Բաժիններ՝

Արդյոք ի՞նձ էիր փնտրում

Ամբրոսիոս անունով հռչակավոր մի ճգնավոր է լինում:

Նրա համբավը և հրաշագործություններն ամենուր տարածված են լինում: Մի երիտասարդ ցանկանում է նրա աշակերտը դառնալ, ավելի ճանաչել Աստծուն, նվիրվել հոգևոր կյանքին:

Մի անգամ հանդիպում է մի ծերունու, ով նրան ասում է.

– Եթե ուզում ես ավելին գիտենալ Աստծո մասին, այդ դեպքում, փնտրիր Ամբրոսիոս ճգնավորին. նա քո առջև կբացահայտի Աստծո խորհուրդները: Երիտասարդը ճամփա է ընկնում ու գտնում հռչակավոր սրբին ու ասում.

Կարդացեք նաև

– Հա՛յր սուրբ, մանկությունիցս Աստծուն եմ փնտրել ու կամեցել Նրան լավ Ճանաչել, Նրա Ճանապարհներն ու շավիղներն իմանալ ու Նրան հետևել: Խնդրում եմ, ընդունիր ինձ որպես աշակերտ քեզ մոտ: Ճգնավորը նայում է երիտասարդին, ժպտում ու հարցնում.

– Արդյո՞ք կարող ես թողնել աշխարհը և հետևել ինձ:

– Կարող եմ,- պատասխանում է երիտասարդը:

Ճգնավորն ասում է.

– Այդ դեպքում, հետևիր ինձ ու լսիր, թե Տիրոջ մասին քեզ ինչ կասեմ ու կպատմեմ, և թե ինչպես է պետք հոգևոր կյանքով ապրել: Եվ նրանք զրուցելով քայլում են: Նրանց դեմ-դիմաց գեղեցիկ կառք է գալիս ու կանգնում` սպիտակ նժույգներով լծված: Կառքից դուրս է գալիս քաղաքի եպիսկոպոսը` ոսկեզօծ զգեստներ հագած ու մեծ հարգանքով բարևելով ճգնավորին ասում.

– Հա՛յր սուրբ, գիտեմ, որ Աստծո առաջ մեծ շնորհ ունես և բազում արժանավոր աշակերտներ:

Ինձ մի օգնական է պետք, ուղարկիր աշակետներիցդ որևէ մեկին` որպես ինձ օգնական: Երիտասարդը, տեսնելով գեղեցիկ կառքը, հրաշագեղ նժույգներն ու եպիսկոպոսի ոսկեզօծ հագն ու կապը, խնդրում է.

– Սրբազա՛ն հայր, մանկությունից ի վեր ցանկացել եմ ծառայել Աստծուն ու նրա շավիղներն ու ճանապարհներն իմանալ, վերցրու ինձ` իբրև քեզ օգնական: Եպիսկոպոսը նայում է ճգնավորին, որը գլխի շարժումով իր հավանությունն է տալիս: Երիտասարդը մեծ ուրախությամբ նստում է կառքը, եպիսկոպոսի հետ հեռանում: Ետ է նայում ու մի տեսիլք տեսնում, որ ճգնավորի հետ մի ծերունի է քայլում: Ծերունին կանգնում է, շրջվում: Դա այն ծերունին էր, որ երիտասարդին խորհուրդ էր տվել գտնել ճգնավորին ու աշակերտել նրան:

Այնուհետև ծերունին վերափոխվում է, և երիտասարդը պայծառ լույսի մեջ տեսնում է Հիսուսին:

Հիսուս նրան հարցնում է.

– Արդյո՞ք ինձ էիր փնտրում:

Երիտասարդը պատասխանում է.

– Տե՛ր իմ, գիտես, որ միշտ քեզ եմ փնտրել, քանի որ հոգևոր էությունս միշտ կամեցել է քեզ շատ մոտ լինել և քեզ ավելի լավ ճանաչել: Հիսուս նրան պատասխանում է.

– Եթե դու հոգևոր լինեիր, կճանաչեիր Իմ խոսքը, կլսեիր Իմ ձայնը` կանչն ու հրավերը և կհետևեիր Ինձ, բայց դու ընտրեցիր աշխարհը և նրա անցողիկ փառքը:

Այնուհետև Հիսուս շրջվում է ու ճգնավորի հետ հեռանում:

Երիտասարդը հասկանում է իր սխալը, կանգնեցնում կառքը, դուրս գալիս ու շտապում դեպի ճգնավորը:

Հովհաննես Մանուկյան

surbzoravor.am 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս