Սրբալույս Մյուռոնի օրհնությունը՝ այսօր

Այսօր ժամը 17:00-ին Սուրբ Գևորգ քաջամարտիկ զորավարի հիշատակության օրը, Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանում կկատարվի Սրբալույս Մյուռոնի օրհնություն՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը ֆեյսբուքյան գրառումներով ներկայացրել են է Ս․ Մյուռոնի խորհուրդը, բաղադրությունը, նշանակությունը, հետաքրքիր տեղեկություններ Մյուռոնօրհնության արարողությունների, ավանդույթների մասին։

Ըստ Հրաչյա Աճառյանի` հունարեն «Մյուռոն» բառը նշանակում է «հեղուկ անուշահոտություն, հոտավետ յուղ», որը ծագում է «քսել, օծել» արմատից: Չնայած այս ստուգաբանությանը, հայկական միջավայրում այն կապվել է «մեռնել», «դառնություն» և «մռայլ» բառերի հետ: Ս. Գրիգոր Նարեկացին եբրայեցերենի հետևողականությամբ Մյուռոնը ստուգաբանում է «մեռա» բառով, որ նշանակում է «դառնություն»: Մյուռոնի «մռայլ» ստուգաբանությունը, որը երբեմն նաև այլ բառերով կոչվում է «խավար» և «մթին» կապվում է աստվածային ճշմարտությունների և Աստծու ճանաչողության հետ: Այդ ճշմարտությունները և Աստված անմատչելի են մեր մտքի համար, հետևաբար նաև՝ խավար և մութ, սակայն դրանց քաղցրությունը և մասամբ ճանաչողությունը տրված է ընտրյալներին և սրբերին:

Հնում արևելյան ազգերը և հատկապես հրեաները ծեսի մեջ ձիթենու յուղ էին օգտագործում: Աստված Մովսեսին պատվիրեց օծության Յուղի պատրաստման ձևը, որով զանազան առարկաներ էին օծում (տե՛ս Ելք 30. 22-33): Օծումից հետո դրանք դառնում էին սրբագործված, զանազանվում մյուսներից և օգտագործվում ծիսական արարողությունների ժամանակ: Օծվում էին նաև քահանաները և թագավորները, ինչպես նաև ննջեցյալների մարմինները` ապականվելուց զերծ պահելու համար: Օծության Յուղն այն տեսանելի, զգալի նշանն էր, որով Աստծո Հոգին ներգործում էր մարդկանց և առարկաների վրա:

Օծման նշանակությունը վերաիմաստավորվեց Հիսուս Քրիստոսի գալստյամբ: Նա դարձավ բացարձակ Օծումը. «Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ օծյալ Տերն է» (Ղուկ. 2. 11): Իսկ Ս. Պետրոսը Հոգեգալստից հետո նորադարձներին ասում էր. «Իսրայելի ամբողջ տունը վստահորեն թող իմանա, որ Աստված Նրան և´ Տեր, և´ Օծյալ արեց, այն Հիսուսին, որին դուք խաչեցիք» (Գործք 2. 36): Նոր Կտակարանում յուղով օծումը նաև հարգանքի նշան էր: Հիշենք, թե ինչպե´ս Բեթանիայում` Սիմոն բորոտի տանը, օծվեց Հիսուսի մարմինը, որը Նրա թաղման խորհուրդն ուներ (Մատթ. 26. 7, Մարկ. 14. 3, Հովհ. 12. 3):

Սրբալույս Մյուռոնի օրհնությունը նվիրական արարողություն է ամեն հայի համար: Այն միավորիչ ուժն է աշխարհասփյուռ հայության և շաղախող հզոր ուժը մեր «փոքր ածուի» անցյալի և ներկայի: Ս. Մյուռոնը մշտապես հիշեցնում է ամենքիս, որ մենք` իբրև քրիստոնյաներ, մկրտվել և ծնվել ենք Հայոց Եկեղեցու Ս. Ավազանից` մեր ճակատին կրելով Ս. Հոգու խորհրդանիշ Ս. Մյուռոնի կնիքը: Այս խորհրդով և հոգևոր գիտակցությամբ ենք ապրել և շարունակում ենք կյանքի մեր ընթացքը Ս. Էջմիածնի օրհնության ներքո: Սրբալույս Մյուռոնն իր ճակատին կրող յուրաքանչյուր հայորդու համար այն դարձել է նաև սրբության և ազգային դրոշմի խորհրդանիշ, որն իր արտացոլումն է գտել նաև մեր ժողովրդի հոգեբանության և մտածողության մեջ: Ուստի պատահական չէ, որ Ս. Մյուռոնին են նվիրվել մի շարք մեկնաբանական երկեր, քարոզներ և չափածո ստեղծագործություններ:

Մյուռոնին ընծայված բացառիկ սիրո և նշանակության մասին է ակնհայտորեն վկայում նաև հայկական ընտանիքներում կնքահորը` քավորին, ընծայվող խորը հարգանքն ու պատիվը: Չէ՞ որ այդ Մյուռոնի շնորհիվ են նրանք իրար հետ հարազատ դառնում և ուխտում` իրենց ողջ կյանքում հավատարիմ լինել այդ սուրբ օծությանը: Այս օրինակները կարելի է շարունակել, որոնք մեկ անգամ ևս փաստում են Ս. Մյուռոնի կարևորությունն ու դերակատարությունը մեր ազգի կյանքում։

Հայոց Եկեղեցում Ս. Մյուռոնի գործածությունը գալիս է առաքելական ժամանակներից: Ըստ ազգային Ավանդության, որը մեջբերված է 13-րդ դարի նշանավոր աստվածաբան Վանական վարդապետի աշխատության մեջ, Քրիստոսի օրհնած յուղը Հայաստան է բերել Հայոց աշխարհի առաջին լուսավորիչ Ս. Թադեոս առաքյալը: Այս մասին է նշում նաև Վարդան վրդ. Արևելցին իր «Աշխարհացույցում»: Մեկ այլ ավանդություն էլ Մյուռոնը կապում է Ս. Մովսես մարգարեի պատրաստած Յուղի հետ, որը հասել էր մինչև Հիսուսի ժամանակները:

Հայաստան գալով` առաքյալն իր հետ բերած սրբազան Յուղով օծում է հիվանդ Աբգար թագավորին և բժշկում նրան: Այնուհետև նա մեկնում է Տարոն, ուր մշտադալար մի եղերդենու տակ թաղում է շշով բերած իր Յուղը: Այդտեղ իջած լույսով և Ս. Գրիգոր Լուսավորչին երևացած տեսիլքի շնորհիվ հայոց առաջին հայրապետը գտնում է առաքյալի թաղած սուրբ Յուղը և խառնում իր օրհնած Մյուռոնին: Հետագայում Լուսավորիչն այդ վայրում կառուցում է Ս. Հովհաննես Մկրտչի անունով մի եկեղեցի, որը հայ մատենագրության մեջ կոչվում է նաև «Եղրդուտի վանք» կամ «Ս. Շիշ յուղի վանք»:

Եվ այսպես ամեն անգամ, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսները նոր Մյուռոն են օրհնել, դրան ավելացրել են նաև լուսավորչավանդ Ս. Մյուռոնը, որպեսզի հնի մեջ բնակվող սրբալույս Շնորհը փոխանցվի նորին: Այս քայլով մեր Եկեղեցին ոչ միայն ապահովում է դարեդար փոխանցվող Մյուռոնի հաջորդականությունը, այլ նաև ևս մեկ անգամ շեշտում Սրբազան Ավանդության հանդեպ իր հավատարմությունը»:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցում Մյուռոնօրհնությունը վերապահված է Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Ըստ ձևավորված ավանդույթի այս սրբազան արարողությունը կատարվում է 5-7 տարին մեկ, սակայն անհրաժեշտության դեպքում այն կարող է նաև խախտվել։

Սկզբնապես Մյուռոնօրհնությունը կատավել է Ավագ Հինգշաբթի օրը, երբ Հիսուս հաստատեց Ս․ Հաղորդության խորհուրդը։ ԺԹ-րդ դարի ծիսական «Մաշտոցները» հրահանգում են, որ այն կարելի է կատարել նաև Հոգեգալստին կամ որևէ այլ պատշաճ տոնական օր։

Վերջին շրջանում Մյուռոնօրհնությունը կատարվում է Վարագա Ս․ Խաչի տոնին։ Նախորդ դարում այն կատարվել է Մայր Տաճարի ներսում կամ զանգակատան դիմաց։ 2001 թ․ սկսած այն տեղի է ունենում Ս․ Տրդատի Բաց խորանում։ Մյուռոնօրհնության օրը՝ առավոտյան, մատուցվում է Ս․ Պատարագ, իսկ երեկոյան տեղի է ունենում սրբազան արարողությունը։

Նախքան Մյուռոնօրհնությանը Վեհափառ Հայրապետը և 12 արքեպիսկոպոսներ կամ եպիսկոպոսներ զգեստավորվում են պատարագչի զգեստներով։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականների հանդիսավոր թափորի ուղեկցությամբ և ամպհովանիով Վեհարանից կամ Մայր Տաճարից «Խորհուրդ խորին» շարականի երգեցողությամբ և Մայր Տաճարի զանգերի ղողանջի ներքո ուղղվում է դեպի Բաց խորան։

Սրբազաններն իրենց հետ այդ ընթացքում տանում են հին Մյուռոնը, բալասանը և Մյուռոնի նյութերի անոթը։ Զուգահեռաբար խորանի վրա Աստվածաշնչից ընթերցումներ են կատարվում։ Առանձին աղոթքներ և ընթեցրումներ է կատարում նաև Վեհափառ Հայրապետը։

Այնուհետև Մայր Աթոռի լուսարարապետը բացում է Սրբալույս Մյուռոնի կաթսան և շարականի երգեցողության ընթացքում Հայոց Հայրապետը կաթսայի մեջ է լցնում ծաղիկներից պատրաստված խտանյութը, որից հետո նաև բալասանը։ Հին Մյուռոնը լցնում է նորի մեջ, այնուհետև երգվում է «Առաքելոյ աղաւնոյ» շարականը։

Հայոց Հայրապետը տյառնագրում և խառնում է Մյուռոնը Հայոց Եկեղեցու ավանդական երեք նվիրական սրբություններով՝ Ս․ Խաչով, Ս․ Գեղարդով և Ս․ Գրիգոր Լուսավորչի Աջով։ Կաթսան ծածկվում է նուրբ շղարշով և արարողությունն ավարտվում է «Պահպանիչ» աղոթքով։

Մայր Աթոռից նշում են, որ Մյուռոնի կաթսան 7 օր շարունակ մնում է Մայր Տաճարում, որպեսզի հավատացյալները հնարավորություն ունենան այն համբուրելու և օրհնություն ստանալու։

Ինչխես նշվեց, ըստ վերջին շրջանում ձևավորված սովորության, Մյուռոնն օրհնվում է 5-7 տարին մեկ, բայց անհրաժեշտության դեպքում այն կարող է նաև խախտվել: Անկասկած, երջանիկ է այն կաթողիկոսը, ով իր գահակալության ընթացքում կարողանում է գեթ մեկ անգամ մյուռոն օրհնել և իր հայրապետական օրհնությունը բաշխել հավատացյալներին:

Ցավոք, պատմության ընթացքում ունեցել ենք նաև այնպիսի հայրապետներ, ովքեր այդպես էլ չեն հասցրել կատարել սրբազան այս արարողությունը: Օր.` Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցի Իզմիրլյան Կաթողիկոսը (1908-1910) իր կարճ գահակալության ընթացքում չհասցրեց մյուռոն օրհնել, քանզի 1909 թ. նշանակված արարողությունը հետաձգվեց Կովկասում բռնկված խոլերայի պատճառով: Նույն ճակատագրին արժանացան նաև երջանկահիշատակ Խորեն Ա Մուրադբեկյանը (1932-1938) և Գևորգ Զ Չորեքչյանը (1945-1954), որոնց նույնպես բախտ չվիճակվեց մյուռոն օրհնել խորհրդային կարգերի պատճառով:

29 տարվա դադարից հետո վերջապես 1955 թ. հոկտեմբերի 8-ին իր առաջին մյուռոնօրհնությունը կատարեց նորընտիր Վազգեն Ա Պալճյանը (1955-1994): Բացի սրանից, Վազգեն Վեհափառն իր գահակալության ընթացքում կատարեց ևս 5 մյուռոնօրհնեք: 1991 թ. սեպտեմբերի 29-ին Աստծո կամքով նա օրհնեց նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին մյուռոնը` անվանելով այն «Անկախության մյուռոն»:

Վազգեն Կաթողիկոսին հաջորդած Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը 1996 թ. սեպտեմբերի 8-ին Մայր Աթոռում կատարեց իր առաջին մյուռոնի օրհնությունը` կոչելով այն «Վերածնության մյուռոն»: Բայց հաջորդը տեղի ունեցավ ոչ թե 7 տարի հետո, այլ` 5, այսինքն` 2001 թ., երբ ազգովի նշում էինք քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյակը: Վերոգրյալ բոլոր օրինակները և պատմական տվյալները ցույց են տալիս, որ ազգային-եկեղեցական կարևոր և հիշարժան տարեթվերի, մյուռոնի պակասության կամ այլ հանգամանքների դեպքում Վեհափառ Հայրապետը կարող է մյուռոնօրհնեք կատարել` օգտվելով իրեն վերապահված իրավունքից:

Մյուռոնի բաղադրիչները

Մյուռոնն ունի երկու էական բաղադրիչ` ձիթենու յուղ և բալասան, որոնց խառնվում է 40-ից ավելի տարբեր հոտավետ խունկերի, ծաղիկների, անուշահոտ բույսերի արմատների, ծաղկաջրերի, յուղային հյութերի և տերևների միաշաղախված հեղուկը: Նյութերի այս բուրումնավետությունը խորհրդանշում է քրիստոնեական հավատքի և կյանքի անուշահոտությունը:

Մեզ են հասել հայկական բազում ձեռագրեր, որոնք անդրադառնում են Ս. Մյուռոնի կանոնին, խորհրդին, անհրաժեշտ նյութերին և այս սրբազան Յուղին առնչվող այլ խնդիրներին: Հատկապես մեծ հետաքրքրություն են ներկայացնում այն ձեռագրերը, որոնք մանրամասն անդրադառնում են Մյուռոնի համար անհրաժեշտ նյութերին: Խնդրի վերաբերյալ մեզ հասած ամենահին ձեռագիրը 1461 թ. ընդօրինակված Մաշտոցյան Մատենադարանի Հմր 4997 ձեռագիրն է, որտեղ խոսվում է 40 բույսերի և նյութերի մասին: Այլ ձեռագրերում նյութերի քանակը հասնում է անգամ մինչև 58-ի: Հետաքրքրական է, որ նմանաբնույթ ձեռագիր մատյաններում բացակայում է ձիթապտղի ձեթի մասին հիշատակությունը, քանզի բոլորին էլ պարզ էր, որ առանց ձիթայուղի հնարավոր չէ Ս. Մյուռոն պատրաստել:

Մյուռոնի նյութերի ուսումնասիրությունը և դրանց աշխարհագրական տարածվածության վերլուծությունը փաստում են, որ այդ բույսերի մեծ մասն աճում են մերձարևադարձային և արևադարձային կլիմայական գոտիներում: Միայն դրանցից մի քանիսը կարող ենք գտնել Արևմտյան Հայաստանում և ներկայիս Հայաստանի Հանրապետությունում: Այս բացը լրացնելու նպատակով վերջին երեք մեռոնօրհնեքների ժամանակ ավելացվել են նաև որոշ բույսեր Արցախից և Հայաստանից:

Ձիթայուղից հետո Ս. Մյուռոնի երկրորդ հիմնական նյութը բալասանն է, որը փշատենու նման մշտադալար ծառի կեղևի կտրվածքից հոսող յուղային խեժ է։ Բալասանն օգտագործվում է կրոնածիսական նպատակով և բժշկության մեջ:

Մյուռոնի պատրաստության ժամանակ բալասանը փափկեցնում են կտավատի յուղով, որպեսզի կարողանա միախառնվել ձիթենու յուղին: Մյուռոնի կանոնը հրահանգում է, որ որքան շատ լինի այն, այնքան ավելի լավ է: Որպես Մյուռոնի մակարդ` բալասանի մասին ստեղծվել են տարբեր ավանդություններ հայ մատենագրության մեջ, այն գովերգվել է նաև գեղարվեստական ստեղծագործություններում:

Վարդան վարդապետն իր «Աշխարհացոյց» աշխատության մեջ նշում է, որ Տիրամայրը լվացել է մանուկ Հիսուսի հագուստը և ջուրը թափել, որտեղ էլ բուսնել է բալասանի ծառը: Այս ավանդազրույցը մեջբերել է նաև Հակոբ Նալյան Պատրիարքը` Նարեկի 93-րդ գլուխը մեկնելիս: Ըստ նրա` ինչպես ծառի ճեղքումից բալասանի յուղային խեժն է դուրս գալիս, այնպես էլ Հիսուսի կողի խոցմամբ` Տիրոջ փրկարար արյունը:

Մյուռոնօրհնության սրբությունները

Դարերի ընթացում Ամենայն Հայոց Հայրապետները Մյուռոնն են օրհնել Հայոց Եկեղեցու ավանդական երեք սրբություններով՝ Ս․ Խաչով, Ս․ Գեղարդով և Ս․ Գրիգոր Լուսավորչի Աջով։

Սրբազան արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մյուռոնը նախ օրհնում է Ս․ Խաչով, որի մեջ զետեղված է Հիսուս Քրիստոսի խաչափայտից մի մասունք։Վերջին շրջանում Մյուռոնօրհնությունը կատարվում է 1652 թ. հատուկ Փիլիպոս Ա Աղբակեցու (1632-1655) համար պատրաստված խաչով։ Ս. Գրիգոր Նարեկացին պնդում է, որ խնկելի, պաշտելի և երանելի այս Յուղը մարդուն որևէ օգուտ չի տա, եթե տերունի կենսատու խաչով չտյառնագրվի:
Ժամանակին Մյուռոնն օրհնվել է Գետարգելի Ս․ Խաչով, որը հայտնի է նաև Սեղբեստրոսի Ս․ Նշան անունով։ Սա այն խաչն է, որով 1023 թ. հունվարի 6-ին Պետրոս Գե­տա­դարձ Կա­թո­ղի­կո­սը (1019-1058) կատարեց նշանավոր Ջրօրհնեքը։ Ըստ ավանդության՝ Հեղինե թագուհին խաչափայտի մասունքից նվիրում է նաև Հռոմի Սեղբեստրոս հայրապետին, որն էլ իր հերթին՝ Ս․ Գրիգոր Լուսավորչին։

Վեհափառ Հայրապետը Մյուռոնն օրհնում է նաև աստվածամուխ Ս. Գեղարդով: Սա նիզակի այն ծայրն է, որով Ղուկիանոս անունով հռոմեացի զինվորը խոցեց Հիսուսի կողը, որից բխեցին ջուր և արյուն (Հովհ. 19: 34): Համաքրիստոնեական այս սրբությունը Հայոց աշխարհ է բերել Ս. Թադեոս առաքյալը:

Պատմահայր Ս. Մովսես Խորենացին պատմում է, որ Քրիստոսին ժամանակակից Աբգար թագավորն անբուժելի հիվանդ էր: Լսելով Տիրոջ հրաշագործությունների և բժշկումների մասին՝ նա Հիսուսին խնդրում է իրեն այցելել: Տերն արքայի մոտ է ուղարկում Ս. Թադեոսին, որը Ս. Գեղարդով և Փշե պսակով բժշկում է Աբգարին: Վերջինս քրիստոնյա է դառնում՝ նույնը պատվիրելով նաև իր քեռորդի Սանատրուկին:

Ս. Գեղարդը որոշ ժամանակ պահվել է Փոքր Հայքի Կամրջաձորի վանքում, իսկ ԺԳ-ԺԸ դարերում՝ Այրիվանքում, որն էլ այս սրբության շնորհիվ վերակոչվել է Գեղարդավանք: Այստեղ են պահվել նաև Նոյան տապանի մասունքը և Հավուց Թառի փրկչական պատկերը:

Գեղարդը հայտնի է նաև հրաշագործ զորությամբ, որի մասին տեղյակ էին ոչ միայն տեղացիները, այլև վրացիները, մահմեդականները և հարևան այլ ժողովուրդներ:
1797 թ. Թիֆլիսում բռնկված ժանտախտի պատճառով Վրաց Գեորգի թագավորը խնդրանքով դիմում է Ղուկաս Ա Կարնեցուն` Ս. Գեղարդը Թիֆլիս տանելու համար: Հայտնի է, որ շատ չանցած այս հիվանդությունը վերանում է քաղաքից: Վրաց թագավորը, այս հրաշքը տեսնելով, չի ցանկանում Ս. Գեղարդը վերադարձնել հայերին: Ս. Գեղարդը նույն պատճառով Թիֆլիս է տարվել նաև 1811, 1814 թթ., իսկ 1846-1847 թթ. շրջել Անդրկովկասում:
1847 թ. Ս. Գեղարդը վերադարձվեց Ս. Էջմիածնին և այլևս երբեք դուրս չտարվեց:

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Հայոց աշխարհի առաջին լուսավորիչներ Ս․ Թադեոսի և Ս․ Բարթողիմեոսի տոնը հռչակվել է Ս․ Գեղարդի ուխտի օր։

Վեհափառ Հայրապետը Տիրոջ խաչափայտի մասունքակիր Ս․ Խաչով և Ս. Գեղարդով Մյուռոնն օրհնելուց հետո այն տյառնագրում է նաև համաքրիստոնեական ու Հայոց աշխարհի պահապան սրբի, մեր հավատքի հոր` Ս. Գրիգոր Լուսավորչի Աջով, որը մեր ազգային-եկեղեցական գլխավոր սրբությունն է: Ուստի պատահական չէ դարերի ընթացքում ամրագրված այն մտածողությունը, որ որտեղ Ամենայն Հայոց Կաթողիկոսությունն է, այնտեղ պետք է լինի նաև նրա վավերականության կնիքը և խորհրդանիշը` Լուսավորչի Աջը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող բազկի և մատների տեսք ունեցող արծաթե պատյանում դեռևս Ե դարում ամփոփվել են առաքելաշավիղ մեր Հայրապետի՝ Ս. Գրիգորի աջ ձեռքի մասունքները: Նվիրական այս սրբությունը պատմության ընթացքում բաժնեկից է եղել մեր ազգի ձեռքբերումներին, պատուհասներին և վերելքներին, քաղաքական և կաթողիկոսական Աթոռի տեղափոխման դրդապատճառներով Հայոց Հայրապետների հետ դեգերել տարբեր վայրեր` մշտապես իր օրհնությունը բաշխելով հավատավոր հայությանը:

Այս Աջի հետ հայի կապվածությունը դիպուկ բնորոշել է ԺԷ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցին` արձագրելով. «Աջի և Ս. Էջմիածնի հետ հայոց ողջ ազգն է կապված»: Բացի Մյուռոնօրհնությունից, Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը դուրս է բերվում նաև բացառիկ և կարևոր տոների, իրադարձությունների ժամանակ, երբ հավատացյալներին հնարավորություն է տրվում մոտենալ սրբությանը և օրհնություն ստանալ բազմաչարչար Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարներից:

Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը դարերի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսների հետ տեղափոխվել է քաղաքից քաղաք` մնալով իբրև Կաթողիկոսության խորհրդանիշ և երաշխավոր:

1292 թ. Եգիպտոսի սուլթանի զորքերն արշավում են Կիլիկիա, գերեվարում Ստեփանոս Հայրապետին և իրենց հետ տանում բազում սրբություններ, այդ թվում` նաև Լուսավորչի Աջը: Եգիպտոսում համաճարակ է սկսվում, որը շատերի կյանքն է խլում: Ըստ ավանդության` պատճառը Ս. Աջն էր, որը եգիպտացիները վերադարձնում են հայերին: Իրականում Աջը վերադարձվում է Հեթում թագավորի ջանքերով, որը գնում է այն եգիպտացիներից:

439 թ. Սսի կաթողիկոսարանից անհետանում է Լուսավորչի Աջը: Հիշատակարանների գրիչները մեր ազգին բաժին հասած անհաջողությունները բացատրում են հատկապես Աջի անհայտացմամբ, որն էջմիածնասեր մի քանի եպիսկոպոսների ջանքերով տեղափոխվել էր Ս. Էջմիածին:

Ս. Գր. Լուսավորչի Աջը Մայր Աթոռից դուրս է բերվել նաև 1604 թ. պարսից Շահ Աբասի կողմից, որը կրկին վերադարձվեց 1663 թ.՝ այլևս չլքելով Ս. Էջմիածինը։

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան, որը 1895 թ. հունվարի 1-ին Ս. Էջմիածնին է նվիրաբերել Նոր Նախիջևանցի վաճառական Աղա Գասպար Հարությունյան Կարապետօղլյանը: Այն պատրաստվել է Մոսկվայում` Պ. Օվչիննիկովի արհեստանոցում:

Կաթսայի վրա պատկերված են Քրիստոսի մկրտությունը Հովհաննես Մկրտչի ձեռքով, Աբգար արքայի մկրտությունը Ս. Թադեոս առաքյալի կողմից, արքայական ընտանիքի մկրտությունը Ս. Գր. Լուսավորչի ձեռամբ, Միածին Որդու էջքը, Մայր Տաճարը և Հոգեգալուստը: Կաթսայի գծագրության ծախսերը հոգացել է Հարություն Եզյանցը, իսկ կաթսայի վրայի ձուլածո կաղապարները պատրաստվել են Սերովբե Հարությունյանի տպարան-գործարանում:

Առաջին անգամ այս կաթսայում Ս. Մյուռոն է օրհնել Խրիմյան Հայրիկը 1897 թ. սեպտեմբերի 14-ին:
Ուշագրավ է, որ Մյուռոնօրհնության համար շքեղ կաթսա ունենալու գաղափարի հեղինակը հայ նշանավոր գրող Ռաֆայել Պատկանյանն է: Նա 1889 թ. հունվարի 17-ին նամակ է գրում Մակար Ա Թեղուտցի կաթողիկոսին (1885-1891), որում հայցում է Վեհափառի օրհնությունը` համընդհանուր հանգանակություն կազմակերպելու կաթսայի համար.

Մեծանուն մտավորականը նամակում տալիս է նաև կաթսայի նկարագրությունը և նշում այն անձանց անունները, ովքեր պատրաստ են ֆինանսավորելու կաթսայի պատրաստումը: Ցավոք, Պատկանյանի այս նախաձեռնությունն այդ պահին իրականություն չի դառնում, այլ մի քանի տարի անց»:

Դարեր շարունակ Ս. Մյուռոնն օրհնվելուց հետո բաշխվել է Վեհափառ Հայրապետի կողմից հայկական տարբեր գաղթօջախներ ուղարկված նվիրակների միջոցով: Նրանք շրջում էին հայկական համայնքներով, Ս. Էջմիածնի և Հայոց Հայրապետի օրհնությունը փոխանցում մարդկանց, Ս. Մյուռոնը բաժանում, ինչպես նաև հավաքում էին Մայր Աթոռին տրվող նվերները:

Նվիրակները չունեին հաստատուն նստավայր, ինչպես որ թեմակալ առաջնորդինն է: Լինելով Կաթողիկոսի ներկայացուցիչն այս կամ այն բնակավայրում` նրանք կարգավորում էին եկեղեցական համայնքների կյանքը և հաշվետու էին միայն Հայոց Հայրապետին:

Մյուռոնը հայկական գաղթօջախ տանելու մասին առաջին հիշատակություններից մեկը պահպանվել է Մեսրոպ Ա Արտազեցի (1359-1372) Կաթողիկոսի կոնդակում` ուղղված Լվովի հայությանը: Մեսրոպ Կաթողիկոսը կոնդակում նշում է, որ թեմի առաջնորդ է նշանակում Գրիգորիս Սրբազանին և նրա միջոցով նաև Մյուռոն է ուղարկում: Իսկ արդեն նվիրակի միջոցով Մյուռոնն արտերկիր տանելու մասին վաղագույն տեղեկությունը պահպանվել է լեհահայերին ուղղված Թեոդորոս Բ Կիլիկեցու (1382-1392) կոնդակում: Փաստորեն նվիրակն այն անձն էր, ով ապահովում էր Ս. Էջմիածնի և տվյալ համայնքի կապը` Ս. Մյուռոնի օգնությամբ հիշեցնելով նրանց իրենց հոգևոր ծննդյավայրի մասին:

Նվիրակներն իրենց հետ վերցնում էին Ս. Մյուռոնը և Հայրապետական կոնդակը, որով հաստատվում էր իրենց ինքնությունը և իրավասությունները, քանզի որոշ հոգևորականներ նվիրակի անվան տակ շահագործում էին մարդկանց և գցում Ս. Էջմիածնի հեղինակությունը: Այն ժամանակ չկային այսօրվա փոխադրամիջոցները, և նվիրակները ստիպված էին շրջագայել քարավաններով, նավերով և այլ հասանելի ձևերով: Նրանք ապահովագրված չէին բնական աղետներից, արհավիրքներից և ավազակների հարձակումներից, երբեմն էլ ընկնում էին տարբեր արկածների մեջ:

Այսպես` Ս. Էջմիածնի նվիրակ Հովհաննես Պոնտացի եպիսկոպոսը 1762 թ. հունվարի 20-ին Բասրայից նավ է նստում և 40 օր հետո հասնում է Հնդկաստանի Սուրաթ քաղաքը, այնտեղից էլ նավով ճանապարհ է ընկնում դեպի հայաշատ Կալկաթա: 60- օրյա նավավարությունից հետո, երբ գրեթե հասել էին Կալկաթային, փոթորիկը կործանում է նավը, նվիրակը և 4 այլ հայեր հրաշքով փրկվում են: Ցավոք, ջուրը տարել էր նվիրակի սնդուկը, որի մեջ էին Մյուռոնը, նրա գրքերը և կոնդակը:

Աստծո նախախնամությամբ մի քանի օր անց սնդուկը պատահաբար հայտնվում է, որի մեջ անվնաս էր մնացել միայն Մյուռոնը: Բայց այդ դեպքից հետո էլ նվիրակը հանգստություն չի գտնում: Այնուհետև նա 40 օր շարունակ ստիպված է լինում փախչել առյուծներից` սնվելով ինչով կարող է: Վերջապես 1763 թ. հունվարի 15-ին նվիրակը հասնում է Հնդկաստանի Սեյդաբադ քաղաք, որն այսօր Կալկաթայից մեքենայով 4 ժամվա ճանապարհ է: Սա պատմական մի փաստ է, որը ցույց է տալիս, թե ինչպիսի´ դժվարություններ են հաղթահարել նվիրակները` ժողովրդին Մյուռոնը հասցնելու համար:

Ինչո՞ւ ենք ասում «Սրբալույս» կամ «կանաչ Մյուռոն»

Մյուռոնի մասին խոսելիս հաճախ գործածում ենք «Սրբալույս» մակդիրը, որն առաջին անգամ հայ մատենագրության մեջ կիրառել է Ս. Գրիգոր Նարեկացին իր անմահ «Աղոթամատյանի» 93-րդ գլխի խորագրում. «Մեկնողական աղոթք Մյուռոնի` Սրբալույս Յուղի մասին»: Նարեկի այս գլուխն ամբողջությամբ նվիրված է Մյուռոնի հոգևոր խորհրդի բացատրությանը: «Սրբալույս Մյուռոն» ասելով` նկատի ունենք, որ այդ Յուղից բխած լույսը սուրբ է, հոգևոր և պայծառ, որը լուսավորում է ամեն քրիստոնյայի:

Ժողովուրդը Ս. Յուղը նաև կոչում է «կանաչ Մյուռոն»: Կանաչը մշտադալարության և թարմության խորհուրդն ունի: Ինչքան թարմ է Մյուռոնը մեր ճակատին, այնքան մենք ավելի մաքուր և Ս. Հոգու շնորհներով զարդարված ենք: Բացի այս հոգևոր իմաստից, նկատի պետք է ունենալ, որ Մյուռոնի գլխավոր նյութերից ձիթայուղը կանաչավուն է, և այն տարիների ընթացքում գունափոխվում է և դառնում ավելի կանաչ:

Դարերի ընթացքում հայոց Մյուռոնի հրաշագործ զորության մասին բազում պատմություններ են ստեղծվել` ընդգծելով նրա զորությունն ու ուժը: Միջնադարում շրջանառված մի ավանդության համաձայն` 1023 թ. հունվարի 6-ին` Աստվածհայտնության տոնին, բյուզանդական կայսեր և ավագանու ներկայությամբ Պետրոս Գետադարձ Կաթողիկոսը (1019-1058) Մաչկա կոչվող գետակի վրա կատարում է մեր ավանդական Ջրօրհնեքի կարգը: Կայսրը կարգադրում է, որ Հայոց Հայրապետը ծեսը կատարի հայկական ծեսով, իսկ հույները` իրենց: Նա հայերին ավելի բարձր տեղում է կանգնեցնում, քան հույներին:

Ըստ Կիրակոս Գանձակեցու († 1271) այս քայլի իմաստն այն էր, որ վերևում հայերի օրհնածը ներքևում հույները վերստին օրհնեին` այն կատարյալ դարձնելով: Արիստակես Լաստիվերցին (11 դ.) գրում է, որ երբ Վեհափառը Մյուռոնը կաթեցրեց, հանկարծակի ճառագայթող լույսի ցնցուղներ դուրս ելան ջրից, դա տեսան բոլոր հավաքվածները, փառաբանեցին Աստծուն և մեր հավատի զորությունը բարձրացավ: Հետագա պատմիչները ոչ միայն չեն բավարարվում երևացած լույսի հրաշքով, այլ նաև որոշ հավելումներ կատարում:

Սամվել Անեցին (12 դ.) նշում է, որ Պետրոս Կաթողիկոսը կանգնեցրեց գետը մի պահ, իսկ Գանձակեցին հավելում է, թե Հայոց Հայրապետի աղոթքի զորությունից գետի ջրերը ետ դարձան:

Գետադարձի անվան հետ է կապված մեկ այլ ուշագրավ փաստ: 1049 թ., երբ Կաթողիկոսը ստիպված էր Բյուզանդիա գնալ` մտածելով, որ գուցե այլևս չվերադառնա և մտահոգվելով Մյուռոնի մասին, նա Ախուրյան գետում երկաթե ամանների մեջ է թաքցնում շուրջ 400 լիտր Մյուռոն, որպեսզի այն հոռոմների ձեռքը չընկնի և ապականվի: Այս մասին է արձանագրում Մատթեոս Ուռհայեցին (11-12 դդ.) իր ժամանակագրության մեջ:

Դարերի ընթացքում Սրբալույս Մյուռոնը հայ մարդու համար դարձել է նվիրական սրբություն և ազգային դրոշմի խորհրդանիշ, որը միավորել է աշխարհացրիվ հայությանը` զանազան արտահայտությունների միջոցով արտացոլվելով նաև մեր հոգեբանության և մտածողության մեջ: Իր խոսքերին առավել ստուգություն հաղորդելու համար շատ անգամ կարելի է լսել «Էն կանաչ Մեռոնը վկա», երեխայի անմեղությունն ու մաքրությունը ցույց տալու համար «Մեռոնի հոտը դեռ գալիս է» ժողովրդական արտահայտությունները: Երբ ինչ-որ կեղտոտ բանի ենք ձեռք տալիս կամ ոչ ճիշտ բան ճաշակում, մեծերն ասում են` «Մեռոնվելիք եղանք», այսինքն` վերստին մաքրվելու համար Մեռոն է պետք:

Երբ մեկը սկսում է իրեն վատ պահել, ասում են` «Կանաչ մեռոնը պակասել է»: Երբեմն խմիչքի մաքուր և հաճելի լինելու դեպքում կարելի է լսել հետևյալ խոսքերը` «Ոնց որ Մեռոն լինի»: Շատ անգամ այն աղբյուրին, որը բժշկող զորություն ունի, անվանել են «Մեռոնաղբյուր»: Այս է պատճառը, որ մարդիկ հաճախ գալիս են եկեղեցի և մեռոնաջուր խնդրում իրենց հիվանդի համար: Մկրտության ժամանակ երեխային հագցվող զգեստը կոչվել է «Մեռոն լաթ»: Այսօր էլ մեծ կարևորություն է տրվում Մեռոնահանի արարողությանը: Ինչպես տեսնում ենք, ժողովրդական նմանատիպ խոսքերը ևս մեկ անգամ ցույց են տալիս հայ մարդու անսահման հարգանքն ու երկյուղածությունը Մյուռոնի հանդեպ:

Ժողովրդի կողմից Մյուռոնին ընծայված բացառիկ հարգանքի և սիրո մասին են վկայում նաև որոշ բառեր և արտահայտություններ:

Օրինակ՝

ՄԵՌՈՆԵԼ- երբ քահանան Սրբալույս Մյուռոնով օծում է քրիստոնյայի մարմնի ինը մասերը: Այս բառը նաև օգտագործվում է չեղած բանը վավերացնելու իմաստով:

ՄԵՌՈՆ ԼԱԹ- Մկրտությունից հետո երեխայի նոր հագուստն է, որը խորհրդանշում է քրիստոնյայի` նոր մարդու ծնունդը Եկեղեցու Ս. Ավազանից:

ՄԵՌՈՆԱԾԱՂԻԿ- օգտագործվում գեղեցիկ և անուշահոտ ծաղկի տեսակի դեպքում: Հաճախ այն նույնացվում է Անթառամ ծաղկի հետ:

ՄԵՌՈՆԱԿԻՐ- արարողության ժամանակ Մեռոնը կրող կամ տանող պաշտոնյան է:

ՄԵՌՈՆԱՋՈՒՐ- նկատի ունի այն ջուրը, որի մեջ հեղվել է Մյուռոնը: Ժողովուրդը բազում բժշկումներ և հրաշքներ է կապում Մեռոնաջրի հետ:

ՄԵՌՈՆԱՄԱՆ- Մեռոնը պահելու ամանն է:

ՄԵՌՈՆԱՇԻՇ- Մյուռոնով շիշն է:

ՄԵՌՈՆԱԲՈՒՅՐ- Մեռոնի բույր ունեցող:

ՄԵՌՈՆԱՀԱՆ- բարեպաշտական մի արարողություն, որը կատարվում է Ս. Մկրտությունից երեք օր հետո, երբ ջրով լվանում են մկրտյալի օծված մասերը:

ՄԵՌՈՆԻ ԾԱՌ– այսպես են հաճախ կոչում Մյուռոնի պատրաստության երկրորդ կարևոր նյութը` բալասանը:

Հայ մարդու համար Մյուռոնն ավելին է, քան պարզ մի օրհնված յուղ: Այն հայ քրիստոնյայի կապն է իր նախնիների ու անցյալի հետ: Այս խորհրդական արարողության միջոցով ենք ճանապարհորդում դարերի միջով՝ սկսելով Քրիստոսով, Ս. Թադեոս առաքյալով, Ս. Գրիգոր Լուսավորչով, Նարեկացիով և հասնում մեր օրերը: Մյուռոնին հավատարիմ լինելը ոչ այլինչ է, եթե ոչ անմնացորդ նվիրում և հավատարմություն մեր Մայր Եկեղեցուն, ազգային-հոգևոր արժեքներին ու մեր Հայրենիքին: Ժողովուրդն ինքը մյուռոնված և չմյուռոնված լինելը կապել է նաև իր ազգային պատկանելիության հետ:

Գարեգին Ա Հայրապետն այս մասին դիպուկ ասել է. «Հայաստանայց Եկեղեցւոյ միւռոնը հայութեան կնի՛քն է դարձած` ըլլալէ ետք կնիքը Ս. Հոգւոյն: Միւռոնով պայծառացած ճակատին համար կ՛ըսենք. «հայո՛ւ ճակատ». միւռոնուած մանուկի համար կ՛ըսենք. «հայո՛ւ որդի». երբ մկրտութենէն անմիջապէս ետք երեխան դրոշմի օծումն ընդունի իր ճակատին` կ՛ըսենք. «Ահա հիմա հայացաւ»:

Սրբալույս Մյուռոնը սովորաբար լցնում են աղավնաձև անոթների մեջ: Աղավնին Ս. Հոգու խորհրդանիշն է: Հիշենք, թե ինչպե´ս Ս. Հոգին աղավնու նման իջավ Հիսուսի վրա մկրտության ժամանակ: Այս է պատճառը, որ սրբապատկերներում և մանրանկարներում Ս. Հոգին աղավնու տեսքով է:

Մեռոնաթափերը պատրաստվում են թևատարած աղավնու, կամ որևէ ճյուղի վրա, կամ էլ գնդի վրա նստած աղավնու ձևով: Գունդը երկրագնդի խորհուրդն ունի: Աղավնաձև այս անոթները սովորաբար լինում են արծաթից և ոսկուց: Մյուռոնը լցվում է անոթի թիկունքից և թափվում նրա բերանից:

Մեռոնաթափերը լինում են նաև ոչ աղավնաձև, որը պատվանդանով կլոր մի աման է և ունի Մյուռոնի ծորալու տեղ, վրան ծածկով և խաչով:

Տեսանյութեր

Լրահոս