Բաժիններ՝

Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ

Սեպտեմբերի 9-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման 150-ամյակ» արծաթե հուշադրամը:

Գևորգյան հոգևոր ճեմարանը բացվել է 1874 թ. սեպտեմբերի 28-ին Սուրբ Էջմիածնում՝ Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ Սբ Գևորգ Զորավարի տոնին և կոչվել է «Ժառանգավորաց հոգևոր ճեմարան Սուրբ Գևորգյան»:

Որպես ժամանակի միակ բարձրագույն ուսումնական հաստատություն՝ այն նշանակալի տեղ է զբաղեցրել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայկական մշակույթի, գիտության և կրթության պատմության մեջ: Ճեմարանում լուծվել են հայագիտական բազմաթիվ հարցեր, մշակվել հայկական դպրոցի ուսումնական ծրագրեր, կազմվել դասագրքեր:

Այստեղ են դասավանդել ժամանակի լավագույն մանկավարժները՝ Մանուկ Աբեղյան, Հրաչյա Աճառյան, Լեո, Ստեփան Լիսիցյան, Քրիստափոր Կարա-Մուրզա, Հովհաննես Հովհաննիսյան, Հակոբ Մանանդյան, Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյան, Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրտչյան, Գարեգին եպիսկոպոս Հովսեփյան, Երվանդ Տեր-Մինասյան և այլք:

Ճեմարանի նշանավոր շրջանավարտներից են Կոմիտաս վարդապետը, Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Նիկողայոս Ադոնցը, Ակսել Բակունցը և ուրիշներ:

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից 2005 թ. ճեմարանին տրվել է բարձրագույն ուսումնական հաստատության արտոնագիր։ Այսօր ճեմարանը միակ աստվածաբանական համալսարանն է Հայաստանում։

Ճեմարանին առընթեր գործում են Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցը և քահանայից պատրաստման լսարանը:

Մշակված նոր ծրագրերն այսօր հնարավորություն են տալիս աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայ ուսանողներին աստվածաբանական և հայագիտական կրթություն ստանալու ճեմարանում:

Դիմերես՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի պատկերանիշը, ճեմարանի ուխտերգից հատված՝ «ՄԵԾ ՏԵՍԻԼՔԻ ՄԵՆՔ ԶԱՎԱԿՆԵՐ», Սուրբ Հոգու խորհրդանիշ աղավնի և խաչքարի վարդյակ:

Դարձերես՝ Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի Կաթողիկոսի դիմապատկերը, Գևորգյան հոգևոր ճեմարանի շենքը:

Էսքիզների հեղինակներ՝ Վարդան Վարդանյան (դիմերես), Լուսինե Լալայան (դարձերես):

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 1000 դրամ

Մետաղը/հարգը արծաթ 9250

Քաշը 33,6 գ

Տրամագիծը 40,0 մմ

Որակը պրուֆ

Դրամաշուրթը ատամնավոր

Թողարկման քանակը 500 հատ

Թողարկման տարեթիվը 2024

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս