44-օրյա պատերազմի ելքի վրա Գոնսալեսի գործուղումն ունեցե՞լ է ազդեցություն. Ինչո՞ւ է Փաշինյանը «ներել» նրա քննադատությունները
Օգոստոսի 1-ին ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ռուսաստանի միջև ձերբակալված անձանց լայնածավալ փոխանակմանարդյունքում Ռուսաստան վերադարձողների մեջ էր նաև ռուսական ծագումով իսպանացիլրագրող ներկայացած Պաբլո Գոնսալեսը: Սրանից հետո մամուլում հետաքննական հրապարակումներ եղան, որ նրա իրական անունը Պավել Ռուբցով է, և, որ նա ռուսական գործակալ է, ոչ թե լրագրող:
Նշենք, որ Գոնսալես-Ռուբցովը Լեհաստանում Ռուսաստանի Դաշնության օգտին լրտեսելու մեղադրանքով ձերբակալվել էր 2022-ին՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով փախստականների ճգնաժամը լուսաբանելու ընթացքում։
Ըստ մեղադրանքի, նա իր լրագրողական գործունեության ամբողջ ընթացքում լրտեսել է Մոսկվայի համար և տեղեկություններ հավաքել՝ ինչպես պատերազմական գոտիներից, այնպես էլ՝մի շարք ռուս ընդդիմադիր գործիչների մասին։
Հայաստանի համար Պաբլո Գոնսալես-Ռուբցովի՝ լրտես լինելու տեղեկությունը մեզ հետաքրքրում է, որովհետև 2020թ. 44-օրյա պատերազմի օրերին նա եղել է Արցախում:
«Ազատության» փոխանցմամբ, նա իջևանել էր Արցախի «Եվրոպա» հյուրանոցում, գրանցվել՝ որպես Իսպանիայի քաղաքացի, անկախ լրագրող։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից «Ազատությանը» փոխանցել են, որ իսպանացի թղթակից Պաբլո Գոնսալեսին հավատարմագրել են երկու անգամ՝ 2020-ի սեպտեմբերի28-ից հոկտեմբերի 31-ըև2021-ի հունիսի 15-ից հունիսի 25-ը, որպես GARA թերթի լրագրող՝ ՀՀ ԱԳՆ կարճաժամկետ հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա։
44-օրյա պատերազմի օրերին Գոնսալես-Ռուբցովի հետ շփված հայաստանյան լուսանկարիչներից և արցախցիներից ոչ ոքի մոտ նրա լրտես լինելու հետ կապված կասկածներ չեն եղել:
Մենք ևս այս պահին Հայաստանի և Արցախի հետ կապված նման պնդումչենք կարող անել, որովհետև դեռ պետք է հասկանալ և բավարար ապացույցներ հավաքել՝ 44-օրյա պատերազմի ժամանակ մարտական գործողությունների ո՞ր հատվածներում է եղել իսպանացի լրագրող ներկայացած Պաբլոն, ե՞րբ, որքա՞ն ժամանակով, ի՞նչ ռազմական զարգացումներ են հաջորդել, և հակամարտող կողմերից ո՞վ է դրանից շահել, ո՞վ տուժել:
Այսինքն, ի՞նչ ազդեցություն են ունեցել գործակալ լինելու համար մեղադրվող Ռուբցով-Գոնսալեսի այցերը 44-օրյա պատերազմի ելքի վրա:
Նախքան այս հարցերին ի պատասխան լիարժեք և կոնկրետ ապացույցների ձեռքբերումը, ամեն դեպքում, ներկայացնենք մի քանի բաց և ոչ պակաս կարևոր փաստեր:
Ինչպես նշեցինք, 2020թ. պատերազմի օրերին Արցախում լինելու համար ՀՀ ԱԳՆ-ում Պավել Ռուբցովին հավատարմագրել են նախ 2020-ի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 31-ը:
Իսկ ի՞նչ էր ասել նա 2021 թվականին lenta.ru-ին տված հարցազրույցում:
Ռուբցովը պատմել էր, որ պատերազմի մասին իմացել է Վարշավայում գործուղման ժամանակ և որոշել է անմիջապես մեկնել, ընդ որում, Արցախ է գնացել առանց զրահաբաճկոնի, սաղավարտի և այլ անհրաժեշտ իրերի, և սկզբնական շրջանում աշխատել է առանց դրանց, ավելի ուշ է այդ խնդիրը լուծվել:
«Ղարաբաղում ես անցկացրել եմ 3 շաբաթ, մարտական գործողությունների վայրեր գնացել եմ ինքնուրույն և Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հետ: Ղարաբաղում ես նյութեր եմ պատրաստել իսպանական EFE գործակալության, Gara բասկական թերթի, «Ամերիկայի ձայնի» և մի քանի լեհական հրատարակությունների ևլատինաամերիկյան հեռուստաընկերության համար»,-մանրամասնել էր Ռուբցովը՝ հավելելով, որ տարածաշրջանին ծանոթ էր, քանի որ այնտեղ եղել էր դեռ 2013 թվականին, հետո՝ 2019-ին:
Իսկ թե ինչո՞ւ էր Պաբլոն կամ Պավելը 44-օրյա պատերազմը լուսաբանել արցախյան կողմից, նա lenta.ru-ին ասել էր՝ որովհետև Հայաստանից շատ արագ են արձագանքել իր ցանկությանը: Այսինքն, Գոնսալես-Ռուբցովը դիմել էր նաև ադրբեջանական կողմին, բայց հասկացել էր, որադրբեջանական կողմից պատերազմը լուսաբանելու համար թույլտվությունստանալն իրենից երկար ժամանակ է պահանջելու, եթե, իհարկե, ստանար:
Մյուս կողմից, Գոնսալեսը վերոնշյալ հարցազրույցում դժգոհել էր Արցախում՝ իբր չարդարացված ցենզուրա է եղել, անգամ ՊԲ-ից թույլ չեն տվել, որ հրապարակի Ադրբեջանի կողմից խփված հայկական տեխնիկան և այլն:
«Ես հասկանում եմ, որ լինում են իրավիճակներ, երբ սահմանափակումները անհրաժեշտություն են: Զուտ թեորիապես կարելի է հասկանալ, որ եթե լուսանկարում ծխի սյունը մի փոքր ավելի աջ է, քան ցանկանում էին, ապա նրանք կարող են կրկնել գնդակոծությունը, իսկ դու ակամա կդառնաս «կորեկտիրովշիկ»: Այդ իսկ պատճառով ես նման կադրեր ավելի ուշ եմ հրապարակել: Բայց կային լրագրողներ, որ թքած ունեին նման բաների վրա, նրանք իրենց ռեպորտաժն արագ անում էին և մեկնում»,-lenta.ru-ին ասել էր Գոնսալեսը՝ հավելելով, որ ինքը հակամարտող կողմերից որևէ մեկի շահերից չի գործել, չի խախտել լրագրողական էթիկան և քարոզչությամբ չի զբաղվել, այդ թվում՝ իր հագուստին տարբեր սիմվոլներ փակցնելու միջոցով: Թե հակամարտող կողմերից ո՞ւմ շահերից է գործել, դա, թերևս, դեռ պետք է ապացուցել:
lenta.ru-ին տված հարցազրույցում նրա արտահայտած այլ մտքերի դեռ կանդրադառնանք:
Վերադառնանք Գոնսալեսի՝ 44-օրյայի օրերին Արցախում եղած ժամանակ տեղի ունեցած մի քանի իրադարձությունների՝ բաց աղբյուրների հիման վրա:
168.am-ն անդրադարձել էր 2020թ. հոկտեմբերի 4-6-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձություններին և դրանց միջև շղթայական կապին:
Մասնավորապես, մենք հիշեցրել էինք, որ 2020թ. հոկտեմբերի 3-ին Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ արդեն Ստեփանակերտում է, իսկ հոկտեմբերի 2-ին «Հայկական ժամանակը» տեղեկացրել էր, որ նա այցելել է Շուշիի ապաստարաններ և զրուցել բնակիչների հետ:
Նույն ժամանակահատվածում լուրեր շրջանառվեցին, որ Ստեփանակերտ քաղաքը տարհանվում է: Իսկ 2020թ. հոկտեմբերի 2-ին այդ ժամանակ Արցախի Հանրապետության պետնախարար, օպերատիվ շտաբի պետ Գրիգորի Մարտիրոսյանը պաշտոնապես հերքելէր այդ լուրերը, հոկտեմբերի 3-ին նույնը ստիպված էր անել նաև Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը:
Իսկ հոկտեմբերի 4-ին Արցախի այդ ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանը Գյանջա քաղաքում տեղակայված ադրբեջանական ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հարվածների մասին էր խոսել, քանի որ Ադրբեջանը թիրախավորել էր Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր:
2020թ. հոկտեմբերի 4-ին Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտարարել էր Գյանջայի օդանավակայանի «հօդս ցնդելու» մասին։ Եվ սոցիալական ցանցերում լայնորեն տարածվել էին երկու լուսանկարներ, որոնք իբրև պատկերում էին օդանավակայանը՝ «հօդս ցնդելուց» առաջ և հետո։ Փաստերի ստուգման հարթակը, սակայն, պարզել էր, որ այդ լուսանկարները որևէ կապ չունեին Գյանջայի հետ։
2020թ. հոկտեմբերի 4-ին «Դոժդ» հեռուստաընկերությունն այս առնչությամբ հրապարակումներ էր արել և ռեպորտաժ էր պատրաստել՝ նշելով, որ Գյանջայի օդանավակայանին ոչ մի հարված չի կպել:
Հիշեցնենք, որ 2021թ. Ռուսաստանի արդարադատության նախարարությունը որոշում էր կայացրել ընդդիմադիր «Դոժդ» հեռուստաալիքը «օտարերկրյա գործակալների» ցանկում ներառելու մասին: Նշենք, որ հայաստանյան փորձագետները ևս բազմիցս ահազանգել են այդ հեռուստաալիքի խիստ պրոադրբեջանական քարոզչությունից՝ ուղղված Արցախի, Հայաստանի դեմ:
2020թ. հոկտեմբերի 4-ին ադրբեջանական, ռուսական մամուլում հրապարակումներ եղան, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, թե իբր Հայաստանի տարածքից թիրախավորվել են Ադրբեջանի բնակավայրերը՝ Գյանջան, Խըզըի և Ապշերոնի տարածքները և այլն: ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր ադրբեջանական տեղեկությունները, թեպետ Արցախի ղեկավարությունից հայտարարել էին, որ «Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հասցրել է մի քանի հրթիռային հարված», ինչը դադարեցվել է քաղաքացիական բնակչության շրջանում անմեղ զոհերից խուսափելու համար:
Իսկ հոկտեմբերի 5-ին Արցախ էր այցելել Նիկոլ Փաշինյանը, որի ժամանակ հաստատել է հակահարձակման հայտնի օպերացիան:
Վերոնշյալ ժամանակահատվածում Ստեփանակերտում է եղել նաև ռուսական գործակալ հռչակված Գոնսալեսը: Արդյո՞ք նա, մասնավորապես, իրադարձությունների այս շղթայի մաս կազմում է:
2020թ. հոկտեմբերի 13-ին էլՀայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ էր հրապարակել Շուշիից, որին կից նշվում էր, որ տեսանյութը Պաբլո Գոնսալեսի հեղինակածն է:
Իսկ արդեն 2020թ. հոկտեմբերի 23-ին հրապարակվել էր Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ իսպանական EFE գործակալությանը կամ Պաբլո Գոնսալեսին, որի ժամանակ վերջինս Փաշինյանից փորձել է պարզել, թե որքանո՞վ է Ռուսաստանն իր դաշնակցային պարտավորությունները կատարում, ինչին ի պատասխան՝ Փաշինյանը պնդել էր, որ ՌԴ դաշնակցային աջակցությունը զգում են, և, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները պետք է աջակցեն և քաջալերեն Ռուսաստանին, որ նաԱրցախում արյունահեղությունը դադարեցնի: Փաշինյաննայդ հարցազրույցում նաև նշել էր, որ եթե Թուքիան չլիներ, ապա 44-օրյա պատերազմը չէր լինի:
Ավելի ուշ պարզվել էր, որ Գոնսալեսի հետ հանդիպմանը, երբ դեռ պատերազմ էր գնում,Փաշինյանը հայտնել էր ՀՀ սահմանի հարավ-արևելյան և հարավ-արևմտյան հատվածներում ռուս զինվորականների տեղակայման մասին, բայց Հայաստանի կառավարությունն ու իսպանական EFE գործակալությունը հարցազրույցի այս հատվածը հարկ չէին համարել հրապարակել: Գոնսալեսն այդ հատվածը հետագայում թվիթերյան իր միկրոբլոգում էր հրապարակել:
Հավելենք, որ այս տարվա մարտին 24News-ին տված հարցազրույցում ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանի անձնական խնդրանքով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահների դիտակետեր են տեղադրվել, որոնք հանվեցին այս տարի:
Վերադառնանք 2021թ. հունվարին lenta.ru-ին տված Պաբլո Գոնսալեսի հարցազրույցին: Նա նշել էր, որ ՀՀ կառավարության հայտարարած մոբիլիզացիան պատշաճ կերպով չի իրականացվել, բազմաթիվ կազմակերպչական խնդիրներ են եղել, ավելին, 2020թ. հուլիսյան մարտերից հետո, երբ արդեն իսկ թուրքական գործոնն ակնհայտ էր, Հայաստանն իր բոլոր ռեսուրսներն ու ուժերը չի պատրաստել պատերազմի:
«Ես 2019-ին եղել եմ Արցախի և Ադրբեջանի միջև սահմանի ֆորտիֆիկացիոնգծերում, շատ բան էր արվել, կային նոր ամրություններ, ցանկության դեպքում դրանց ոչ մի դրոն չէր կարող ոչնչացնել, եթե միայն՝ ծանր հրետանին: Պատերազմի առաջին օրերին այդ գիծը դիմակայել է, թվում էր, թե ամեն ինչ լավ կլինի, բայց հետո մարդկային ռեսուրսը սկսեց չբավականացնել: Հայաստանից հաճախ «հյուրեր» էին գալիս, նրանց կարելի էր տեսնել Ստեփանակերտում: Դրանք «գաստրալյորներ էին»՝ թանկարժեք մեքենաներով, նրանցից մեկն անգամ մեքենան ներկել էր կամուֆլյաժի գույնով: Եկան, պտտվեցին և վերադարձան Հայաստան: Այդ մարդիկ, որ ցանկանում էին ի ցույց դնել իրենց քաղաքացիական դիրքորոշումը, բայց կռվելու ցանկություն չունեին»,-մանրամասնել էր իսպանացի լրագրող ներկայացած Պավել Ռուբցովը, իհարկե,հավելելով, որ պարտության պատճառը համալիր փաստերի մեջ է:
Ի դեպ, մինչև 44-օրյայի ավարտն Արցախում չմնացած Ռուբցովն իր այս հարցազրույցում պնդել էր, որ Շուշիի պաշտպանությունը պատշաճ կերպով չի կազմակերպվել:
Հետաքրքիր է, որ այս քննադատությունները չեն խանգարել Ռուբցովին հավատարմագրում ստանալ նաև 2021թ. հունիսի 15-ից հունիսի 25-ը, այսինքն, ՀՀ արտահերթ խորհրդարանական օրերին, և անգամ լինել Նիկոլ Փաշինյանի կուսակցության՝ ՔՊ-ի գրասենյակում:
Ինչո՞ւ ենք ասում՝ հետաքրքիր, որովհետև ռուսական «Նովայա գազետա»-ում 2020թ. հոկտեմբերի 7-ին լույս էր տեսել «Պատերազմ հարավային դարպասների մոտ» վերտառությամբ հոդվածը: Այս պարբերականն առաջին անկախ աղբյուրն էր, որ տեղեկացրել էր Շուշիում տասնյակ ոստիկանների զոհվելու, ինչպես նաև Մեխակավանում (Ջաբրայիլ) հայերի կրած ծանր պարտության մասին։
«Նովայա գազետա»-ի այդ հոդվածի հրապարակումից մի քանի ժամ անց Հայաստանի արտգործնախարարությունը դրա հեղինակին՝ մոսկվացի լրագրող Իլյա Ազարին, զրկել էր հավատարմագրից` պնդելով, թե նա խախտել է Լեռնային Ղարաբաղում ռազմական դրության պայմաններում լրատվամիջոցների աշխատանքի համար սահմանված կանոնները։
Հոդվածը տարածվել էր նաև ռուսական այլ լրատվամիջոցներով, որտեղ կային հայկական կողմի «խեղճ» վիճակը ներկայացնող պահեր՝ զինվորական համազգեստով, բայց հողաթափերով մասնակցում էին մարտական գործողությունների:
Գուցե պետք չէ՞ր պատերազմի ժամանակ նման պատկեր ցույց տալ՝ գուցե սա՞ էլ հոգեբանական ճնշում էր: Բայց չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, 2020-ի հոկտեմբերի 5-ին մարտակոչումնույնն էր ասում, երբ հորդորում էր՝ «ովքեր ունեն զինվորական հագուստ, ձմեռային բաճկոն, սաղավարտ, զրահաբաճկոն, դա որևէ ձևով ուղարկեն և կենտրոնացնեն զինվորական կենտրոնական հավաքակայան»:
168.am-ը դեռ 2021-ին անդրադարձել է 44-օրյա տեղեկատվական պատերազմում պարտության մեղսակիցներին, որոնք իրենց ազդեցությունն են ունեցել պատերազմի ելքի վրա:
Բայց խնդիրն այն է, որ Նիկոլ ՓաշինյանըԳոնսալեսի քննադատություններն իշխանության հասցեին «կուլ է տվել» և բացել նրա առաջ իր կուսակցության դռները, և ոչինչ, որ Գոնսալես-Ռուբցովը վերևում հիշատակված հարցազրույցում նշել էր, որ ադրբեջանական կողմը հիմնականում թիրախավորել է ՀՕՊ համակարգերը, որ քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ, մեծ հաշվով, նպատակային հարվածներ չեն եղել, որ Դոնեցկի քաղաքացիական բնակավայրերի ուղղությսմբ ավելի շատ արկ է նետվել, քան 44-օրյայի ժամանակ Ստեփանակերտի դեպքում:
Իսկ թե արդյո՞ք Գոնսալեսը լրտեսական գործունեություն է ծավալել 44-օրյա պատերազմի ժամանակ, պետք են լուրջ ապացույցներ, և սա արդեն համապատասխան մարմինների պատասխանատվության գոտում է:
Ի դեպ, հետաքրքիր է՝ արդյո՞ք 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը նման փաստերը քննության առարկա դարձրել է: