«Արցախահայության ԼՂ վերադարձի մասին Հարիսի հայտարարությունը նախընտրական է, բայց․․․». Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի խոսքով՝ Միացյալ Նահանգներում ընտրությունների արդյունքների վերաբերյալ դժվար է ենթադրություններ անել, հատկապես որ, թեկնածուներն այդքան էլ մեծ չեն։
«Կարծում եմ՝ ընտրողների մեծամասնությունը ձայնը տալու է Քամալա Հարիսին, բայց թե ընտրիչներն ինչպես կընտրեն, սա այլ պատմություն է։ Հաշվի առնելով Միացյալ Նահանգներում ընտրությունների առանձնահատկությունները, մեխանիզմները, իհարկե, կարող ես շատ ձայներ հավաքել, քան քո հակառակորդը, բայց հակառակորդը կարող է քեզ հաղթել այնպես, ինչպես եղավ 2016 թվականին Հիլարի Քլինթոնի պարագայում, երբ Թրամփի պրոֆեսիոնալ թիմի արդյունքում, մասնավորապես՝ «ճոճվող» նահանգներում, վերջինս դարձավ Միացյալ Նահանգների նախագահ։ Այնպես որ, պետք չէ կանխատեսում անել, պետք է ուսումնասիրել սոցիոլոգիական հարցումների արդյունքները։ Բայց երկու թեկնածուների դիրքերը բավականին մոտ են»,- «ԱՄՆ նախագահական ընտրություններ. Հայացք Ռուսաստանից և Հայաստանից» քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց միջազգայնագետը։
Ըստ նրա, վերջին հաշվով ընտրողներն առաջնորդվելու են անձնական պատկերացումներով, մոտեցումներով ու պետության ապագայի մասին անձնական պատկերացումներով։
168.am-ի հարցին, որ Քամալա Հարիսն արցախահայերի վերադարձի վերաբերյալ հայտարարություն է արել՝ ասելով, որ այն հայերի արժանապատվության հարցն է, սա նախընտրական խոստո՞ւմ է նրա կողմից՝ ԱՄՆ հայ համայնքին ուղղված, Սուրեն Սարգսյանը պատասխանեց, որ նախընտրական փուլում ցանկացած հայտարարություն առաջին հերթին պետք է դիտարկել հենց նախընտրական տրամաբանության մեջ։
«Այս հայտարարությունը ևս պետք է այդպիսին դիտարկել, մանավանդ, եթե հաշվի առնենք այն փորձը, որ ԱՄՆ նախագահի տարբեր թեկնածուներ, սկսած Բիլ Քլինթոնից, հայտարարել են Հայոց ցեղասպանության ճանաչման մասին և դա որպես առաջնահերթություն են համարել՝ Հայաստանի նկատմամբ արտաքին քաղաքականության տեսանկյունից։
Սակայն իրականում դրան չեն հասել, ճանաչման փաստ, որպես այդպիսին, չի եղել։ Եվ ըստ էության միակը Բայդենն էր, որ խոստացավ և արեց, բայց արեց ոչ միայն, որ խոստացել էր, այլև համապատասխան աշխարհաքաղաքական իրավիճակն էր դա թելադրում, այդ թվում՝ Թուրքիայի նկատմամբ ճնշումներ գործադրելու ցանկությունը՝ հենց պատմաքաղաքական այդ փուլում։
Այնպես որ, կարծում եմ՝ սա պետք է դիտարկենք նաև՝ որպես նախընտրական խոստում, բայց եթե նախընտրական խոստումը չեն կատարում, հայկական համայնքն այստեղ կարող է ճնշման մեխանիզմներ կիրառել այդ թեկնածուի դեմ՝ նրա հաղթանակի պարագայում»,- եզրափակեց Սուրեն Սարգսյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում