Նեապոլյան պիցցա
Բաղադրիչները՝ 2 մեծ պիցցայի համար
- 500 գ պատրաստի խմորիչով խմոր (տես՝ խորհուրդը)
- 400 գ հասած լոլիկ
- 2 պճեղ սխտոր
- ռեհանի 8 տերև
- մի պտղունց խնկածաղիկ (орегано)
- 5-6 ճ/գ ձիթապտղի ձեթ
- աղ
Խմորի համար
Խմորիչով խմոր պատրաստելու համար անհրաժեշտ է 15-20 գ թարմ խմորիչ, 500 գ ցորենի ալյուր, մի փոքր աղ ու շաքարավազ, 2 ճ/գ ձիթապտղի ձեթ և 38-40 աստիճան ցելսիուս տաքության բավարար քանակի ջուր, որպեսզի փափուկ ու հարթ խմոր ստացվի:
Խմորը լավ հունցեք, ծածկեք և մի քանի ժամ թողեք տաք տեղում: Խմորը 6 ժամից շատ թողնել պետք չէ:
Պատրաստման եղանակը
Խմորը բաժանեք երկու մասի: Դրանք 0,5 սմ հաստությամբ շրջանաձև բացեք և տեղադրեք տապակների մեջ: 10-15 րոպե թողեք տաք տեղում:
Լոլիկների կեղևն ու սերմերը հեռացրեք, հեղուկը քամեք և պտղամիսը բարակ շերտերով կտրատեք:
Մանր կտրատեք ռեհանը: Սխտորը մանր քերիչով անցկացրեք: Կտրտած ռեհանն ու սխտորն ավելացրեք լոլիկներին: Աղ արեք, ավելացրեք խնկածաղիկն ու խառնեք:
Խմորների մակերեսները ձեթով պատեք, վրան լցրեք ստացված խառնուրդը: Պիցցաների վրա լցրեք մնացած ձեթն ու 10-15 րոպեով տեղադրեք 250 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում: Միանգամից մատուցեք: