«Սահմանել նպատակներ, երբեք և ոչ մի դեպքում կանգ չառնել, ստեղծել մնայուն արժեքներ». Դավիթ Երեմյանի հաջողության բաղադրատոմսը
Սեպտեմբերի 10-ին «Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան Ակադեմիայի» 5-ամյակի միջոցառումների շրջանակում և նոր՝ արդեն 6-րդ ուսումնական տարվան ընդառաջ Ակադեմիան իր ուսանողների ու շրջանավարտների համար նախաձեռնել էր հանդիպում Հայաստանում ռեստորանային ոլորտի զարգացման գործում մեծագույն ավանդ ունեցող, հաջողված, խոշոր և ինքնատիպ նախագծերի հեղինակ, «Երեմյան Փրոջեքթս» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ։
Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկավ «Երեմյան Ակադեմիայի» տնօրեն Աիդա Տիգրանյանը, ով ներկայացրեց «Դավիթ Երեմյանի հաջողության բաղադրատոմսը. Հայաստանում ռեստորանային բիզնեսի անցյալը, ներկան ու զարգացման հեռանկարները» թեմայով հանդիպման նպատակը՝ նշելով, որ հանդիպումը հնարավորություն է Դավիթ Երեմյանից լսելու սեփական պատմությունն ու բիզնեսում հաջողելու գաղտնիքները, քննարկելու մեր երկրում ռեստորանային և հյուրընկալության ոլորտների կայացման խնդիրներն ու հնարավորությունները, հաջողության հասնելու բաղադրատոմսն ու ստանալու կարևոր հարցերի պատասխանները։
«Դուք բոլորդ երազանք ունեցող և ձեր երազանքին հետևող մարդիկ եք, ինչի ապացույցը ձեր՝ այստեղ լինելն է։ Բազմիցս նշել եմ, որ ԼԱՎ մասնագետ լինելու համար, պետք է սիրել այն աշխատանքը, որով զբաղվում ես։ Այս ոլորտում հնարավոր չէ ուղղակի աշխատել առանց անընդմեջ սովորելու, զարգանալու, սիրելու, ջանք ու եռանդ թափելու։ Ես էլ իմ գործունեությունը սկսել եմ այդ կետից և դա գիտակցելով։ Իմ փորձից ասեմ՝ լինել ռեստորատոր՝ նշանակում է ապրել այդ գործով, դարձնել այն ապրելակերպ: Հենց այդ սերն ու երազանք ունենալն օգնեցին տարիներ առաջ մեկնարկել շատ դժվարություններով մի ուղի, անկախ այդ դժվարություններից երբեք չհանձնվել, Հայաստանում ռեստորանային ոլորտի ամուր հիմքեր ձևավորել»,-ողջույնի խոսքում նշեց Դավիթ Երեմյանը։
Հետհայաց գցելով դեպի 2001 թվական՝ Դավիթ Երեմյանը նախ ներկայացրեց, թե ինչպես և ինչից է սկսել ամեն ինչ, պատմեց ճանապարհին հանդիպած դժվարությունների և մարտահրավերների մասին, բայց և ոգեշնչեց մասնակիցներին. «Անկախ նրանից, թե ինչից կամ ինչ մասշտաբից եք սկսում՝ միշտ պետք է մտքում ունենալ ավելիին հասնելու ձգտումը, կամքն ու աշխատասիրությունը։ Ամեն ինչ սկսվել է մեկ փոքրիկ կրպակից, բայց և միշտ եղել է նոր հորիզոնների, նոր բարձունքների հասնելու տեսլականը, երազանքն ու դրան հասնելու ձգտումը, չնայած դժվարություններին՝ երբեք չվախենալ և հետ չկանգնել նպատակներից»։
Փոքրիկ կրպակից մինչև կոնցեպտուալ ռեստորաններ, մեծամասշտաբ նախագծեր, ու նոր ոլորտներ՝ գյուղատնտեսություն, մասնագիտական կրթություն. Դավիթ Երեմյանը նախ հակիրճ ներկայացրեց «Երեմյան Փրոջեքթսի» ստեղծման ու ռեստորանային կոնցեպտների մշակման պատմությունը, այնուհետև պատասխանեց մասնակիցներին հետաքրքրող հարցերին, ինչպես նաև հաջողություն մաղթեց նոր ծրագրեր նախաձեռնող ուսանողներին։
«Կարողանալ սահմանել նպատակներ և ոչ մի դեպքում կանգ չառնել… իսկ դրա համար պետք է պատասխանել երեք հիմնական հարցի՝ ի՞նչ ենք անում, ինչպե՞ս ենք շարժվում առաջ այս անընդմեջ զարգացող աշխարհում և ի՞նչ արդյունք ենք ուզում ստանալ», այսպես պատասխանեց Դավիթ Երեմյանը «Ո՞րն է Դավիթ Երեմյանի հաջողության բաղադրատոմսը» հարցին։
Անցած ուղու և պատմության մասին խոսելիս Դավիթ Երեմյանը նաև ներկայացրեց իր քրոջը՝ Լուսինե Երեմյանին, ով նրա կողքին է եղել այս ամբողջ ճանապարհին՝ իր խորհրդներով, աջակցությամբ, քաջալերմամբ։
«Հպարտ եմ այսօր ձեզ ներկայացնելու քրոջս՝ Լուսինե Երեմյանին։ Լուսինեն պահանջված մասնագետ է, ով շուրջ երկու տասնամյակ աշխատել է ՀՀ-ում և արտերկրում՝ զբաղեցնելով ղեկավար պաշտոններ տարբեր միջազգային կառույցներում, ինչպես օրինակ՝ Միավորված ազգերի կազմակերպությունն է, Համաշխարհային բանկը, Հազարամյակի մարտհրավեր հիմնադրամը: Կազմակերպության զարգացման գործում Լուսինեն մեծ դեր է խաղացել՝ իր ռազմավարական խորհրդատվությամբ ու նորարարական գաղափարների ներդրմամբ։ Այժմ տեղափոխել է Երևան՝ մեր ընկերություն, որտեղ այսուհետ ստանձնելու է իմ տեղակալի պաշտոնը և Մարքեթինգի և հաղորդակցության տնօրենի պատասխանատվությունը։ Նա նաև «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի կառավարման խորհրդի անդամ է»։
Եվ իհարկե, Դավիթ Երեմյանն առանձնահատուկ ընդգծեց, որ յուրաքանչյուր ընկերության հաջողության հիմքում մարդիկ են՝ թիմը։ «Երեմյան Փրոջեքթսը» կարողացել է իր շուրջ համախմբել իր տեսակի մարդկանց՝ նվիրված, պատասխանատու, ստեղծարար, որոնց հետևողական աշխատանքի, արժեքների ու սկզբունքների շնորհիվ ընկերությունը շարունակում է զարգանալ ու հանրությանը ներկայանալ նորանոր ծրագրերով ու արտադրանքով։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին բզինեսը մարզերում և արտերկրում ընդլայնելու հնարավորությունները, կազմակերպության զարգացման տեսլականն ու առաջիկա նախաձեռնությունները, ռեստորանային ոլորտին առնչվող այլ կարևոր թեմաներ։