Ո՞րն է Հայաստանի արժեգաղափարական կողմնորոշումը, որպես պետություն. Հակոբ Բադալյան
Հակոբ Բադալյանը տելեգրամիիր ալիքում գրել է․
«Վրաստանի կառավարող ուժի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին առաջարկում է ուղղափառությունը դարձնել Վրաստանի պետական կրոն: Ըստ իս, սա շատ էական մի քայլ է, որն իմ գնահատմամբ ունի իհարկե թե այսպես ասած օպերատիվ-մարտավարական նախընտրական տրամաբանություն, թե նաեւ ավելի լայն ռազմավարական իմաստ:
Ընդ որում, ուշադրության է արժանի այստեղ երկու հանգամանք: Իվանիշվիլու առաջարկը հնչում է Ուկրաինայում ուկրաինական ուղղափառ եկեղեցու արգելքի մասին նախագահի հրամանագրից մի քանի օր անց: Զելենսկու հրամանագրով արգելվեց մոսկովյան պատրիարքության ներքո գործող ուկրաինական ուղղափառ եկեղեցին: Այլ կերպ ասած, Ուկրաինան դուրս բերվեց մոսկովյան պատրիարքության գոտուց:
Այս հանգամանքը ի դեպ վկայում է, թե դավանաքաղաքականությունն ինչպիսի էական նշանակություն և ընկալում ունի համաշխարհային քաղաքականության անցուդարձում, չնայած այն բանին, որ ապրում ենք ռոբոտների դարաշրջանում: Այդ ասպեկտներին տրվող նշանակությունն ու իմաստները վկայում են, որ չնայած կյանքի ռոբոտացմանը, չնայած արհեստական բանականության դարաշրջանին, մարդկային ընթացքն այդուհանդերձ խորապես շարունակում է փոխկապակցված լինել արժեհամակարգային խորությանը, որ պարունակում է մարդկության պատմությունը, եւ որտեղ բնականաբար առանցքային գործոններից մեկն է դավանանքը:
Կիևի որոշումը սխալ էին գնահատել շատ եկեղեցիներ: Ամենայն հայոց կաթողիկոսն էլ կոչ էր արել չարգելել ուկրաինական ուղղափառ եկեղեցին: Ընդհուպ Վատիկանն էր քայլը համարել սխալ:
Այդ ֆոնին, Վրաստանի փաստացի առաջնորդ Իվանիշվիլին իր քայլն է անում ու առաջարկում ուղղափառությունը դարձնել պետական կրոն: Սա իհարկե մի կողմից լինելով հաղորդագրություն վրաց հանրությանը, մյուս կողմից ըստ իս նույնքան հասցեագրված է նաեւ միջազգային դերակատարներին:
Իվանիշվիլու առաջարկը մի կողմից դավանաքաղաքական բաղադրիչի հանդեպ պետական վերահսկելիության հնարավորության բարձրացումն է՝ ինչը ուղղափառությունը պետական կրոն դարձնելու առաջարկի մոտիվներից մեկն է, մյուս կողմից այդ կերպ նա ներկայացնում է համաշխարհային պատմական վերափոխումների շրջափուլում Վրաստանի արժեգաղափարական դիրքավորման բավականին ընդգծված հայտ: Այսինքն, աշխարհաքաղաքական կողմնորոշման փոխարեն՝ որին մղում են Թբիլիսիին, նա ըստ էության մատուցում է արժեգաղափարական կողմնորոշում:
Այս հանգամանքը բնականաբար աչալուրջ ուշադրության է արժանի Հայաստանից, մի շարք պատճառներով, որոնք կարող ենք ամփոփել Վրաստանի կարեւորության արձանագրումով:
Միաժամանակ, բուն արժեգաղափարական խնդրի մասին առանձին հոդվածով արտահայտվել էի նախօրեին, երբ հայտնի չէր Իվանիշվիլու առաջարկի մասին: Իսկ արտահայտվել էի Հայաստանում նախօրեին մեկնարկած դեսպանների խորհրդաժողովով՝ արտերկրում Հայաստանի դեսպանների հավաք եւ քննարկումներ վարչապետի, արտգործնախարարի մասնակցությամբ:
Այդ առիթով հարց է բարձրացրել, թե մարտավարական խնդիրներից զատ, Հայաստանի արտքաին քաղաքականության ու դիվանագիտության արդյունավետության հարցում կա առանցքային մի հարցադրում՝ ո՞րն է Հայաստանի արժեգաղափարական կողմնորոշումը, որպես պետություն, ըստ այդմ՝ որպես պետական քաղաքականության ողնաշար, որին պետք է «հավասարվեն» Հայաստանի դիվանագիտական առաքելությունները, որպես պետության ներկայություններ»: