
Օմանը մտադիր չէ կարգավորել հարաբերություններն Իսրայելի հետ

Օմանի սուլթանությունը չի պատրաստվում կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ մի շարք արաբական երկրների օրինակով և հանդես է գալիս պաղեստինցիների իրավունքների ապահովման օգտին։ Այդ մասին հայտնել է Օմանի արտաքին գործերի փոխնախարար Խալիֆա բին Ալի բին Իսա ալ-Հարիսին։
«Օմանի սուլթանությունը մտադիր չէ կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ, և այժմ հարցն այն չէ, թե արդյոք նորմալացում կլինի, թե ոչ։ Կարևորը պաղեստինյան հարցի լուծման հասնելն է և պաղեստինցիների իրավունքների պաշտպանությունն է, ինչին պետք է ձգտեն միջազգային հանրությունը և Միացյալ Նահանգները։ Դրա ձեռքբերումը կբերի անվտանգություն և կայունություն Մերձավոր Արևելքի տարածաշրջանում»,- ասել է Օմանի փոխարտգործնախարարը։
Նրա խոսքով՝ Իսրայելի և տարածաշրջանի մի շարք երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացը չի հասել իր նպատակին։ «Իսրայելն ավելի շուտ օգտվել է հարաբերությունների կարգավորման հնարավորությունից՝ պաղեստինցիներին հետագա հալածանքների ենթարկելու համար՝ զրկելով նրանց սեփական անկախ պետություն ստեղծելու իրավունքից, ինչպես նախատեսված է միջազգային բանաձևերում», ասել է ալ-Հարիսին:
Դիվանագետը տեղեկացրել է, որ Օմանի սուլթանությունը մշտական կապի մեջ է միջազգային հանրության և տարածաշրջանի երկրների հետ, որոնք ակտիվ դիրք են գրավում լարվածությունը թուլացնելու և տարածաշրջանում էսկալացիան կանխելու գործում, իսկ ահա Իսրայելի հետ սուլթանությունն անմիջական կապ չունի։