Անկարան այս ամենում ունի մեծապետական ակնկալիքներ, Ռուսաստանը՝ ավելի պասիվ դիրքավորում, իսկ Իրանը կտրուկ դեմ է այն առաջարկին, որն անում են Ադրբեջանն ու Թուրքիան, ջանալով ստանալ թուրանական միջանցք։ Կարծում եմ՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումն այստեղ զուտ տեխնիկական հարց է, այն կարող է նաև ուղիղ ստորագրվել, սակայն բոլորը հասկանում են, որ ռեգիոնալ համաձայնություն հարկավոր է ոչ միայն արտաքին, այլև ներքին հարցերի շուրջ։ Եվ այստեղ ամեն բան ևս կախված է հետագա զարգացումներից, որոնք կծավալվեն Իրանի շուրջ, և նրանից, թե որքանով ամուր Իրանը կշարունակի կանգնել իր դիրքորոշումների վրա»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։

Նա գտնում է, որ կարելի էր ակնկալել, որ Թուրքիայում տեղի կունենա նաև հայ-ադրբեջանական նախարարական հանդիպում՝ հաշվի առնելով փաստը, որ հայկական կողմը դիմել էր Թուրքիային աջակցության խնդրանքով։

«Ուստի, ամենայն հավանականությամբ, հենց թուրքերի կողմից առաջարկվել է թուրքական հարթակն օգտագործել և հանդիպել։ Նման հանդիպումները սովորաբար տեղի են ունենում ընդունող մայրաքաղաքի նախաձեռնությամբ և արտոնմամբ, ուստի անվանել սա բացառապես երկկողմ որոշում, սխալ կլիներ։ Աչք է զարնում այն, որ հայկական կողմը չհամաձայնեց հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչներին վերջերս Մոսկվայում ԱՊՀ հավաքի շրջանակում։ Բացի այդ, Սերգեյ Լավրովը վերջին շրջանում մի քանի անգամ առաջարկել է կազմակերպել նախարարների հանդիպում կամ տրամադրել մոսկովյան հարթակը, ինչը ևս երևի թե ոչ թե մերժվել է, այլ անարձագանք է մնացել։ Այստեղ ուշադրություն հրավիրեմ նաև այն հանգամանքին, որ Երևանը Մոսկվային մոտ չի թողնում նաև հայ-թուրքական կարգավորման գործընթաց»,- ասաց վերլուծաբանը՝ շարունակելով, որ Երևանի ակտիվ մասնակցությամբ փորձ է արվում Ռուսաստանի դիրքերը զրոյացնել Հարավային Կովկասում, դուրս բերելով ՌԴ-ին քաղաքական գործընթացներից, ինչպես նաև զրկել ռեգիոնում ներկայությունից գետնի վրա։

«Ընդհանուր առմամբ, որքան էլ Երևանը մասնակցում է ԱՊՀ նիստի, ռեգիոնալ հարթակի աշխատանքներին, արտաքին քաղաքականությունում արևմտյան ռազմավարական հետքը կա։ Իսկ այս փուլում մասնակցությունն այս ամենին կրում է տակտիկական բնույթ, որը պայմանավորված է առաջիկա հնարավոր զարգացումներով ու դրանց հետևանքներով»,- ասաց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս