Հայաստանն «ինքնիշխանության» անվան տակ հակադրվում է Ռուսաստանին՝ պաշտպանելով Արևմուտքի շահերը

Նախօրեին Մոսկվայում անցկացվող ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանը չի միացել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին:

Հայաստանը, այդպիսով,չի աջակցել Ռուսաստանին՝ ուկրաինական պատերազմում այդ երկրի դեմ կիրառվող միակողմանի պատժամիջոցների դատապարտման, եվրասիական տարածաշրջանում հակաարևմտյան անվտանգային ճարտարապետության հարցում։

Իշխանությունը, բնականաբար, դա ներկայացնելու է՝ որպես ինքնիշխանության ու վերջերս մոդայիկ դարձած «բալանսավորման քաղաքականության» արտահայտություն՝ որպես հիմնավորում գուցե հիշեցնելով, որ շաբաթներ առաջ էլ չէր միացել Եվրոպայի խորհրդի՝ Ռուսաստանին ու Վլադիմիր Պուտինին դատապարտող հայտարարությանը։

Հնարավոր է՝ դրա մեջ կա ճշմարտություն, թեև մյուս կողմից՝դա հաղթաթուղթ է նույն Ռուսաստանի համար՝ իր հերթին հիմնավորելու իր կողմից հայ-ադրբեջանական հարաբերություններում իրականացվող՝ «բալանսավորված», իսկ իրականում՝ ադրբեջանամետ քաղաքականությունը։

Կարդացեք նաև

Հայաստանի իշխանության արդարացումն այս հարցում այն է, որ ինչպես Ռուսաստանը չի աջակցում Հայաստանին Ադրբեջանի հետ հակամարտության հարցում, այնպես էլ Հայաստանն է չեզոք Արևմուտքի հետ Ռուսաստանի դիմակայության պարագային։ Մակերեսային առումով այս դիրքորոշումները կարող են հիմնավոր թվալ, հատկապես, եթե դրանք հանրությանը մատուցվում են համապատասխան քարոզչական փաթեթավորմամբ։

Իրականությունը, սակայն, այն է, որ Ադրբեջանի հետ հարաբերություններում ոչ միայն Ռուսաստանն իրեն չի պահում ռազմավարական դաշնակցի պես, այլ Հայաստանն ինքը՝ մեծ հաշվով, թքած ունի հայկական շահերի վրա և իր կողմից աջակցում է Ռուսաստանի հակահայկական քաղաքականությանը։Հայաստանի գործող իշխանությունն այնքան է նեղացրել հայկական շահերի տիրույթը, որ հանուն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման, անգամ պաշտոնապես սատարում է Ռուսաստանի՝ հայկական արժանապատվությունը ոտնահարող ու նվաստացնող քաղաքականությանը։ Եվ դրա շատ արտահայտիչ օրինակն արձանագրվել է նույն Մոսկվայում, նույն միջոցառման շրջանակներում, երբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ առանձին որոշմամբ ԱՊՀ երկրների ղեկավարներին առաջարկվում է հաստատել ԱՊՀ երկրների մշակութային քաղաքների ցանկը:

«Հաջորդ տարի մշակութային քաղաք ճանաչել ադրբեջանական Լաչինը, 2026-ին՝ հայկական Մեղրին, 2027-ին՝ բելառուսական Մոլոդեչնոն»,-ասել է Լավրովը՝ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի աշխատանքային հանդիպման ժամանակ։

Եվ այդ նիստին մասնակցող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ոչ միայն որևէ առարկություն չի հայտնել «ադրբեջանական Լաչինի» մասին, ոչ միայն Լավրովին չի հիշեցրել, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի փաստաթղթով Ռուսաստանը պարտավորություն ունի ապահովելու նույն Լաչինով անխափան հաղորդակցությունն Արցախի ու Հայաստանի միջև, այլ ընդամենն անդրադարձել է Մեղրիին 2026 թվականին «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի» պատվավոր կարգավիճակ տալու որոշմանը՝ ընդգծելով նաև քաղաքի հնագույն մշակութային ժառանգությունը:

Այս դրվագը, ի դեպ, հայկական տեղեկատվական տիրույթում առանձնապես ուշադրության չի արժանացել, չնայած այն հանգամանքին, որ այդ որոշումն ունի ոչ միայն, իսկ գուցե ոչ այնքան՝ մշակութային, որքան քաղաքական, աշխարհաքաղաքական նշանակություն։ Նման որոշմամբ Ռուսաստանն անուղղակի ուղերձ է հղում այն մասին, որ Լաչինն ու Մեղրին դիտարկում է նույն հարթությունում, ճիշտ այնպես, ինչպես 2020 թվականի պատերազմից հետո՝ Ադրբեջանը։

Ռուսաստանին, իհարկե, կարելի է և պետք է մեղադրել Արցախի, արցախահայության նկատմամբ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները խախտելու համար, բայց նրանք այդ հարցում ունեն «երկաթյա արդարացում», որը նրանց տվել է Հայաստանի գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ 2020 թվականի հոկտեմբերին ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ։ Եվ ստացվում է, որ հիմա Հայաստանն «ինքնիշխանության» անվան տակ Ռուսաստանին հակադրվում է՝ պաշտպանելով Արևմուտքի շահերը, բայց հաշտ է նույն Ռուսաստանի հետ՝ Ադրբեջանի շահերի պաշտպանության հարցում։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս