Եթե Երևանը չհամաձայնի ՌԴ-ում հանդիպել, ապա Ադրբեջանը պետք է առաջ մղի իր օրակարգը. Սյուզան Ստյուարտ

Այսօր Անկարայում կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Հաքան Ֆիդանի հանդիպումը։ Հանդիպման վերաբերյալ պաշտոնական մանրամասներ դեռ հայտնի չեն, սակայն ուշագրավ էր տեղեկատվական այն ֆոնը, որը ստեղծեց Թուրքիան Բայրամով-Ֆիդան հանդիպմանն ընդառաջ։

Թուրքական միանգամից մի շարք պարբերականներ գրեցին այն մասին, որ նախարարների օրակարգում հայ-ադրբեջանական բանակցություններն են, ինչպես նաև հայ-թուրքական հեռանկարները։ Թուրքական ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն՝ հիմնականում քննարկվում են իրադարձությունները, որոնք կապված են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նոյեմբերին ստորագրման հեռանկարների և Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացման հնարավորությունների հետ։ Եվ, ըստ նույն տեղեկությունների, պատահական չէ, որ այցը տեղի է ունենում ՌԴ նախագահ Պուտինի՝ օգոստոսի 18-19-ին Ադրբեջան կատարած պետական այցից հետո, իսկ այդ այցի ընթացքում ՌԴ նախագահը ցանկություն հայտնեց միջնորդել, որպեսզի Բաքուն և Երևանը բանակցեն ու ստորագրեն, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագիրը։

168.am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտն ասաց, որ ռուսական առաջարկից հետո Բաքուն և Անկարան պետք է որ քննարկեն որոշակի հարցեր ու սցենարներ՝ մասնավորապես համաձայնագրի կնքման հեռանկարները ուղիղ ձևաչափով կամ ՌԴ հովանու ներքո։ Ըստ նրա՝ եթե Երևանը չհամաձայնի ՌԴ-ում հանդիպել, ապա տրամաբանորեն Ադրբեջանը պետք է առաջ մղի իր ուղիղ հանդիպումների օրակարգը և համաձայնագիրն առանց արևմտյան ներկայության ստորագրելու հարցը։

«Կարծում եմ՝ այս հանդիպումը դրանով է կարևոր, որ կողմերը փորձում են որոշակի ժամկետներ և պայմաններ քննարկել համաձայնեցնելու համար իրենց հետագա քայլերը։ Մասնավորապես, ըստ իս, Անկարային հետաքրքիր է սահմանի բացման հարցի հստակեցումը։ Սա ռեգիոնալ և աշխարհաքաղաքական վերադասավորումների փուլ է, որն ուղեկցվում է բանակցային խնդիրներով և մեծ անորոշությամբ։ Իսկ Թուրքիան լուրջ խաղացող է, որի համար Հարավային Կովկասն ամենակարևոր ռեգիոններից է, և գուցե առաջիկայում Թուրքիայի ուշադրությունը լինի հենց այդտեղ և ոչ միայն, քանի որ կան կանխատեսումներ, որ համապատասխանաբար՝ Արևմուտքը ժամանակավորապես պասիվ կլինի՝ հնարավորություն տալով ռեգիոնալ ուժերին առաջ մղել իրենց օրակարգը։ Խոսքը Թուրքիայի, Ռուսաստանի ու Իրանի մասին է»,– ասաց նա։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս