ՄԱԿ-ի ամբիոն օգտագործել և չխոսել կարևոր հարցերի մասին՝ անտրամաբանական է. սա լրջագույն խոչընդոտ է ստեղծում մեզ համար. Գեղամ Ստեփանյան
Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում մասնակցել է Ապագայի գագաթնաժողովին:
Նիկոլ Փաշինյանն ամբողջ ելույթի ընթացքում որևէ ձևով չանդրադարձավ Բաքվի բանտերում պատանդի կարգավիճակում պահվող հայերին, չանդրադարձավ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը, նրա կողմից ՀՀ տարածքների օկուպացիային։ Որևէ խոսք չեղավ նաև արցախահայերի վերադարձի իրավունքի ու առհասարակ Արցախի հարցի մասին։
Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ վերաբերում էր իր գլխավորած քաղաքական ուժի կարգախոսին՝ «Ապագա կա»-ին։ ՄԱԿ ամբիոնը Նիկոլ Փաշինյանն օգտագործեց միայն այդ կարգախոսի համար։
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, սակայն, համոզված է, որ այս ժամանակահատվածում ցանկացած հարթակ պետք է օգտագործվի արցախահայերի, առհասարակ հայության համար կարևորություն ունեցող բոլոր հարցերը բարձրաձայնելու համար, այդ թվում՝ գերիների, պատանդների հարցը։
«ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանը, որն ուներ «Ապագայի սամիթ» խորագիրը, առիթ էր խոսելու այն մասին, որ ապագայում չպետք է լինեն ապօրինաբար պահվող գերիներ, պատանդներ, սակայն այս մասին չխոսվեց։ Հետևաբար, արդարացվում են մեր մտահոգությունները, որ Հայաստանի իշխանությունը, առնվազն քաղաքական մակարդակում, պատշաճ աշխատանքներ չի տանում Բաքվում պահվող պատանդների և գերիների վերադարձի համար։
Տարբեր նախաձեռնություններ՝ լինի նաև սփյուռքում, թեկուզ ոչ հայեր, Օկամպոյի օրինակով եմ ասում, այս ժամանակահատվածը՝ COP-29-ից առաջ, փորձում են օգտագործել այդ թեման կարևորելու և դրա մասին անընդհատ խոսելու համար։ Բայց ունենալ նման հնարավորություն՝ ՄԱԿ-ի ամբիոն օգտագործել և չխոսել դրա մասին, ուղղակի անտրամաբանական եմ համարում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գեղամ Ստեփանյանը։
Հարցին՝ եթե ՀՀ իշխանությունը պաշտոնապես վերը նշված խնդիրների մասին չի բարձրաձայնում, արցախահայերը, Արցախի իշխանությունն ի վիճակի՞ է միայնակ այդ հարցերն առաջ տանել, Գեղամ Ստեփանյանը պատասխանեց՝ հարցը կարևոր է և այն հարցերից է, որն առաջնային խոչընդոտներից է հանդիսանում, հատկապես, երբ տարբեր երկրների ներկայացուցիչներ հետաքրքրվում են, թե ինչու ՀՀ իշխանությունը պաշտոնական մակարդակով չի բարձրաձայնում այդ հարցերը։
«Վերջերս էլ երբ բարձրաձայնեցի գերիների, արցախահայերի վերադարձի մասին հարցը, միշտ կա հարցադրումը, թե ինչո՞ւ ՀՀ իշխանությունը պաշտոնական մակարդակով այդ հարցերի մասին չի խոսում։ Կարող եմ ասել, որ սա լրջագույն խոչընդոտ է, որը կոնկրետ ինձ համար միշտ խոչընդոտներ է ստեղծում։
Հիմա եթե Հայաստանի իշխանությունը մեր խնդիրների մասին չի խոսում, մեր կողմից լռությունը ճիշտ չէ։ Օրինակ, ինքս տարբեր հանդիպումներում հետևյալն եմ ասում, որ եթե ՀՀ իշխանությունը չի խոսում, արդյո՞ք դա կարող է պատճառ հանդիսանալ, որպեսզի միջազգային հանրությունը, որը նաև պատասխանատվություն ունի մարդու իրավունքների օրակարգի համար, ինքը ևս լռի։ Իհարկե, ցանկալի ու առաջնային կարևորություն կունենա, եթե ՀՀ իշխանությունը խոսի այս մասին, բայց չի խոսում, մենք շարունակելու ենք խոսել և այս հարցերը պահել օրակարգում, մինչև այն ժամանակ, երբ ՀՀ իշխանությունն այս հարցերը կվերադարձնի օրակարգ։
Կրկնում եմ՝ սա իրապես լրջագույն մարտահրավեր է մեզ համար։ Փաստացի այսօր Հայաստանը միայն իրավական հարթակում է, որ շարունակում է պահպանել Արցախի հետ կապված որոշակի հարցեր։ Չնայած տարբեր պաշտոնյաների կողմից լսում ենք, որ հնարավոր է՝ իրավական հարցերն էլ հետ կանչեն, եթե այդպես լինի, դա կլինի տապանաքարն Արցախի հարցի մասով»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Արցախի ՄԻՊ-ը նաև փոխանցեց՝ արցախահայերի վերադարձի իրավունքի պաշտպանությունն ունի աջակցություն տարբեր միջազգային կառույցների կողմից, իր միջազգային այցերի ընթացքում դրանում համոզվել է։
«Միանշանակ կարմիր թելի նման անցնում է այն գաղափարը, որ այս հարցերը չպետք է անտեսվեն, որ առանց այդ հարցերի հասցեագրման՝ խաղաղության հասնելը երկարաժամկետ չի կարող լինել։ Այդ ըմբռնումը կա տարբեր դերակատարների մոտ, հեռու չգնանք, ամենավառ օրինակը Կանադայի արտգործնախարարի վերջին հայտարարությունն է։ Կանադան համարում է, որ Արցախի հակամարտությունը կարգավորված չէ, բայց Հայաստանից դրա մասին չեն խոսում։ Նման աբսուրդային իրավիճակում ենք»,- եզրափակեց Գեղամ Ստեփանյանը։