#ՀԻՄԱ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ Է ԱՐՑԱԽԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ. ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱԺ-ՈՒՄ. #ՈՒՂԻՂ
Հայաստանի պատասխանատու պետական կառույցները փաստացի հրաժարվել են ներկայացուցիչներ ուղարկել ընդդիմության հրավիրած խորհրդարանական քննարկումներին, որոնք նվիրված են Արցախում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման խնդրին: Լսումները նախաձեռնել են «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները:
Բացման խոսքում «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ իրենք ցանկանում էին հրավիրել ԱԳՆ-ի, արդարադատության,ինչպես նաև ԿԳՄՍ նախարարությունների ներկայացուցիչներին: Առաջին երկու նախարարությունները հենց սկզբից հրաժարվել են մասնակցել, ԿԳՄՍՆ-ից սկզբում ընդունել են հրավերը, բայց քննարկումներից մեկ ժամ առաջ զանգել և հայտնել են, որ չեն գալու:
Պատգամավորը կարծում է, որ «վերևից» իջեցված քաղաքական հրահանգ կա չմասնակցել ընդդիմության հրավիրած քննարկմանը։
Լսումներին ներկա են ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մի շարք երկրների դեսպանությունների ներկայացուցիչներ:
«Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանն Արցախում հայկական հետքի ոչնչացման խնդիրը հրատապ է համարում: Նրա խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունները էթնիկ զտումից հետո նպատակաուղղված կերպով ոչնչացնում են գրավյալ տարածքներում հայկական հուշարձաններն ու մշակույթի ու պատմության օբյեկտները: