«Եկե՛ք թարմացնենք բոլորի հիշողությունը։ Այդ օրերին ԱՄՆ-ից Երևան վերադարձած Սերժ Սարգսյանը քառօրյա պատերազմի ժամանակ հավաքեց Եվրամիության բոլոր դեսպաններին, ասաց, որ սա ագրեսիա է Արցախի ու խաղաղության դեմ, ու ասաց, որ եթե Ադրբեջանը չդադարեցնի իր այդ գործողությունները, Հայաստանը ստիպված կլինի ճանաչել Արցախի անկախությունն ու բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել նրան։ Դեսպաններին Սերժ Սարգսյանն ասաց՝ գնացե՛ք, ձեր մայրաքաղաքներում ասեք։ Այստեղ որևէ խնդրանք տեսնո՞ւմ եք։ Բացեք այդ օրերի լրատվամիջոցները և կարդացեք»,- ասաց ԱԺ նախկին փոխնախագահը:
Քարոզչամեքենաները նրա համար են, որ սպասարկեն կոնկրետ շահեր, ու երևի թե դրանք կյանքի իրավունք ունեն: Կա պահանջարկ, առաջարկը չի ուշանում: Հայաստանում դրանց մեջ առանձնանում է Հանրային հեռուստաընկերության (Հ1) քաղաքական հաղորդումների բլոկը՝ իր հսկայական ռեսուրսներով, իր տակ դրված ահռելի միջոցներով, ի դեպ՝ պետական, հանրության գրպանից, ասել է թե՝ հարկատուների հարկերի հաշվին սնվող: Հանրային հեռուստաընկերություն կոչվող քարոզչամեքենան սպասարկում է կոնկրետ մեկ հոգու՝ Նիկոլ Փաշինյանի ու մեկ քաղաքական թիմի՝ ՔՊ-ի ու նրա արտաքին կուրատորների շահերը, ու դա անում է բավականին արդյունավետ:
Այսօր ընկերներիցս մեկը զայրացած պատմեց իր դիտած Թաթուլ Հակոբյան-Պետրոս Ղազարյան-Նժդեհ Հովսեփյան եռակողմ զրույց-քննարկման մասին: Ինձ ստիպելով նայեցի։ Պատկերացնում եմ, եթե այդ եռախոսությունը նայեր որևէ օտարերկրացի, ինչ կմտածեր հայ ժողովրդի մասին։ Հավատացե՛ք, նա չէր խղճա մեզ, նույնիսկ չէր արհամարհի, այլ պարզապես կզզվեր մեր ժողովրդից։