
Մոտ 5 միլիարդ դրամ՝ պարեկների կարիքներին. ԲՏԱ նախարարության բյուջեն ևս պարեկների համար է ծախսվում

Պարեկային ծառայությունը շարունակում է հսկայական միջոցներ կլանել Հայաստանի պետական բյուջեից։
Ուշագրավ է, որ այս ծառայության կարիքների բավարարումն այնքան կարևոր է Կառավարության համար, որ պատրաստ են այլ նախարարությունների, այլ ծրագրերի համար 2024 թվականի բյուջեով հատկացված գումարները ևս կրճատել և ուղղել պարեկների կարիքների բավարարմանը։
Հերթական նման մի նախագիծ Կառավարությունն ընդունել է սեպտեմբերի 5-ի նիստի օրակարգում. ի դեպ, հարցը չզեկուցվող էր։
Կառավարության ընդունած որոշման համաձայն՝ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության տրանսպորտային միջոցների ավտոլվացման, ապահովագրության ծառայությունների, ընթացիկ նորոգման և պահպանման, բենզինի, ինչպես նաև ՆԳՆ ծառայողների ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում 3 ամսվա կտրվածքով դրամական փոխհատուցումների ապահովման, կապիտալ շինարարական աշխատանքների համար պետք է վճարել՝ ուշադրություն՝ գումարը հայթայթելով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (ԲՏԱ) բյուջեից։
Հենց այս նախարարության բյուջեից է վերցվել հսկայական գումար և ուղղվել պարեկների կարիքներին։
Խոսքն այս դեպքում ԲՏԱ նախարարությունից վերցված 4 միլիարդ 967 միլիոն 229 հազար դրամի մասին է, որը նախատեսված էր «Թվային փոխակերպման գործընթացի իրականացում» և «Միասնական թվային միջավայրի ձևավորում» միջոցառումների համար։