5 անշարժ գույք, որոնցից մեկը՝ Հունաստանում, նոր բնակարան, տպավորիչ դրամական միջոցներ. Կարեն Անդրեասյանի ու նրա տիկնոջ հայտարարագիրը
Թավշյա իրադարձություններից հետո սահուն քայլերով իր քաղաքական կարիերան մշակած Արդարադատության նախկին նախարար, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի համար 2023թ. բարեբեր է եղել. նա տարին սկսել է 4 անշարժ գույքով, բայց ավարտել՝ 5-ով։
2024 թվականին Կարեն Անդրեասյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք պաշտոնատար անձի՝ 2023 թվականի գույքի, եկամուտների և շահերի մասին, այլ մանրամասների մասին ևս։
Այսպիսով, ԲԴԽ նախագահը տարեսկզբին հայտարարագրել է 4 անշարժ գույք, որոնք բոլորը տնօրինում է միանձնյա․ 2012 թվականին Տավուշի մարզի Դիլիջան համայնքում գնված մեկ հողամաս, ինչպես նաև հողամասի վրա կառուցված անհատական բնակելի տուն, դարձյալ նույն թվականին արդեն Երևան քաղաքում՝ որպես նվիրատվություն ստացած բնակարան, ապա նաև 2019 թվականին գնված անհատական բնակելի տուն՝ Հունաստանում։
2023 թվականին արդեն Կարեն Անդրեասյանը մայրաքաղաքում 61 միլիոն 699.800 դրամով ձեռք է բերում, ըստ հայտարարագրի, իր երկրորդ բնակարանը։
Հայտարարատուի՝ բանկային 43.500 դոլար ավանդը տարեվերջին զրոյացվել է, նվազել են նաև 4 բանկերում պահվող նրա բանկային հաշիվների՝ տպավորիչ մնացորդները․ տարեսկզբի 20 768 դոլարը, 11.956 և 240.000 եվրոն և 706.905 դրամը՝ տարեվերջին կազմել են 10 093 դոլար, 616.400 դրամ և 10.048 ու 140.000 եվրո։ Կանխիկ միջոցները տարեվերջին կազմել են 2 միլիոն 500.000 դրամ․ ԲԴԽ նախագահը տարին սկսել էր 4,5 միլիոն դրամ կանխիկ միջոցներով։
Կարեն Անդրեասյանի հաշվետու տարվա՝ 22 միլիոն 660.263 դրամ եկամուտը ձևավորվել է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ դատական դեպարտամենտից ստացած աշխատանքի վարձատրությունից (և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից):
2023 թվականին նա հայտարարագրել է նաև հանգստի համար ճանապարհածախս 7 միլիոն դրամի չափով։
Քանի որ ԲԴԽ նախագահն իր հայտարարագրում հիշատակել էր կնոջ՝ Եվա Առաքելյանի կողմից «Էյ ԷՄ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ 40 տոկոս բաժնեմասը տնօրինելու մասին, կարճ կանդրադառնանք նաև նրա հայտարարագրին։
Բայց մինչ Կարեն Անդրեասյանի կնոջ հայտարարագրի մանրամասներին անդրադառնալը, նկատենք, որ «Էյ Էմ իրավաբանական ընկերությունը» հիմնադրել են Կարեն Անդրեասյանն ու Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, և ընկերության 60 տոկոս բաժնեմասն էլ պատկանում է հենց նախարար Մինասյանին։ Ի դեպ, մամուլը մեկ անգամ չէ գրել Կարեն Անդրեասյանի ու Գրիգոր Մինասյանի փոխկապակցված հետաքրքրությունների մասին։
Կարեն Անդրեասյանի տիկնոջ՝ Եվա Առաքելյանի 2024 թվականին ներկայացրած հայտարարագրում անշարժ գույքի մասին որևէ տվյալ չկա, միայն նշվում է, որ 90 օրից ավելի տիրապետում է 2013 թվականի արտադրության «Տոյոտա» մակնիշի մեքենայի։
Եվա Առաքելյանը հայտարարագրել է 2012 թվականին Գրիգոր Մինասյանի կողմից իբրև նվիրատվություն ստացած բաժնեմասը։ Պաշտոնատար անձի տիկնոջ բանկային հաշիվների մնացորդներն էլ տարվա ընթացքում աճել են․ տարեսկզբի՝ 6.08 եվրոն տարեվերջին կազմել է 410 2 եվրո, իսկ 957.006 դրամը՝ 2 միլիոն 267.990 դրամ։
Նա նաև հսկայական կանխիկ միջոցներ է հայտարարագրել․ տարեսկզբին, օրինակ, 3 միլիոն դրամ կանխիկ միջոցները տարեվերջին կազմել են 26 միլիոն դրամ։ Կարեն Անդրեասյանի կնոջ հաշվետու տարվա եկամուտներն էլ գերազանցել են ամուսնու եկամուտները․ Եվա Առաքելյանը հայտարարագրել է 39 միլիոն 474.322 դրամ եկամուտ, որը գոյացել է ֆինանսների նախարարությունից ստացած այլ եկամուտներից, «Էյ Էմ իրավաբանական ընկերությունից» ստացած 31.412.000 դրամ շահաբաժնից, ինչպես նաև՝ 4.779.000 դրամ աշխատավարձից, «Մելլաթ» բանկից՝ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտից ու ԱԳՆ-ից ստացած աշխատանքի վարձատրությունից (կամ՝ դրան հավասարեցված այլ վճարումներից):