«Հայաստանի պետական շահը» ձևակերպում է, որ ասել է մի օր ավել իշխանություն պահելու համար. Թևան Պողոսյան
«Հասարակությունը, որը նույնիսկ գնացել ու Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի համար քվե է տվել, դրա համար պետք է պահանջատեր լինի»,- այս մասին ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության շենքի բակում լրագրողների հետ զրույցում նշեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Արցախի անկախության օրվան։
Ըստ նրա՝ պետք է մի բան անել, երազանքը վառ պետք է պահել, մինչև կձևավորվի ազգային իշխանություն։
Խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսում արած հայտարարության մասին, որ արցախահայերի վերադարձից ու Արցախի հարցից խոսելը վտանգում է ՀՀ պետական շահը, Թևան Պողոսյանը նկատեց.
«Որտե՞ղ է ՀՀ պետական շահը։ Պետական շահի ձևավորման ընթացքում պետք է կարդան այն փաստաթղթերը, որոնցով ձևավորվում է իշխանություն։ Իշխանության ձևավորված փաստաթուղթը կարդում ենք, գրված է՝ Շուշիի ու Հադրութի դեօկուպացիա, արցախահայերի իրավունքների պաշտպանություն։ Եթե դա գրված է, նշանակում է՝ դա էլ պետական շահն է։ Այլ բան է, որ գործող իշխանությունը վախից կամ այլ բանից դրդված՝ սպասարկում է ադրբեջանական-թուրքական շահերը, քան հայկական շահը։ Իր ասածն էլ նրա համար է, որ իշխանությունը պահի։ Իսկ ինչո՞ւ ես դա պետք է լուրջ ընդունեմ։ Դուք ինձ ասում եք՝ մեկնաբանեք Ալիևի խոսքը, Ալիևը կարո՞ղ է պրոհայկական խոսք ասել։
Այսօր հայկական պետական շահը հանգիստ թողեք, դա ձեզ ասել են, որ իշխանությունը մեկ օր ավելի պահեն»։