Մոնտե Կառլո, Rolls-Royce Cullinan… ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և մյուսների վայելքները

Դուք կարծում եք՝ ՔՊ-ական մեծահարուստ պատգամավորներն օրուգիշեր ձեր խնդիրներո՞վ են ապրում կամ մտահոգվում՝ Արցախը հանձնելու, արցախցիներին անտուն դարձնելու, Բաքվի բանտերը հայ ռազմագերիներով ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությամբ լցնելու, Տավուշից և Հայաստանի այլ հատվածներից տարածքներ թշնամուն հանձնելու, Հայաստանի սուվերեն տարածքներում թշնամու զորքի գտնվելու, ՀՀ հպարտ քաղաքացու անվտանգության, սպասվող նոր պատերազմի մասին… Կարծում եք՝ օրուգիշեր հալվում-մաշվում են, թե ինչպես ելքեր, լուծումնե՞ր գտնեն… Օ՜, ոչ, ինչո՞ւ պիտի իրենց նման նեղություն տան… նրանք խրախճանքների մեջ են մոնակոներում, մոնտե կառլոներում…

Փաշինյանը՝ իշխող վարչախումբը, փայտիկով կառավարվող նախարարները գործեր են կարում ընդդիմադիր հայացքներ ունեցող գործարարների, նախկին պատգամավորների, պաշտոնյաների դեմ, հետախուզում հայտարարում նրանց նկատմամբ, իսկ իրենք դրանից միայն ուրախանում են: Իրենց բիզնեսներն ահռելի արտոնություններ են ստանում պետությունից, ազատ վայելքների մեջ են, ժամանակ առ ժամանակ իրենց երեսին ճշմարտությունն ասող, իրենց անցյալն ու ներկան երեսներին ճպպացնող լրագրողների վրա են հարձակվում, իրենց ամենակարող են զգում… այնքան ամենակարող, որ հարազատի քրեական հանցանքներն են կոծկում, ազատում պատասխանատվությունից, պետական խոշոր տենդերներ են շահում, կապիտալը բազմապատկում… մերթընդմերթ ԱԺ նիստերում հայրենասիրական ճառեր բարբաջում:

Սա է այսօրվա իրականությունը:

Նկարագրվածի կարկառուն ներկայացուցիչներից է Խաչատուր Սուքիասյանը (Գռզո): Հիմա չհիշեցնենք կրկին՝ ինչպես, ում միջոցով է հարստացել, ՀՀ անկախացումից հետո ում միջոցով էր ճանապարհ հարթում, ՀՀ բոլոր նախագահներին, ղեկավարներին, նախարար-փոխնախարարներին ինչպես էր քծնում… Հիմա ինքը վայելում է Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի սերը, պետք եղած ժամանակ ինչ-ինչ հիմնադրամների մուծվում է, ելույթներ ունենում ու բուրժուական վայելքներ ապրում:

Կարդացեք նաև

Դիտեք այս տեսանյութը, որն այսօր հրապարակել է Մոնակոյի հարուստ կյանքի վայելքների մասին պատմող ինստագրամյան էջերից մեկը: Կարծես թե տեսանյութն արվել է օգոստոսի 20-ին: Ուշադիր նայեք՝ ո՞ւմ եք տեսնում: Մոնտե Կառլոյի հայտնի, ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկին՝ Hôtel de Paris-ին են մոտենում աշխարհի մեծահարուստները, նրանց դիմավորում են հյուրանոցի աշխատակիցները, այնուհետև Rolls-Royce Cullinan-ով հյուրանոց է այցելում Հայաստանից մեծահարուստը՝ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը…

Տեսա՞ք: Նիկոլը հեծանիվ է քշում, եգիպտացորեն, խաշլամա ուտում, կինը լոբի է մաքրում՝ իբր, տեսեք, մենք ժողովրդի մասնիկն ենք՝ ժողովրդի ծոցից դուրս եկած, իսկ ՔՊ-ական օլիգարխ պատգամավորը Մոնտե Կառլոն է վայելում, և ոչ միայն…

Այս ընթացքում երկրի փոխվարչապետներից մեկը՝ Մհեր Գրիգորյանը, Կաննում էր զվարճանքների մեջ՝ արձակուրդի շրջանակներում, կինն էլ տեսանյութեր, լուսանկարներ էր տարածում,

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր սոցիալական ցանցերում եվրոպական քաղաքներից մեկում իր հանգստից ակտիվ լուսանկարներ հրապարակում՝ «Տեսեք, աղջիկներ ջան, ոտքից գլուխ «Loro Piana» եմ արդեն հագնում», պատգամավորուհիներն են արդեն մի քանի հազար դոլար արժողությամբ թանկարժեք պայուսակներով, հագուստներով ԱԺ գնում, քաղաքում պտտվում…

Դե, ասում են՝ եթե Աննա Հակոբյանն արդեն թանկ հագուստ, ժամացույցներ ու պայուսակներ է կրում, մե՞նք ինչով ենք պակաս: Թերևս ճիշտ են: Ինչո՞վ են պակաս: Փոխվել է կյանքը, թանկարժեք ռեստորաններ, թանկարժեք հագուստ, բնակարանների, ամառանոցների, տների, այլ անշարժ և շարժական գույքերի ձեռքբերումներ, պետական միջոցների հաշվին՝ վոյաժներ, երկրներ տեսնել, shopping անել… բա հո ձեր ստրո՞ւկը չեն, հպա՛րտ քաղաքացիներ… դը՛մբ, դըմբ, հո՛ւ, ապագա կա՛…

Այդ ընթացքում հայաստանցիները մազապուրծ-ամեն ինչ այստեղ վաճառելով՝ արտագաղթում են՝ մեքսիկաներով կամ այլ երկրներով, փոքրումիջին բիզնեսի ներկայացուցիչները լաց են լինում՝ տնտեսությունը մեռած է, մասնագետներն ահազանգում են անվտանգության, այդ թվում՝ պարենային անվտանգության, տնտեսության փլուզման, երկրի կործանման, նոր սպասվող լայնամասշտաբ պատերազմի, տարածաշրջանի մարտահրավերների մասին, Ալիևը պատերազմի է պատրաստվում…

ՔՊ-ականները տասնապատկում են ունեցվածքը, փորձում են կապիտալը դուրս հանել (նեղ շրջապատներում Հայաստանի մասին ասում են՝ «ստեղ ապրելու տեղ չի»), արտերկրում անշարժ գույք, բիզնեսներ ձեռք բերել… ընթացքում ելույթներ բարբաջելով նախկինների, այլ երկրների ղեկավարների՝ Ռուսաստանից մինչև արևմտյան երկրներ, Աստծո դեմ, թե՝ բոլորը մեղավոր են:
Այո, նախկինները, ինչպես ոչ ոք, սուրբ չէին, բայց նրանք, ի տարբերություն Փաշինյանի և իր թիմակիցների, Արցախ էին պահում, պատերազմ էին հաղթում, Ալիևի ոտքերի տակ չէին նվաստանում, մեր եկեղեցուն ու պատմությանը, մեր անցյալի ժառանգությանը չէին դիպչում, կառուցում էին, աշխատատեղեր էին ստեղծում, տնտեսություն էին զարգացնում, բանակ էին զինում, երկիրը չէին կործանում… Ոչ թե ես, այլ ձեր Ալիևն է հայտարարել, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ պատերազմական ռազմական ավարի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 5 միլիարդ դոլար:

Մարկեսն ասում է՝ «Բազմացե՛ք, կովեր, կյանքը կարճ է»։ Պարզապես ափսոս է երկիրը:

Հ.Գ. Առաջիկայում հատուկ անդրադարձեր կլինեն իշխող վարչախմբի, մինչ 2018-ը, ինչպես ասում են՝ «սեփական կատու չունեցող» այն ՔՊ-ականների ցոփ ու շվայտ կյանքի, գնումների, խրախճանքների, այլ երկրներում ձեռքբերումների մասին, որոնք «հայրենասիրության» ճառեր են կարդում և ժողովրդին մոլորեցնում: Իհարկե, նաև 90-ականներից սկսած՝ նախկինների օրոք հարստացած, բայց այդպես էլ «չտես» մնացածների ձեռքբերումների մասին հրապարակումներ կլինեն:

Տեսանյութեր

Լրահոս