Անհայրենիք փողատերերի վերջին հանգրվանը
Հայաստանի գործարար համայնքը փոթորկվել է Պետական եկամուտների կոմիտեի վերջին նախաձեռնություններից մեկի առիթով, որի իմաստն այն է, որ եթե նախկինում մինչև 10 մլն դրամ հարկային անճշտության դեպքում կազմակերպության հիմնադիրը կարող էր վճարել տույժը, և գործը կկարճվեր, ապա հիմա վճարելուց հետո անգամ ենթարկվելու է քրեական պատասխանատվության։
Կառավարության պատրաստած օրինագիծը, իհարկե, բազմաթիվ նրբություններ ու առանձնահատկություններ ունի, որոնք, սակայն, ավելի շատ տեխնիկական բնույթի են։
Գլոբալ առումով, սակայն, այս նախաձեռնությունը՝ ունենալով տնտեսական դրսևորում, իրականում ամբողջությամբ քաղաքական ակտ է՝ ինչպես դրա ստեղծման նախադրյալների, այնպես էլ ու առավել ևս՝ հետևանքների առումով։
ՊԵԿ ղեկավարությունը, իսկ իրականում՝ քաղաքական ղեկավարությունը որոշել է, որ կարող է գործարարների համար սահմանել հերթական մահակը՝ վստահ լինելով, որ որոշակի դժգոհություններից հետո բիզնես համայնքը համակերպվելու է և «գլուխը կախ համաձայնելու է նոր խաղի կանոններին», քանի որ նույն գործարար համքարությունը մինչև այժմ գլխահակ, առանց որևէ բողոքի ընդունել է իշխանության թելադրած բոլոր ֆորմալ ու ոչ ֆորմալ խաղի կանոնները և ընդհանուր առմամբ ցուցաբերել է լոյալ վարքագիծ՝ գերադասելով գործել «շառից, փորձանքից հեռու» սկզբունքով։
Գործարար աշխարհի գերակշիռ մասն այդպես է իրեն պահել այն ժամանակ, երբ իշխանությունը քաղաքական պատճառներով արշավներ է կազմակերպել առանձին ընկերությունների նկատմամբ (վերջին օրինակը GG ընկերության դեմ սանձազերծված տեռորն էր, որի առիթով գործարար համայնքն ուշացումով և անատամ դիրքորոշում արտահայտեց), նույն բիզնես խավը որևէ ծպտուն չի հանել իշխանությունների հակապետական գործողությունների հետ կապված՝ սկսած Արցախի հանձնումից՝ մինչև հայկական ինքնության դեմ գործողություններ, թշնամական օրակարգերի սպասարկում և այլն։
Այսինքն՝ իշխանությանը բիզնես աշխարհի նկատմամբ հերթական ոտնձգությունը կատարելու վստահություն է տվել հենց նույն բիզնես աշխարհը՝ տարիներ շարունակ ապացուցելով, որ առաջնորդվում է բացառապես փող աշխատելու սկզբունքով և գործնականում չի դավանում որևէ արժեքի, հավատամքի, որը կարող է այս կամ այն կերպ խանգարել ավելի շատ փող աշխատելուն։
Այսինքն՝ լայն առումով, բիզնես աշխարհը, չհաշված չնչին բացառությունները, իշխանությունների հետ գտնվում է նույն արժեքային, արժեքաբանական հարթությունում, որի ամենամեծ արժեքը որևէ հաստատուն արժեքի բացակայությունն է։
Այսինքն՝ այս նախաձեռնությունն իրականում իշխանության պատասխանն է գործարար համայնքին՝ անհայրենիք, անարժեք գործելաոճին, ընդհանուր առմամբ՝ «գլուխը կախ փող աշխատելու» սկզբունքին։
Իշխանությունը ցույց է տալիս, որ պատրաստ է հերթական մահակով հարվածել «կախ գլուխներին», քանի որ, ինչպես կյանքում՝ ընդհանրապես, այնպես էլ բիզնեսում՝ մասնավորապես, կախ գլուխները պետք է պատրաստ լինեն հարվածներ ստանալու։ Ինչ վերաբերում է այս նախաձեռնության հետևանքներին, ապա դրանք ունենալու են ինչպես փողային, կոռուպցիոն, այնպես էլ՝ քաղաքական դրսևորումներ։ Մասնավորապես՝ սահմանային չափի խախտումներ թույլ տված գործարարներն ամենատարբեր կոռուպցիոն սխեմաներով կարողանալու են ազատվել քրեական հետապնդումից, իսկ բոլոր նրանք, ովքեր երբևէ կմտածեն քաղաքական այս կամ այն հարցի առնչությամբ դիրքորոշում հայտնելու մասին, անմիջապես կհայտնվեն ՊԵԿ-ի «սև ցուցակում»՝ քրեական հետապնդման խիստ որոշակի հեռանկարներով։
Մեր գործարարների գերակշիռ մասն աշխատում է «փողը հայրենիք չունի» սկզբունքով, որը հիմնականում ընկալվում է՝ որպես դասագրքային ճշմարտություն, չնայած նրան, որ այդ սկզբունքն ունի բազմաթիվ առանձնահատկություններ ու շերտեր։
Մասնավորապես, դա առավելապես կիրառելի է սեփական հայրենիքից դուրս գործելու դեպքում և հակացուցված է այն ժամանակ, երբ խոսքը սեփական հայրենիքում այդ նույն հայրենիքի հաշվին փող աշխատելու մասին է։
Հարություն Ավետիսյան