Նախիջևանում խաղարկվել է «պայմանական հակառակորդի պլանային և չնախատեսված թիրախների խոցման դրվագ». Ադրբեջանը ՀՀ-ին մեղադրում է այս ուղղությամբ կրակ բացելու համար
Վերջին օրերին Ադրբեջանը Հայաստանին մեղադրում էր Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական դիրքերը թիրախավորելու, կրակ բացելու համար: Եվ չնայած նրան, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն այդ տեղեկությունները հերքել է և հիշեցրել Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ երկկողմ հետաքննության մեխանիզմներ ձևավորելու առաջարկը, ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցներից մեկը զրուցել է ռուսաստանցի քաղաքագետ Միխայիլ Նեյժմակովի հետ՝ փորձելով հասկանալ «հայկական կողմի հրադադարի խախտման» մոտիվացիան:
Ռուս վերլուծաբանը նկատել է՝ այն, որ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին կրակ բացելու համար, իսկ Հայաստանը հերքում է, նման իրավիճակը պրոբլեմատիկ ֆոն է ստեղծում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների համար:
Ինչ վերաբերում է Փաշինյանի առաջարկին, Նեյժմակովը նշել է, որ համատեղ հետաքննության մեխանիզմների ստեղծումն առկա իրավիճակին չի վնասի, բայց չի կարելի դրա արդյունավետությունը գերագնահատել, հատկապես, երբ խոսքն այնպիսի պետությունների մասին է, որոնք երկար տարիներ գտնվում են կոնֆլիկտի մեջ:
«Այսինքն, եթե անգամ երկկողմ հետաքննության մեխանիզմը ձևավորվեր, մեծ հարց է՝ որքանով այն կարող էր արդյունավետ աշխատել, նվազագույնը մոտ ապագայում»,- ընդգծել է Նեյժմակովը:
Նշենք, որ Ադրբեջանը չի ընդունել Փաշինյանի այս առաջարկը:
Իսկ Հայաստանին նախիջևանյան թևում հրադադարի ռեժիմի մեջ մեղադրելու ֆոնին Ադրբեջանը Նախիջևանում տակտիկական զորավարժություններ է անցկացնում՝ հրետանային ստորաբաժանումների կողմից մարտական կրակով:
Զորավարժությունների պլանի համաձայն՝ ստորաբաժանումները կատարել են կրակային դիրքեր զբաղեցնելու, հրետանային համակարգերը մարտական կիրառման պատրաստելու և այլ առաջադրանքներ։
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ իրական մարտական պայմաններին համապատասխան այս վարժանքների ընթացքում հրետանային ստորաբաժանումները «հայտնաբերել և ճշգրիտ կրակով ոչնչացրել են պայմանական հակառակորդի պլանային և ոչ պլանային կամ չնախատեսված թիրախները»:
Շեշտվում է նաև, որ հատուկ ուշադրություն է դարձվել, մասնավորապես, «հեռավորության և անկյունների ճշգրիտ չափման» խնդրի վրա և այլն:
Այս ամենը հուշում է, որ ՀՀ իշխանությունները ռազմական, արտաքին քաղաքական առումներով ուշադրության կենտրոնում պետք է պահեն Նախիջևանը: