«Մարդիկ հարցնում են՝ սրան ե՞րբ պետք է լարեք. վառոդի տակառի վրա ենք. ամեն րոպե կարող է պայթել». Գեղամ Մանուկյան
Գորիս-Կապան ճանապարհի հատվածների հանձնումից 3.5 տարի անց ԱԳՆ-ն հաստատեց, որ այդ փուլում Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները հուշագիր են ստորագրել: Ի դեպ, այն ժամանակվա ԱԳ նախարար Արա Այվազյանն ասել էր, որ ԱԳՆ-ն տեղյակ չի եղել այդ հուշագրից: Երկարատև հարցումներից հետո ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը և Աննա Գրիգորյանը հնարավորություն էին ունեցել ծանոթանալու հուշագրի տեքստին, որով Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածն ու Շուռնուխի կեսը հանձնվել էր Ադրբեջանին:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց, որ չի հասկանում Արա Այվազյանի հայտարարությունից հետո եղած աժիոտաժը: Նա հիշեցրեց, որ դեռ 2022 թվականի դեկտեմբերի 20-ին են ինքն ու Աննա Գրիգորյանն ասուլիս հրավիրել և խոսել այդ հուշագրի մասին:
«2020 թվականի դեկտեմբերից այս իշխանությունները ստել են, խաբել են սեփական ժողովրդին: ԱԳՆ-ից, ԳՇ-ից գաղտնի, Փաշինյանի գիտությամբ Վաղարշակ Հարությունյանը ստորագրել է Սյունիքում զորքեր ետ քաշելու հուշագիր, որովհետև Փաշինյանը խոստում է տված եղել: Նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունից մեկ ամիս անց այդ հայտարարության վրա գիծ է քաշվել, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ձևակերպված է, որ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ կանգնում են: Դեկտեմբերի 16-17-ին ամբողջ Սյունիքում մոտ 20 կմ մեր զորքերը ետ են քաշվել, հակառակ նրան, որ տեղի համայնքապետերը, կամավորական ջոկատները, զինվորականները դեմ են եղել: Սա մի հանգամանքն է:
Նույնիսկ այն, ինչ ստորագրել է Վաղարշակ Հարությունյանը, ՀՀ-ն չի ապահովել, որովհետև համաձայն դրա՝ ճանապարհի երկու կողմից հայ և ադրբեջանցի սահմանապահներ պետք է կանգնեին:
Ադրբեջանցի սահմանապահը որ գալիս ճանապարհի վրա հենակետ է դնում, բա հայկական կողմն ի՞նչ է անում: Ի վերջո, ՀՀ տարածքային ամբողջականությունն ապահովելու ֆունկցիա ունի, չի անում: Ճանապարհի մի հատվածն էլ ադրբեջանցիները կարող էին օգտագործել՝ նախապես տեղյակ պահելուց հետո, բայց որևէ բան չի պահպանվել: Միակ բանը, որ եղել է՝ հայկական զորքերը ետ են քաշել, որի հետևանքով Սոսիների պուրակի պատմական մասը մնացել է Ադրբեջանին, Կապանի գլխին այսօր Ադրբեջանի դրոշ է ծածանվում, 2022թ. սեպտեմբերին Ադրբեջանը հանգիստ կարողացավ այդ ամբողջ տարածքները գրավել, այսօր Ներքին Հանդի նույնիսկ գերեզմանը մեր ձեռքում չէ, իսկ այս իշխանությունը մտածում է, որ փողով մարդկանց առնելով՝ հնարավոր է խաբել և մոլորեցնել»,- պարզաբանեց պատգամավորը:
Անդրադառնալով երկրի ներսում առկա հանրային տրամադրություններին՝ նա նշեց, որ քաղաքացիների հետ շփումը ցույց է տալիս, որ քաղաքացիների զգալի մասը շատ լավ հասկանում է՝ ինչ է կատարվում. «Մենք այսօր վառոդի տակառի վրա ենք. ամեն րոպե կարող է պայթել: Էն օրը Արծվիկ Մինասյանի հետ գերեզմանոցում էինք, ով մոտենում էր՝ ասում էր՝ բա սրան ե՞րբ պետք է լարեք: Եթե բոլորս այս ենք ասում, բա պաշտպանողն ո՞վ է:
Իշխանությունը սա շատ լավ հասկանալով՝ քարոզչական փուչիկներ է բեմականացնում և հաջողում է, որովհետև մարդիկ սկսում են քննարկել: Երեկ մեկը սոցցանցերում գրառում էր կատարել, թե՝ Սրբազան ջան, սրանց նստացրեցիր հեծանիվ, խնդրում եմ, հիմա կարո՞ղ ես իջեցնել: Իրականում, այսօր Հայաստանում օրակարգը Բագրատ Սրբազանն է թելադրում, ընդդիմությունն է թելադրում: Մի շաբաթ առաջ Սրբազանը Սառնաղբյուր գյուղում էր, երեկ Սառնաղբյուրի դպրոցականներին բերել էին Նիկոլի հետ հանդիպման»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում