Հայաստանից են ասել՝ հանձնվել, ու զինվորականները ստիպված են եղել հանձնել զենքը, թիկունքում 30.000 երեխա կար. Արցախցի լուսանկարիչ

«Ձեռքիս և՛ լուսանկարչական ապարատ կար, և՛ հեռախոս, բայց ո՞նց բարձրանար ձեռքս ու նկարեր սթրեսի մեջ գտնվող մարդուն, գուցե հետո նա հասկանար ինձ, հասկանար, որ պատմության համար, փաստերի համար է անհրաժեշտ, բայց այդ պահին չհաղթահարեցի իմ սթրեսային հոգեբանական վիճակը չհաղթահարեցի»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է արցախցի լուսանկարիչ Էդգար Քամալյանը՝ հիշելով 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակարետում ստեղծված վիճակը։

Հիշեցնենք, որ արտագաղթի ժամանակ պայթել էր վառելիքի պահեստը, որի հետեւանքով մահացել է 238 անձ, անհետ կորած համարվում 22 անձ։

Էդգարն ասում է, որ շատ բան է տեսել, բայց այդ օրերին ձեռքը դողում էր ու շատ դեպքերում չէր կարողանում լուսանկարել։ «Պատկերացնո՞ւմ եք՝ մարդը այրվածքներով այս կողմ այն կողմ է անում, որ չզգա ցավերը, մեկ ուրիշն ուզում է հիվանդանոցի դուռը կոտրել ու ներս մտնել, տեսնել իր երեք զավակներն ո՞ւր են, ի՞նչ վիճակում են։ Մարտեր էին տեղի ունեցել, բայց վիրավորների վիճակն այդ օրերին Ստեփանակերտի հիվանդանոցում այդքան սթրեսային չէր, որքան Ստեփանակերտ- Ասկերան ճանապարհին վառելիքի պահեստի պայթյունի հետեւանքով այրվածքներ ստացած մարդկանց վիճակը»,- նշեց լուսանկարիչը։

Էդգարի ընտանիքը՝ ծնողները, քույրը, վերջինիս զավակները, մորաքույրը, հորաքույրը, ամենավերջիններից է դուրս եկել Արցախից։

Նախ թշնամու գնդակոծության տակ հայտված Ճարտարից են ուշ դուրս եկել, քանի որ Մարտունու ճանապարհը փակ էր։ Նշենք, որ այստեղ կատաղի մարտեր են մղվել եւ Արցախի Մարտունու շրջանում գտնվող «Լուսնյակ» բարձունքը մինչև վերջ անառիկ է պահվել հայորդիների խիզախության, հնարամտության ու արյան շնորհիվ։

Ճարտարի բնակչությունը թերեւս ամենավերջիններից է, որ լքել է իր բնակավայրը, ինչպես պատմեց Էդգարը, 4 օր Ստեփանակերտում է եղել, ամեն ինչ ուներ դուրս գալու համար, բայց սպասվում է, որ եւ ճանապարհը մի փոքր ազատվի, նաեւ հոգեբանական դժվարություն կար, ուզում էր մի քիչ էլ մնալ, ուղղակի քայլում էր Ստեփանակերտի փողոցներով, նայում շուրջը՝ փորձելով մտապահել ամեն ինչ։

Նրա փոխանցմամբ՝ Ճարտարում խուճապ չի նկատել, մարդիկ, գլուխները կախ, իրենց իրերն էին հավաքում, գիտեին, որ ադրբեջանցիների հետ անհնար է ապրել։

«Մայրս յուրահատուկ սպասքի սիրահար է եղել, կարելի է ասել կոլեկցիոներ է եղել ու դեռ 80-ականներից հավաքած տարբեր տեսակի սպասք ուներ։ Ինքը նյարդային նստած էր, մտքովս անցավ, որ մայրս ինչ-որ կերպ պետք է նյարդերը հանգստացնի, ասացի, որ բան պիտի ասեմ, ու տան երկրորդ հարկ ուղեկցեցի նրան, բարձրացանք, ես առաջին ափսեն վերցրի, կոտրեցի ու դրանից հետո մորս կանգնեցնել չեղավ, սկսեց կոտրել բոլորը։ Ճարտարից դուրս գալիս ուզում էի տունն էլ վառել, բայց ծնողներս թույլ չտվեցին։Իսկ մեր ապրածը մինչև տեղահանման 9 ամիսները պետք է ինքներդ ապրեիք, որ հասկանայիք, եթե գյուղերում գոնե մարդիկ կարող էին մի լոլիկ աճեցնել, բանջարեղեն , կանաչի ու դա ուտեին, ապա Ստեփանակերտում իրավիճակը սարսափելի էր, մարդիկ սոված էին, երեխաների հետ գիշերներով հերթ էին կանգնում, որ հաց գնեին, երեք օր կանգնում էին իրենց հերթը հասնում էր , բայց հացը վերջանում էր , չէր հասնում, երբեմն հերթը հասնում էր, հոսանք չէր լինում, որ հացը թխվի, խմորն էին տալիս, մարդիկ երջանկանում էին, որ իրենց տանը կկարողանան մի բան անել այդ խմորից հաց ստանալ։Այդպես 9 ամիս մտածված մարդկանց նյարդերը լարված պահեցին ու հասցրեցին 2023 թվականի սեպտեմբերի 19 ին»,- պատմեց Էդգարը։ Նրա կարծիքով՝ թերեւս չէին էլ սպասում, որ արցախցին այդ վիճակում կկռվի, բայց կռվեցին։ Նրա համոզմամբ՝ այստեղից ՝ Հայաստանից են ասել, որ հանձնվեն ու զինվորականները ստիպված են եղել հանձնել զենքը, մեջքի հետևում 30000 երեխա կար։

Ո՞վ է Արցախը հանձնել, ո՞վ է զենքը հանձնել երկար շահարկվող ու մանիպուլացիայի վերածված հարցերին շուրջ իր իր ապրածի ու տեսածի հիման վրա Էդգարն ընդգծում է՝ Հայաստանից են ասել են, որ հանձնվեն։

Ճարտարից դեպի Ստեփանակերտ 45- կմանոց ճանապարհը 7 ժամում են անցել։ «2 տեղ ադրբեջանցիները կանգնած հարցնում էին՝ քանի՞ հոգի եք, ո՞ւր եք գնում»,- ասաց Էդգարը՝ չցանկանալով խոսել այդ պահին իրենց զգացողությունների մասին։ Ասաց, որ բլոկադայի օրերին ցավն այն էր, որ երեխաները սոված էին, իրենք կարող էին դիմանալ, «յոլա գնալ», բայց երբ տեսնում էին, որ երեխան է սոված, ի՞նչ պետք է անեին։

«Այդպես 9 ամիս ապրելուց հետո մարդկանց մի մասի մոտ սրվել էր ինքնապահպանության բնազդը, ոմանք սթրեսի պատճառով, մեղմ ասած, իրենց արդեն լավ էլ չէին պահում, նաև վառելիքի պահեստի պայթյունի զոհերի շատ լինելը դրանից է եղել, երբ ասել են, որ բոլորին կհասնի, միեւնույն է, նորմալ խաղաղ հերթ պահել չի ստացվել, մարդիկ խուճապի մեջ են եղել , միանգամից շատերն են տարաներով ոտքով մոտ գնացել»,- պատմեց արցախցի լուսանկարիչը՝ նշելով, որ դեպք է եղել, երբ մարդը լցակայանից դուրս է եկել բենզինով ամբողջությամբ թրջված։

Տեսանյութեր

Լրահոս