ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի ցուցումները՝ գլխավոր դատախազին և Վճռաբեկ դատարանին. Փաստաբան-դատավորից դատախազ-դատավորի անցման ճանապարհը
Երեկ…
Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի հետ կապված Վերաքննիչ քրեական դատարանը մի անգամ արձանագրեց, որ բողոքում առկա թերությունը շտկելուց և 2022թ. դեկտեմբերի 28-ին Վերաքննիչ քրեական դատարան կրկին ներկայացնելու ժամանակ Սեդա Սերյոժայի Սաֆարյանը հանդիսացել է ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր՝ իրավասու չլինելով հանդես գալ որպես ներկայացուցիչ և կատարել համապատասխան գործողություններ, մասնավորապես՝ իր նախկին վստահորդների օգտին բողոքարկել առաջին ատյանի դատական ակտը:
Այս մասին 168.am–ը մի քանի հրապարակումներով տեղեկացրել էր իր ընթերցողներին:
Վերոգրյալի հիմա վրա վերաքննիչ դատարանը գտել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ դիմողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը չի հանդիսանում բողոքարկման իրավունք ունեցող անձ, ուստի դիմողներ Նարինե Նալբանդյանի, Բագրատ Նալբանդյանի և Արևիկ Նալբանդյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի ներկայացրած հատուկ վերանայման բողոքն անհրաժեշտ է թողնել առանց քննության վերոգրյալ հիմքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածով՝ Վերաքննիչ դատարանը որոշել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թ. հոկտեմբերի 21-ի որոշման դեմ Նարինե Նալբանդյանի, Բագրատ Նալբանդյանի, Արևիկ Նալբանդյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի ներկայացրած հատուկ վերանայման բողոքը թողնել առանց քննության:
Պարզ հայերենով գրված տեքստից հասկանալի էր, որ Սահմանադրական դատարանի դատավորը թույլ է տվել իր պաշտոնի հետ անհամատեղելի արարք, և վերջինիս լիազորությունները պետք է դադարեցվեն:
Դրա հետ կապված՝ Ազգային ժողովի (ԱԺ) կառավարող խմբակցության պատգամավորներն իրենց հատուկ անհեթեթ պատճառաբանություններով ու հիմնավորումներով հրաժարվեցին դիմել Սահմանադրական դատարան փաստաբան-դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով՝ մոռանալով, որ իրենք իրավունք չունեն ապօրինություններ անել:
ՍԴ դատավորներն էլ դրա մեջ արտառոց բան չտեսան, իսկ Բարձր դատարանի դատավորներից մեկն էլ, ով հայտնի է տեղի-անտեղի դատավորի երդման մասին հիշեցումներով, իր հարցազրույցում գործընկերոջ արարքի մեղավորությունը դրեց Վերաքննիչ դատարանի վրա, իբր վերաքննիչ բողոքի վերադարձի որոշումը չպետք է ուղարկեին Սեդա Սաֆարյանին, որ նա էլ չշփոթվեր:
Ի դեպ, հարցը վերաբերում էր Վարդենիսում կատարված սպանության հայտնի գործով Նալբանդյանների ընտանիքի վերաքննիչ բողոքին:
Արարքի հետ կապված բավականին արտառոց էր հենց փաստաբան-դատավորի արձագանքը, ով վստահ էր, որ մի թեթև բան է եղել.
«Այդպիսի խնդիր չկա, որ փորձեն կրակ վառեն, ձեռքերն էլ տաքացնեն։ Դա մի փոքրիկ խնդիր է, որի հետ կապված քննարկում եղել է, և չեմ կարծում, որ դա կարող է բնորոշվել՝ որպես «ներկայացուցչության իրականացում»։ Գուցե դատարանին ունեն հարցեր ուղղելու, դատարանին չեն ուղղում, ինձ են ուղղում»,- ասել էր Սեդա Սաֆարյանը:
Դատավորի խոսքով՝ հարցի վերաբերյալ քննարկում ՍԴ-ում եղել է:
«Թող գրողները ավելի պարզ արտահայտվեն, որպեսզի հասկանանք՝ ինչի մասին է խոսքը։ Ինքս շատ լավ հասկանում եմ, որ դատավոր լինելով՝ ես իրավունք չունեմ փաստաբանական գործունեությամբ զբաղվել։ Փաստաբանական գործունեությունս դադարեցվել է դեկտեմբերի 15-ին՝ Փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ։ Գրողները այլ ենթատեքստով են առաջնորդվում»,- նշել էր նա՝ հավանաբար չկարդալով վերաքննիչ դատարանի որոշումը, որ գիտակցեր՝ իր նախկին վստահորդին իր գործողություններով զրկել է վերաքննության իրավունքից:
ՍԴ այս դատավորի բարձր իրավագիտակցության մասին է դատական նիստում արված արտահայտությունը, որ` «ավելի լավ է դատարանները շրջափակեն, քան չերյոմուխա կրակեն»:
Երևի պետք էր, որ ինչ-որ մեկը բացատրեր, որ իրավախախտում անելը, առավել ևս՝ քրեական օրենսգրքով արգելված արարքներ անելը լավ բան չէ, իսկ մի արարքի արդարացումը մեկ այլ արարքով իրավաբանությունն իջեցնում է փողոցային «բազարի» մակարդակի՝ ի ցույց դնելով դրա մասնակիցների որակը:
Այսօր…
Ահա այս ամենից մեկուկես տարի անց ՍԴ դատավորն իրեն փորձում է Մարտի 1-ի գործով մեղադրող դատախազի վերադաս դատախազի դերում` ամփոփելով այդ առիթով տրված հարցազրույցներն ու 2021թ. նախընտրական քաղաքական ելույթները:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 22-ին ՍԴ-ն կայացրել էր որոշում, ըստ որի՝ հնարավոր է, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ «Մարտի 1» անվամբ հայտնի գործի քննությունը վերսկսվի: Վճռաբեկ դատարանի դիմումի քննության չէին մասնակցել ՍԴ դատավորներ Սեդա Սաֆարյանն ու Հրայր Թովմասյանը, սակայն, չգիտես ինչու, մասնակցել էին Դավիթ Խաչատուրյանն ու Վահե Գրիգորյանը:
Բայց Սեդա Սաֆարյանը գործին առնչվելու յուրահատուկ տարբերակ գտավ՝ հարցազրույց տալով մերձիշխանական լրատվամիջոցներից մեկին:
Իհարկե, հարցազրույցի արժեքը դրա իրավական բովանդակությունը չէր, որովհետև քրեական իրավունքի և քրեական դատավարության հետ որոշակի առնչություն ունեցող յուրաքանչյուր անձ կհասկանար, որ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը զբաղեցնող տիկինը քաղաքական ելույթ էր ունենում «Մարտի 1» կոչվող թեմայով` չմանրամասնելով, թե ինչ կապ ունեին դատարանում սահմանադրական կարգի տապալման կամ իշխանության յուրացման վերաբերյալ քննվող քրեական գործով իր նախկին վստահորդները ու տուժողներն այն պայմաններում, երբ Հայաստանում վարչապետից ու Սեդա Սաֆարյանից բացի, որևէ լիազոր մարմին վստահաբար չգիտի՝ արդյո՞ք «Մարտի 1» կոչվող գործը բացահայտված է, թե՞ ոչ:
Արդեն դատավորի բարձր դիրքից գնահատելով դատախազության սխալները, արդեն իսկ քրեական իրավունքի գիտակի իրավունքով Սեդա Սաֆարյանը վստահություն է հայտնում, որ գլխավոր դատախազը մեղադրական եզրակացությանը համապատասխանող մի հոդված կդնի: Իհարկե, այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե այդքան ողբերգական չլիներ:
Սեդա Սաֆարյանը չէր հիշում, որ մինչև ՍԴ դատավոր լինելը և դատախազներին խրոխտ կերպով ցուցումներ տալը, իր մեկ այլ հարցազրույցում նեղսրտել էր՝ ասելով. «Պարտադիր չէր, որ ՍԴ-ն մի բան աներ, նոր հասկանային, որ ամբողջ մեղադրանքը վտանգված էր: Ժամանակին քննարկվում էր այն խնդիրը, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործողությունները այլ հանցանքի հատկանիշներ են պարունակում: Նույն դատախազությունը գտնում էր, որ մենք մեր ճաշակով չենք կարող մեղադրանք առաջադրել: Հիմա իրենց ճաշակը երևաց, այս մեղադրանքն իրենց ճաշակն էր, որ ներկայացրին ու ձախողեցին Մարտի 1-ի գործը»:
Եվ առհասարակ Սեդա Սաֆարյանը դեռևս 3 տարի առաջ էր գտել, որ ՍԴ-ն ահավոր որոշում է կայացրել:
Ինչևէ, Սահմանադրական դատարանի դատավորն այնքան է անկեղծանում եթերում, որ վստահաբար պնդում է, թե ինչ լուծումներ կլինեին ՍԴ կողմից, եթե դատավորը դիմեր Սահմանադրական դատարան, և գործն ինչ ընթացք կստանար հետագայում:
Սեդա Սաֆարյանի հարցազրույցից պարզ է դառնում, որ գործը վարող Աննա Դանիբեկյանը և դատախազները մի մասով շեղվել են ընդհանուր սցենարից և արդյունքում՝ սահմանադրական դատարան դիմելու փոխարեն, ավարտել են սահմանադրական կարգի տապալման մասին քրեական գործը՝ տապալելով նաև հազարի հասնող վկաների հարցաքննությունն ու բեմականացումը:
Ըստ էության Սեդա Սաֆարյանը հիմա էլ Աննա Վարդապետյանին է դնում բարդ դրության մեջ, որովհետև ՍԴ դատախազ-դատավորի կողմից քրեական և քրեական դատավարության օրենսգրքերից մեջբերված ընդհանուր բնույթի տերմիններով համեմված ցուցումը կատարելիս պետք է այնպիսի հոդված գտնի, որ «Մարտի 1»-ի գործով տուժողները հանկարծ դուրս չմնան դատավարությունից և պարտադիր ներկա գտնվեն դատարանի դահլիճում, որպեսզի հնարավոր լինի ավարտված քրեական գործով դատակոչված վկաներին նորից դատարան բերել:
Նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ապահովել էր միայն շոուի մասը` դատակոչելով հազարի չափ վկա, որպեսզի կալանքը մի քանի տարի տևեր, և վկաներն էլ ցուցմունք տային, թե ինչպես է իրենց աչքի առաջ սահմանադրական կարգը տապալվել: Նախկին դատախազին չի էլ հետաքրքրել գործի ճակատագիրը, որովհետև այդ պահին լուծել է հնարավորինս երկար դատաքննություն անելու և մեղադրյալներին անազատության մեջ պահելու քաղաքական ներկայացման հաստատված սցենարը:
Բնականաբար, Սահմանադրական դատարանի դատավորները ստիպված են լինելու նախորդ անգամվա պես հանդուրժել իրենց գործընկերոջ՝ դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի վարքագիծը՝ լավ իմանալով, թե որտեղից է փչում քամին, և ինչպես է դատախազական հակումներով Սահմանադրական դատարանի դատավորն ապահովում ՍԴ խիստ անհատականացված խնդրահարույց որոշման պահանջների կատարումը Վճռաբեկ դատարանում և դատախազական համակարգում:
Կատարվածի վերաբերյալ Ազգային ժողովի արձագանքի մասին պետք էլ չի խոսել, որովհետև այդպիսին, իհարկե, չի լինելու, ինչպես որ չեղավ նախորդ անգամ:
Նախկինում էլ Սահմանադրական դատարանը, առանձին բացառություններով հանդերձ, չի փայլել առաջադրված հարցերին տրված իրավական լուծումներով, սակայն, որպես կանոն, խուսափել է ակնհայտ կացնային և երկրի իրավական անվտանգության համար վտանգ ներկայացնող լուծումներից:
Հետհայացք նետելով հեղափոխական Սահմանադրական դատարան ձևավորելու գործընթացին և դերակատարների գործունեությանը՝ կարելի է ընդամենը մեկ եզրակացություն անել հետագայի համար` չպետք է թույլ տալ իրավունքի հետ կապված հարցերին մոտենալ «իրավապաշտպանի» քողի տակ հանդես եկող կիսաքաղաքական գործիչներին: Նրանք հիմնականում ո՛չ իրավունքից են հասկանում, ո՛չ էլ քաղաքականությունից, որովհետև մասնավոր քաղաքական շահեր սպասարկող իբր թե իրավապաշտպաններն իրականում որևէ կապ չունեն ո՛չ իրավունքի, ո՛չ էլ արդարադատության հետ:
Հ.Գ.-1. Ըստ շրջանառվող լուրերի՝ «ՔՊ»-ն ցանկանում է ևս մեկ դատախազաքննչական անցյալ ունեցող ԲԴԽ անդամի՝ Հայկ Գրիգորյանին, տեղավորել Վճռաբեկ դատարանի քրեական պալատում, ով հայտնի էր նրանով, որ անխտիր համաձայնվել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի բոլոր դիրքորոշումներին, այդ թվում՝ նաև դատավորի վերաբերյալ նիստը դռնփակ և առանց դատավորի մասնակցության անցկացնելուն, ինչպես դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու դեպքում:
Հլու-հնազանդի կերպարի մեջ դրսևորված Վիգեն Քոչարյանն էլ միտք ունի տեղավորվել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատում: Այս թեկնածուն էլ մի ուրիշ յուրահատկություն ունի` ո՛չ դատավոր է աշխատել, ո՛չ էլ Վճռաբեկ դատարանի որևէ պալատի համար անհրաժեշտ մասնագիտացում ունի, ուղղակի ինքն իր համար գիտնական է, որը մասնակցել է ՄԻԵԴ դատավորի թեկնածուների մրցույթին և, չգիտես ինչու, ընտրվել է թեկնածուների եռյակում:
Հ.Գ.-2. Պետք է շնորհակալ լինել, որ գլխավոր դատախազ է նշանակվել ոչ թե սույն տիկինը, այլ մեկ ուրիշը:
Լավ է, որ այս տիկնոջը չի առաջարկվել ՆԳ փոխնախարարի պաշտոնը, չնայած այդ պաշտոնը զբաղեցնող տիկինն էլ հեչ վատ չի ծառայում իր տերերին:
Թվարկված սցենարների դեպքում ականատես էինք լինելու «ինձ նշանակելով՝ չեք փոշմանի» կարգախոսից բխող այնպիսի հետևանքների, որոնք քիչ չէին թվա նույնիսկ ստալինյան արդարադատության ճիրաններով անցածներին:
Հ.Գ.-3. Սահմանադրական դատարանի դատախազ-դատավորի ցուցումների անվերապահ կատարումը վճռաբեկ դատարանի և դատախազության կողմից կհաստատի, որ հարցազրույցի անվան տակ տրված ցուցումներն ինքնագլուխ չեն արվել և համաձայնեցված են քաղաքական ղեկավարության հետ:
Հ.Գ.-4. Հետաքրքիր է՝ քաղհասարակություն կոչվածը չի՞ տեսնում՝ ինչպես են վարկաբեկվում դատարանները, թե՞ 2018թ.-ից հետո այլևս կարիք չկա դրա մասին մտահոգվելու: