Ադրբեջանում՝ ներդրումներ, Հայաստանում՝ տարակուսելի ոգևորություն
Մոտ երկու շաբաթ առաջ, ավելի ստույգ՝ սեպտեմբերի 20-ին, Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն ու «Բրիթիշ Պետրոլիումը» հայտարարեցին Կասպիցում նավթագազային համատեղ հետախուզություն իրականացնելու և արդյունահանման ծրագրեր մշակելու նոր պայմանավորվածության մասին:
Զուգահեռ, բոլորովին օրեր առաջ նույն «Բրիթիշ Պետրոլիումի» հետ Բաքուն ստորագրել է մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրումային համաձայնագիր, ըստ որի՝ Ջաբրայիլում նախատեսվում է կառուցել արևային էներգիայի արտադրության խոշոր կայան: Բաքուն մի կողմից՝ շարունակում է սև ոսկու կուտակումը, մյուս կողմից՝ այն ծառայեցնում իր «կանաչ դիմակի» կերտմանը:
Հարևան, հակառակորդ, ընդհուպ՝ Հայաստանի տարածքների հանդեպ պաշտոնական մակարդակով հավակնություն ներկայացնող պետությունից ստացվող այդ տեղեկությունների ֆոնին, Հայաստանում ոգևորություն է: Եվ որքան էլ հնչի տարօրինակ, բայց ոգևորություն է ներդրումների բացակայության առնչությամբ: Բնապահպանական խորագրի ներքո գործող շրջանակներն օրերս ազդարարեցին, որ Եվրասիական զարգացման բանկը կարծես թե չի ֆինանսավորում Ամուլսարի ոսկու արդյունահանման ծրագիրը:
Եվ սա այն դեպքում, երբ ծանր ու կորստաբեր պատերազմից, Արցախի հայաթափումից հետո, և, միևնույն ժամանակ, դեռևս չավարտված պատերազմի, Հայաստանի հանդեպ Ադրբեջանի տոտալ հավակնությունների պայմաններում Հայաստանն ունի հնարավորինս արագ վերականգնման կարիք: Իսկ վերականգնման կարիքը չափվում է ոչ թե հարյուրավոր միլիոն դոլարներով, այլ մի քանի միլիարդ: Որովհետև մարդկային անգին կորստից բացի, հենց այդքան է Հայաստանի ռազմական, տնտեսական կորստի գինը, որ եղել է անցնող չորս տարիներին:
Իսկ դա իր հերթին նշանակում է, որ Հայաստանի համար՝ եթե մինչև 44-օրյա պատերազմը ներդրումային խոշոր ծրագրերը, արտաքին մասշտաբային ներդրումները եղել են բնական անհրաժեշտություն, ապա այսօր արդեն դրանք պարզապես կենսական անհրաժեշտություն են: Իհարկե, որևէ պարագայում խոսքը, իհարկե, չի կարող լինել ամեն գնով ներդրումների մասին, բայց հենց այստեղ է նաև պետական ֆունկցիոնալության կարևոր ինդիկատորը՝ պետական, մասնավոր և հանրային շահի արդյունավետ համադրման կարողությունը:
Օրինակ, 2018 թվականի մայիս-հունիսից իր հայտնի «ոդիսականն» ունեցած Ամուլսարի ոսկու հանքի այդ ծրագրի «վերբեռնման» նշան ի հայտ եկավ 2023 թվականի փետրվարի 22-ին: Հայաստանի կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ընկերության միջև կնքվեց հուշագիր, որը հանքի շինարարությունն ավարտին հասցնելու և ոսկու արդյունահանում սկսելու մասին էր:
2018-ից ի վեր գրեթե պատրաստ հանքի «բնապահպանական շրջափակման» հետևանքով շինարարությունը մնաց անավարտ: Բայց նույնիսկ դա չէր գլխավոր խնդիրը, այլ այն, որ տապալման ճանապարհին հայտնվեց Հայաստանի պատմության խոշորագույն ներդրումային ծրագիրը, որի թե տնտեսական, թե քաղաքական խոշոր նշանակության մասին վկայում էր այն, որ ծրագրի ճակատագրով բաց տեքստով հետաքրքրված էին Հայաստանում ԱՄՆ դեսպանները, որոնք հայտարարում էին, որ այդ ներդրումային ծրագիրը կլինի ուղենիշ արտերկրի այլ ներդրողների համար, որ Հայաստանում կա ներդրումային բարենպաստ միջավայր:
Իսկ արտաքին ներդրումային գործակցությունը ոչ միայն տնտեսություն է, այլ նաև աշխարհաքաղաքականություն և անվտանգություն: Միջազգային հարաբերությունների մի պարզ, տարրական բանաձև, որը, դժբախտաբար, ի տարբերություն մեզ՝ բավականին հաջողությամբ կիրառեց ու կիրառում է Ադրբեջանը: Արցախի ու Հայաստանի դեմ պատերազմի 44 օրերին Բաքուն կռվում էր հենց այդ հաջողության շնորհիվ ձեռք բերած սպառազինությամբ, բայց կա մի բան, որի մասին խոսվում է շատ քիչ, կամ գրեթե չի խոսվում: Բաքուն Արցախի ու Հայաստանի դեմ ագրեսիան տարիներ շարունակ հյուսել ու նախապատրաստել էր նաև միջազգային խոշորագույն դերակատարների հետ տնտեսական շահերի շաղկապման շնորհիվ:
Այն, որ ծրագրի «ոդիսականից» հետո միջազգային ներդրողների հիասթափության պայմաններում այդուհանդերձ գտնվել էր կառույց, որը պատրաստ էր ֆինանսավորել՝ Եվրասիական զարգացման բանկը, թվում էր բավականին կարևոր: Ավելին, հանքը շահագործող «Լիդիանը» նաև հայտնեց բաժնեմասի 12,5 տոկոսը Հայաստանի կառավարությանն անհատույց նվիրելու պատրաստակամություն, ավելի վաղ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր սեփականատիրոջ համանման քայլի օրինակով: Իսկ այդ օրինակը, թեև ազատ տնտեսական հարաբերությունների դասական պատկերից տարբերվող, սակայն նաև առանձնահատուկ հանգամանք է այն միջավայրերի համար, որտեղ կա խոշոր բիզնեսի, հատկապես՝ հանքարդյունաբերության ոլորտի հանդեպ հանրային վստահության խնդիր: Ըստ էության, կառավարության միջոցով ապահովելով փաստացի հանրային ներառականություն, ներդրողները թերևս ակնկալում են վստահության մթնոլորտի ձևավորում, ինչը կարևոր է արդյունավետ և կայուն բիզնես միջավայրի համար:
Հարաբերության այդ ստանդարտների փոփոխությունը բերում է՝ թե բիզնեսի գործունեության ստանդարտների վերելքի, արդիականացման, հետևաբար՝ շրջակա միջավայրի անվտանգության անընդհատ աճի, թե նաև բնապահպանության հարցում մասնագիտականության ու հանրային վերահսկողության արդյունավետության աճի:
Առայժմ, սակայն, Հայաստանում «առաջադիմությունն» ու «արդիականությունը» երբեմն՝ լոկ ռոմանտիզմի, իսկ երբեմն էլ՝ անգամ անգրագիտության կամ կիսագրագիտության հոմանիշներ են, ինչի հետևանքով տնտեսական միջավայրում ծավալվում են մոտեցումներ, որոնք Հայաստանում ստանալու մասին կերազեր, թերևս, ցանկացած հակառակորդ պետություն:
Այդ ամենի հետևանքն այն է, որ, օրինակ, ոսկու միջազգային գնի ռեկորդային աճի պայմաններում, որը պատմական մաքսիմումի մակարդակին է, Հայաստանը գտնվում է ոսկու հանքի շահագործման ներդրումային դեֆիցիտի առաջ: Չի գտնվում ներդրող, և կամ՝ կասկածի տակ է հայտնվում կարծես թե մեկ տարի առաջ ցանկություն արտահայտած ներդրողի մտադրությունը: Իսկ դա ոչ թե ոգևորության, այլ մտահոգության ցուցիչ պետք է լինի այն հանրության համար, որն ունի պարտված պատերազմից հետո արագորեն ոտքի կանգնելու անհրաժեշտություն, առավել ևս՝ շարունակվող սպառնալիքների և ռիսկերի պայմաններում: Առավել ևս, որ ժամանակակից աշխարհում քաղաքական եղանակն էապես պայմանավորվում է նաև «տնտեսական ցիկլոնների» շարժով, որոնք ծավալվում են ներդրումային հետաքրքրությունների տեսքով:
Հայաստանի հանդեպ այդպիսի հետաքրքրության բացակայությունը ոչ թե ոգևորության, այլ տագնապի աղբյուր է: Բայց այստեղ շատ էական է դառնում նաև այդ խնդրի հանդեպ հանրային արձագանքի տրամաբանությունը: Որովհետև, երբ վերը նկարագրածս կարիքների հրատապ ու կենսական անհրաժեշտության առաջ գտնվող հանրությունն իր պետության հանդեպ արտաքին ներդրողների հետաքրքրության բացակայությունը համարի ոգևորության, ոչ թե խորհելու առիթ, ապա «զոհասեղանին» կհայտնվի ոչ թե պետության ներդրումային, այլ պետականության հավաքական վարկն ընդհանրապես:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ