Ռիսկային է. փորձագետը` ՀՀ-ում նոր ատոմակայան կառուցելու բոլոր առաջարկների մասին

Հայաստանը դիմել է ԱՄՆ-ին քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր կնքելու համար։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Ավելի վաղ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև նոր ատոմակայանի կառուցման շուրջ բանակցությունները մտել են առարկայական փուլ, սակայն այդ ուղղությամբ կոնկրետ գործողություններ չեն հստակեցվել:

Նշենք, որ խոսքը համագործակցության համաձայնագրի մասին է, որը ԱՄՆ-ն կնքում է ատոմային Էներգետիկայի մասին ԱՄՆ օրենքի շրջանակում: Համաձայնագրի ստորագրման համար ԱՄՆ-ի գործընկեր երկիրը պետք է համապատասխանի օրենքի չափանիշներին ու միանա այդ համաձայնագրին:

«ՍիվիլՆեթին» տված գրավոր մեկնաբանության մեջ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն ասել էր, որ համաձայնագրին միանալու Հայաստանի դիմումն ուսումնասիրվում է, որի հաստատման պարագայում Հայաստանը կարող է ստանալ ամերիկյան քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ։

Sputnik Արմենիայի հետ զրույցում էներգետիկ անվտանգության փորձագետ Արթուր Ավետիսյանը նշեց, որ այդ փաստաթղթին միանալու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ՀՀ–ն այդպիսով կկարողանա առարկայորեն դիտարկել քաղաքացիական միջուկային էներգետիկայի այս կամ այն առաջարկը։

«Հասկանալու համար գործնականում այդ առաջարկները ՀՀ-ին հարմար են, թե ոչ, արդյոք հրապարակված տեխնիկական ու տնտեսական ցուցանիշները իրականությանը համապատասխանում են, թե ոչ, հնարավոր է միայն, եթե դրանց փաստաթղթերն ուսումնասիրվեն, իսկ այդ փաստաթղթերին հասանելիություն կլինի, եթե ՀՀ-ն միանա քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագրին։ Այսինքն` դա չի ենթադրում, որ ՀՀ-ում անպայման պետք է ամերիկյան ատոմակայան կառուցվի»,- ընդգծեց փորձագետը։

Ըստ նրա` ՀՀ-ին անհրաժեշտ է միջինից հզոր ատոմակայան, իսկ խաղաղ միջուկային էներգետիկայի բնագավառում փորձի տեսանկյունից առաջատար երկրներից են Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան։ Մեծ` 1000–1200 ՄՎտ հզորություններով ատոմակայանների կառուցման հարցում բացարձակ առաջատարը ՌԴ-ն է։

Ավետիսյանի խոսքով` փոքր և միջին հզորություններով ատոմակայաններն աշխարհում այդքան էլ պահանջարկված չեն, դրա համար պետությունների մեծ մասն այդ ուղղությամբ գրեթե չի աշխատում։

«Արտերկրում ամենից շատ ատոմակայան կառուցում է ՌԴ–ն, սակայն միայն 1000-1200 ՄՎտ հզորության, և գաղտնիք չէ, որ ՀՀ–ին ևս նման առաջարկ արել է Ռուսաստանը։ Ֆրանսիացի գործընկերների այցելությունները պայմանավորված են միայն գործող ՀԱԷԿ-ի աշխատանքներով, ոչ թե նոր կայանի կառուցման հարցով»,– նկատեց փորձագետը։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի առաջարկին, ապա դրանք մինչև 300 ՄՎտ հզորության փոքր մոդուլային կայաններն են։ Ըստ փորձագետի` դրանց հիմնական ու ակնհայտ թերությունն այն է, որ որևէ մեկը չի կարող հիմնավոր կերպով ապացուցել այս կայանների պարամետրերը` արդյոք դրանք իրակա՞ն են, թե ոչ, մի պարզ պատճառով` դրանք գործնականում դեռ չեն շահագործվել։

«Ռիսկային է որոշում կայացնել հօգուտ չլիցենզավորված, շահագործման չհանձնված կայանների։ Մի քանի տարի անց միգուցե դրանք ապացուցեն իրենց արդյունավետությունը, սակայն մենք այդքան ժամանակ չունենք»,- ընդգծեց Ավետիսյանը։

Նրա խոսքով` նոր ատոմակայան կառուցելու ՀՀ-ին արված բոլոր առաջարկներն ինչ–որ խնդիրներ ունեն` որոշները տեխնիկական, որոշները` նախագծային, որոշներն էլ հզորությունների մասով։

Այդ նպատակով, Ավետիսյանի կարծիքով` պետք է բոլոր առաջարկությունները համապարփակ վերլուծել և հասկանալ, որ այդ որոշումը ռազմավարական որոշում պետք է լինի, իսկ որոշում կայացնողները սերունդների առաջ պատասխանատվություն են կրելու, եթե այն սխալ եղավ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 1–ի ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշում կայացվեց ՀՀ-ում նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարման նպատակով ստեղծել փակ բաժնետիրական ընկերություն։

Հիշեցնենք նաև, որ նույն օրը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնեց, որ ամերիկյան ընկերությունը Հայաստանում տեխնիկատնտեսական հետազոտություն է իրականացնում փոքր մոդուլային ատոմակայանի կառուցման նպատակահարմարության վերաբերյալ։
Իսկ այս տարվա փետրվարի 8–ի կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ խոսեց այն մասին, որ ՀՀ կառավարությունը քննարկում է մոդուլային ատոմակայան ունենալու հարցը։

Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն էլ Սոչիում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ այս պահին Հայաստանին անհրաժեշտ է մինչև 1000 ՄՎտ հզորությամբ ռեակտոր։ Նրա խոսքով` Հայաստանը ԱԷԿ-ի կառուցման առաջարկների է սպասում մի քանի երկրից, և դեռ որոշված չէ` այն պետք է ստացիոնար լինի, թե մոդուլային:

Տեսանյութեր

Լրահոս