Ինչ պետք էր, Մոսկվայում ասել եմ. Բյուլբյուլօղլին էլ, Ասադովն էլ բերանները ջուր էին առել. թող սազանդարներն ուշադրությունը չշեղեն լուզեր Փաշինյանից. Շարմազանով

«Տարակուսելի է, որ ՀՀ քաղաքացիություն ունեցող անձը, անկախ նրանից՝ լրագրո՞ղ է, թե՞ վերլուծաբան, մեջբերում է ՌԴ-ում Ադրբեջանի կասկածելի գործելաոճ ունեցող դեսպանին։ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի ասածը քառօրյա պատերազմի մասին կատարյալ սուտ է ու կեղծիք։ Սա ասում եմ՝ որպես ականատես»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց Սաթիկ Սեյրանյանի հյուրը՝ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով քաղաքական վերլուծաբան Թաթուլ Հակոբյանի՝ օրեր առաջ իր ֆեյսբուքյան էջում արված գրառմանը:

Հիշեցնենք, որ քաղաքական վերլուծաբան Թաթուլ Հակոբյանն օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Ադրբեջանի` 44-օրյա պատերազմի մասին ֆիլմերից մեկում, Ռուսաստանում Ադրբեջանի նախկին դեսպան Բյուլբյուլօղլին ասում է, որ 2016թ. Ապրիլյան պատերազմը դադարեցվել է, քանի որ հայկական կողմը` Սերժը, խոստացել է երեք ամսվա ընթացքում վերադարձնել 5 շրջան։ Անշուշտ, պետք է վերապահումներով մոտենալ Բյուլբյուլօղլիի կամ ադրբեջանցի յուրաքանչյուր դիվանագետի հայտարարության, բայց այդ օրերին` 2016թ. ապրիլին, Մոսկվայում Ադրբեջանի դեսպանի այս պնդումը ուշագրավ է»։

Այդ օրերին Ռուսաստանի միջամտությամբ հրադադար խնդրող Ալիևն էլ իր հերթին Շուշի այցելության ժամանակ 2021թ. հայտարարել էր, թե իբր «Այն ժամանակ, երբ ընթանում էին ապրիլյան մարտերը, օր ու գիշեր նրանք զանգահարում էին Ռուսաստանի գլխավոր շտաբի պետին՝ աղաչելով, որ Ադրբեջանը դադարեցնի պատերազմը: Մենք դադարեցրինք այն պայմանով, որ բանակցություններն անմիջապես կսկսվեն, և դրանք սկսվեցին: …Հունիսին Ռուսաստանում տեղի ունեցավ գագաթնաժողովի հանդիպում: Սարգսյանն ինձ խոսք տվեց, որ իրեն երկու շաբաթ է պետք: Նա ասաց, որ կլուծի այս հարցը»:

Մի կողմ թողնենք, որ Ալիևն ու իր դեսպան Բյուլբյուլօղլին տարբեր ժամկետներ են նշում, բայց փաստ է այն, որ նույնիսկ այդ օրերին միջազգային, այդ թվում՝ ռուսական մամուլն էր գրում, որ Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարն արագ վազել է Ռուսաստան՝ խնդրելով կանգնեցնել պատերազմը:

Կարդացեք նաև

Էդուարդ Շարմազանովն այդ առնչությամբ հիշեցրեց Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ 2016թ. ապրիլի 19-ին, Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիա մայրցամաքի խորհրդարանների ղեկավարների համաժողովի ժամանակ իր պատասխանն Ադրբեջանի խորհրդարանի խոսնակին։

«Հարգարժան ներկաներ, մեր հանդիպումը տեղի է ունենում անվտանգության մի շարք հիմնարար խնդիրների շուրջ եզրեր գտնելու դժվարին պայմաններում:

Կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել ԼՂ հակամարտության վրա, որտեղ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական կողմը շփման գծի ողջ երկայնքով իրականացրեց լայնածավալ սադրիչ ռազմական գործողություններ՝ կիրառելով սպառազինությունների ողջ համալիրը, այդ թվում՝ արգելված ռազմատեխնիկա, որոնք հանգեցրին բազմաթիվ զոհերի նաև խաղաղ բնակչության շրջանում: Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա խախտում է իր իսկ կողմից ստորագրված Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև հրադադարի և ռազմական գործողությունների 1994 թվականի եռակողմ անժամկետ համաձայնագիրը, ինչպես նաև 1995 թվականի հրադադարի ամրապնդման ռեժիմի համաձայնագիրը:

Նման հանցագործ սադրանքը ցույց է տալիս, որ Ադրբեջանն իրեն դուրս է դնում միջազգային իրավունքից, մերժում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների, ինչպես նաև միջազգային հանրության՝ ուժի չկիրառմանը և վստահության ամրապնդման միջոցներին ուղղված կոչերը: Հենց Ադրբեջանը՝  որպես այս լարվածության աճի նախաձեռնող, կրում է իրադրության սրման ողջ պատասխանատվությունը: Այստեղ ծայրահեղ վտանգավոր է Թուրքիայի միակողմանի, հանցագործ դիրքորոշումը, որը բացահայտորեն պաշտպանում և քաջալերում է նման անմարդկային գործողությունները: Այս ամենը ցույց է տալիս, որ Թուրքիան ևս շարունակում է մնալ սպառնալիքներից մեկը տարածաշրջանային կայունության համար:

Հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետությունը հիմնվում է միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքների և նորմերի վրա՝ առաջնայնությունը տալով հակամարտությունների դիվանագիտական մեթոդներին, հակամարտությունների և ճգնաժամային իրավիճակների խաղաղ կարգավորման սկզբունքին:

Ենթադրում ենք, որ մեր գործընկերներն իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն ԼՂ հակամարտության ռազմական կարգավորման դեմ: Հարկավոր է գիտակցել, որ ԼՂ ժողովուրդը նույնպիսի իրավունք ունի ապրել խաղաղ, ազատ և անկախ, ինչպես Եվրասիական տարածաշրջանի պետությունների քաղաքացիները: Այսպիսով, Ադրբեջանի ագրեսիային Արցախի ժողովուրդը պատասխանեց՝ No pasaran:

Մենք կոչ ենք անում բոլորին միասնական պայքար մղել խավարի, բարբարոսության և ատելության դեմ: Միջազգային հանրությունը պետք է համախմբի ջանքերը՝ ահաբեկչությունն ու դրանից ծնված հանգամանքներն արմատախիլ անելու համար»,- ասել է նա՝ ի պատասխան Ադրբեջանի Միլլի մեջլիսի խոսնակ Ասադովի ելույթի, որում վերջինս արցախցիներին է մեղադրել Ապրիլյան քառօրյան սադրելու մեջ:

«Իմ ելույթի ժամանակ ներկա էին Նարիշկինը, Լարիջանին, Բյուլբյուլօղլին, Ասադովը, այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, Ասադովն ասաց, որ քառօրյա պատերազմը սկսել են արցախցիները։ Դեմ առ դեմ, բոլոր այդ մարդկանց ներկայությամբ հայտարարել եմ, որ ադրբեջանցիներն են սկսել ապրիլյան՝ 2016 թվականի քառօրյա պատերազմը, իսկ 4 օր հետո նույն ադրբեջանցիները խնդրել են ռուսներին, որ միջնորդեն պատերազմը կանգնեցնելու համար։ Ո՛չ Ասադովը, ո՛չ Բյուլբյուլօղլին ոչ մի բառ չեն պատասխանել բոլորի ներկայությամբ իմ արած այդ հայտարարություններից հետո: Բերանները ջուր առած՝ նստել էին։ Դրանից հետո ասուլիս է եղել, նույն բանն այդ ժամանակ եմ ասել, էլի ոչ մի արձագանք չի եղել։ Դա այնքան հանրահայտ փաստ է։ Բա եթե հայերն էին խնդրել զինադադար, որ հետո վերադարձնեն 5 շրջանները, ինչո՞ւ հետո առաջացավ Ժնևի, Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի մեխանիզմների անհրաժեշտությունը, ինչո՞ւ էր Ալիևը քառօրյա պատերազմից հետո հոկտեմբերին, իր կառավարության նիստում ասում՝ «փակ դռների հետևում ինձ ստիպում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը»,- նկատեց Էդուարդ Շարմազանովը:

Վերջինս նշեց՝ Սերժ Սարգսյանի անունը քուն ու դադար չի տալիս մեկ պաշտոնական Բաքվին, Ալիևին, մեկ էլ այստեղի սազանդարներին՝ Նիկոլ Փաշինյանի արբանյակներին։

«Եկե՛ք թարմացնենք բոլորի հիշողությունը։ Այդ օրերին ԱՄՆ-ից Երևան վերադարձած Սերժ Սարգսյանը քառօրյա պատերազմի ժամանակ հավաքեց Եվրամիության բոլոր դեսպաններին, ասաց, որ սա ագրեսիա է Արցախի ու խաղաղության դեմ, ու ասաց, որ եթե Ադրբեջանը չդադարեցնի իր այդ գործողությունները, Հայաստանը ստիպված կլինի ճանաչել Արցախի անկախությունն ու բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել նրան։ Դեսպաններին Սերժ Սարգսյանն ասաց՝ գնացե՛ք, ձեր մայրաքաղաքներում ասեք։ Այստեղ որևէ խնդրանք տեսնո՞ւմ եք։ Բացեք այդ օրերի լրատվամիջոցները և կարդացեք»,- ասաց ԱԺ նախկին փոխնախագահը: 

Շարմազանովը հիշեցրեց՝ Ալիևի նպատակն էր՝ պատերազմի միջոցով ստիպել հետ կանգնել հրադադարի հին պայմանագրից, որտեղ Արցախը կողմ էր, ու պարտադրեր նոր պայմաններ։ Նոր զինադադարի փաստաթուղթ չի եղել, ինչին ուզում էր հասնել Ալիևը։ Սակայն մնացել է 1994-95թթ․ զինադադարի փաստաթուղթը։ Զինադադար խնդրել է Ադրբեջանը, պայմաններ թելադրել ենք մենք։

«Թաթուլ Հակոբյանի ու նմանների նման հայտարարությունները նպատակ ունեն ուշադրությունը շեղել լուզեր Փաշինյանից, ով ֆիասկոյի է ենթարկվել, ձախողվել է բոլոր հարցերում։ Փաշինյանից ձախողակի պիտակը հեռացնելու համար կարող են այդպես հասնել մինչև Արտաշես 1-ին»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս