Հրամայված է չլինել ագրեսիվ, «խաղաղ հանձնվել»
Հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանն իր անդամակցությունը սառեցրել է ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը չի ապահովում Հայաստանի նկատմամբ անվտանգային պարտավորությունները, այլև այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։
Փաշինյանի խոսքով, Հայաստանը ՀԱՊԿ-ում իր գործունեության լիարժեք վերականգնման մասին կմտածի, եթե իր բարձրացրած հարցերին հստակ պատասխան ստանա: Իսկ թե ինչ պատասխան է Փաշինյանն ակնկալում՝ գաղտնիք չէ. Ռուսաստանը պետք է հայտարարի, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն այնքան է, որքան Նիկոլ Փաշինյանն է պատկերացնում: Խնդիրն այն է, որ այդ պատկերացումները տարբեր ժամանակաշրջաններում տարբեր են եղել, այս պահին նա կանգ է առել 29.743 քկմ տարածքի վրա: Բայց սա չի խանգարում, որ Նիկոլ Փաշինյանը տնտեսական հարաբերությունների զարգացման մասին խոսի ԵԱՏՄ շրջանակում և պահպանի 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության համատեքստում ՌԴ լեգիտիմ իրավունքները, մասնավորապես, ապաշրջափակման գործընթացում:
Այսինքն, այն, ինչ վերաբերում է ռազմական անվտանգությանը և բանակին, կատեգորիկ է, բայց ոչ դրական առումով: ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ-ում, բայց չի փորձում օգտվել դրա շրջանակում, այսպես ասած, ՀՀ-ին հասանելիք աջակցությունից:
Փաշինյանի բերած պատճառն իրականում ծիծաղելի է, որին արդեն իսկ Կրեմլից արձագանքել են՝ հայտնելով իրենց անհամաձայնությունը:
Հիշեցնենք, որ 2023 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ում «Անխախտ եղբայրություն-2023» ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը նպատակահարմար չեն համարում:
«Երբ որ ՀԱՊԿ-ն չի ասում, թե որն է իր պատասխանատվության գոտին, դա մեզ համար ֆունդամենտալ պրոբլեմ է: Այսինքն, ՀԱՊԿ-ը չի ասում՝ որտեղով է անցնում այդ կարմիր գիծը: Սոթք-Խոզնավարով չի անցնում, Ջերմուկով չի անցնում, որտեղո՞վ է անցնում: Մենք մինչև դա չիմանանք, կլինենք այդ իրավիճակում, կհրավիրենք, կասենք՝ եկեք սպառնալիք ստեղծեք ձեր ասած թուրք-ադրբեջանական տանդեմի համար 2 օր, իսկ 3-րդ օրը հանգստացեք, 4-րդ օրը գնացեք ձեր գործերին, իսկ մենք մնանք այդ տանդեմի առաջ դեմ հանդիման»,- 2023 թվականի հունվարի 10-ի ասուլիսի ժամանակ ասել էր Փաշինյանը՝ միաժամանակ շեշտելով, որ ՌԴ-ն է ՀՀ-ի անվտանգության երաշխավորը:
168.am-ն անդրադարձել էր Փաշինյանի ասուլիսային հայտարարությանը:
Մասնավորապես, հիշեցրել էինք, որ 2020-ի հուլիսյան մարտերի օրերին հայ-ռուսական զորավարժություններ էին անցկացվել: Ռուսաստանի Հարավային և Արևմտյան ռազմական օկրուգներն անակնկալ մարտական պատրաստության բարձր աստիճանի էին բերվել, զորավարժություններ էին սկսվել հարավային և արևմտյան ռազմական շրջաններում:
Եվ քանի որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը 102-րդ ռազմաբազայի հետ ուներ այդ ընթացիկ զորավարժությունների ընթացքում համատեղ միջոցառումներ՝ ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ՝ այլ զորավարժարաններում, ՀՀ Զինված ուժերից բավականին մեծ՝ մեկ գնդին հավասար ուժեր էին ներգրավվել՝ տանկային, հրետանային, մոտոհրաձգային և այլն:
Ադրբեջանական կողմն անհանգստություն էր հայտնել: Այդ մտավախություններին ի պատասխան՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովին տեղյակ էր պահել ռուսական զորքերի անակնկալ մարտական բարձր աստիճանի բերելու մասին և վստահեցրել. «Տվյալ միջոցառումը պլանային է և որևէ կերպ առնչություն չունի հայ-ադրբեջանական սահմանագոտում ընթացիկ իրավիճակի հետ»:
Այսինքն, այդ ժամանակ թուրք-ադրբեջանական տանդեմի համար սպառնալիք ստեղծելու մտավախություն չկա՞ր: Ավելին, երկու տարի է՝ ՀՀ-ում անցկացվում են «Արծիվ գործընկեր» հայ-ամերիկյան զորավարժությունները, Ադրբեջանը սրա հետ կապված էլ դժգոհություններ է հայտնել, փորձել գրավել նաև Իրանի ուշադրությունը սրա վրա, բայց որևէ խնդիր Փաշինյանը չի տեսել: Իրականում Փաշինյանի խնդիրը ոչ այնքան կապված է Ռուսաստանի հետ, որքան բանակի զարգացումը զսպելու և ցույց տալու, որ ստեղծվել է մի վիճակ, երբ այլ տարբերակ չկա, քան թուրք-ադրբեջանական տանդեմին «խաղաղ հանձնվելը»:
Ասվածի ապացույցը, ըստ էության, հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովի ընթացքում տվել է հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, երբ նշել է՝ անվտանգության միակ երաշխիքը խաղաղությունն է, և հավելել. «Աշխարհում չկա երկիր կամ ռազմական բլոկ, որն ի վիճակի է ապահովել անվտանգություն ՀՀ-ի համար։ Իր համար անվտանգություն ի վիճակի է ստեղծել միայն ՀՀ-ն՝ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու պարագայում»:
Սա մի կողմից՝ խոսում է Նիկոլ Փաշինյանի անվտանգային տեսլականի և քաղաքական նպատակների մասին, մյուս կողմից՝ նրա արտաքին և ռազմաքաղաքական ձախողման, այսինքն՝ ՀՀ անվտանգությունը ոչ ոք պատրաստ չէ ընդունել, այդ թվում՝ Հավաքական անվտանգությունը և արևմտյան առանձին երկրներ, ինչի մասին Փաշինյանի ընդդիմախոսները վաղուց էին զգուշացնում:
Ի դեպ, նշենք, որ 168.am-ի հետ հարցազրույցում մի առիթով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը նկատել էր, որ «եթե դաշնակիցը ՌԴ-ն է, ապա համագործակցությունը պետք է «տասնապատկվի» ՌԴ ԶՈՒ-ի հետ և ՀԱՊԿ-ի շրջանակներում, եթե ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, ապա համապատասխանաբար իրենց հետ պետք է «տասնապատկվի» համագործակցությունը, իսկ եթե դա Իրանը, Հնդկաստանը կամ Չինաստանն են, ապա պետք է սկսել 0-ից և համապատասխան համագործակցություն ծավալել»: Այսօր ՀՀ-ն ոչ նշվածն ունի, ոչ էլ իրական դիվերսիֆիկացիա: Սա՝ առաջին:
Երկրորդ, սրա մասին, թերևս, հուշում է նաև այն, որ Ադրբեջանին արևմտյան, եվրոպական, ՆԱՏՕ-ական ավելի շատ երկրներ են զենք վաճառում, քան Հայաստանին։ Ըստ էության, միայն Ֆրանսիան է վաճառում, և այն էլ՝ 44-օրյայից տարիներ հետո:
Այստեղ հարկ է հավելել, որ մոտ երկու շաբաթ առաջ Բաքու էր այցելել ԱՄՆ բանակի կամ ԱՄՆ պաշտպանական դեպարտամենտի ներկայացուցիչ Պատրիկ Պրայորը, ով ամերիկյան հետախուզության պատասխանատուներից է:
Պրայորի այցի նպատակն էր ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների ամրապնդումն անվտանգային բնագավառում: Հնարավոր է, բայց չի բացառվում նաև, որ ադրբեջանական կողմը փորձելու է Հայաստանի դեմ սկսած տեղեկատվական և քարոզչական արշավի համատեքստում հերքում կամ ապացույցներ ստանալ:
ԱՄՆ բանակի ներկայացուցչին հաջորդել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության (MI 6) ղեկավար Ռիչարդ Մուրի այցը Բաքու, ով դասախոսություն է կարդացել ADA համալսարանում։
Իսկ Թուրքիայի գլխավոր շտաբի պետ գեներալ Մեթին Գյուրաքը սեպտեմբերի 17-ին ընդունել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ-մայոր Նամիգ Իսլամզադեին: Հանդիպմանը ներկա է եղել Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ Զիյա Ջեմալ Քադըօղլուն:
Չմոռանանք, որ Թուրքիայի դերն Ադրբեջանի ավիացիայի զարգացման և արդիականացման գործում բավականին մեծ է: Ավելին, 2020 թվականին 44-օրյա պատերազմի օրերին Թուրքիայի ռազմօդուժի համակարգը 44-օրյային փոխկապակցված էր ՆԱՏՕ-ի հրամանատրման և վերահսկման համակարգին, ինչի մասին Քննիչ հանձնաժողովում հայտարարել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:
Իսկ այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ որպես դիտորդ՝ արձանագրել է, որ Թուրքիայում Հայաստանի վերաբերյալ ընկալման փոփոխություն կա, և, որ հայկական բանակը չպետք է իր գործողություններում ագրեսիվ ենթատեքստ ունենա, որ ՀՀ օկուպացված ավելի քան 200 քկմ տարածքը չպետք է ուժով վերադարձնել, որ անվտանգության մասին խոսելիս՝ չպետք է առաջին հերթին զենք-զինամթերքի մասին խոսք լինի: Բնականաբար, եթե կա ուժեղ դիվանագիտություն, գործը տանկերին չի հասնի, բայց քանի որ դա չկա, առնվազն պետք է մտածել բանակի հզորացման մասին, ինչի քաղաքական կամքը չկա: Միլիոնավոր դոլարների զենք-զինամթերքի գնման, պրոֆեսիոնալ բանակի մասին հայտարարությունները ոչ մի արժեք չունեն, եթե բանակը կաշկանդում ես, լեգիտիմ և ոչ լեգիտիմ խնդիրներ սահմանում: Հայաստանը երբեք այլ երկրի տարածք նվաճելու մտադրություն չի ունեցել, իսկ պաշտպանություն ասվածը որոշակի «ագրեսիվ» տարր իր մեջ պարունակում է: Եվ եթե չունես կարողություն պատերազմը հակառակորդի տարածք տեղափոխելու, և ավելի վատ քո տարածք է այն տեղափոխվում, ելքը կործանարար է լինում:
Այստեղ շատերի մոտ նույնիսկ դեժավյու եղավ. 2019 թվականին Փաշինյանը խոսելով աննախադեպ ռազմական գնումների մասին, հայտարարել էր, որ այդ սպառազինությունը մեզ պետք է ոչ թե պատերազմի, այլ՝ խաղաղության համար: Մեկ տարի հետո ստացանք պատերազմ, չունեցանք խաղաղություն:
ՀՀ գործող իշխանությունների պրոֆեսիոնալ բանակի պատկերացումները, ըստ էության, սահմանափակվում են միայն ամրացված շրջաններ ունենալով: Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, թե 2026-ին ՀՀ սահմանային ողջ երկայնքում կլինեն ամրոցներ, որտեղ զինվորն առավել պաշտպանված կլինի: Բնական է, այստեղ խոսքը երկրորդ, երրորդ գծի մասին է: Այսինքն, ամրոցներ ստեղծեն, որ առաջնագծից զորքի նահանջի դեպքում թաքնվելու տե՞ղ լինի, թե՞ այն առաջնագծում կռվողի թիկունքը պիտի պահի: Սա արդեն կախված է՝ ինչ հոգեբանությամբ են առաջնորդվում: Իսկ իրականում պետք է մտածել գրոհային և արագ արձագանքման ստորաբաժանումներ և խմբեր ունենալու, քաղաքային մարտերին պատրաստ լինելու մասին: Ադրբեջանը նման դրվագներով անգամ վարժանքներ է արել՝ ինչպես գրավել «պայմանական հակառակորդի» բնակավայրերը:
Ինչպես բազմիցս գրել ենք՝ Ադրբեջանը համալիր կերպով պատրաստվում է պատերազմի՝ քարոզչական, ռազմական, դիվանագիտական առումներով: Իսկ Նիկոլ Փաշինյանը ՀՀ զինված ուժերին հրահանգում է ձերբազատվել թշնամու նկատմամբ ագրեսիվ տրամադրություններից: