Թուրք-ադրբեջանական ախորժակը մեծանում է. Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման դեպքում կգնան ոտնձգությունների. Արարատ Կոստանյան

Իսրայելական timesofisrael.com-ը երեկ գրել էր, որ Իսրայելը պատրաստվում է Իրանի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմից առաջիկա օրերին հնարավոր հարձակումներին և ենթադրում է, որ հարձակումները կարող են լինել մի քանի ճակատներից։

Իրանը, նրա լիբանանյան դաշնակից «Հեզբոլլահ»-ը և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ն Իսրայելին մեղադրում են չորեքշաբթի Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության համար: Նրա սպանությունը տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Բեյրութում Իսրայելի հասցրած հարվածից սպանվել էր «Հեզբոլլահ»-ի ռազմական ղեկավար Ֆուադ Շուքրին: Իսրայելը ստանձնել է Շուքրիի սպանության պատասխանատվությունը, սակայն պաշտոնապես չի մեկնաբանել Հանիեի սպանությունը: Թե՛ Իրանը, թե՛ «Հեզբոլլահ»-ը խոստացել են վրեժխնդիր լինել սպանությունների համար:

Այսօր առավոտյան էլ Al Mayadeen պարբերականը տեղեկացրեց, որ Շիա «Հեզբոլլահ» շարժման զինված կազմավորումները հարված են հասցրել Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) հրամանատարական կետին իսրայելալիբանանյան սահմանին։

Նշվում է, որ հարվածն իրականացվել է կամիկաձե անօդաչու թռչող սարքի միջոցով, որը հաջողությամբ հաղթահարել է հակաօդային պաշտպանության համակարգը։ ԱԹՍ-ի թիրախ է դարձել իսրայելական բանակի 91-րդ դիվիզիայի շտաբը, որը վերջերս տեղակայվել է Այելեթ հա Շահար բնակավայրի մոտ։

Կարդացեք նաև

Հարձակման հետևանքով վիրավորվել է երկու իսրայելցի զինծառայող։ Իսրայելի պաշտպանության բանակի 1 սպայի և 1 զինվորի վիրավորվելու մասին հայտնել է նաև իսրայելական կողմը։

168.am հետ զրույցում արաբագետ, միջազգայնագետ Արարատ Կոստանյանը խոսելով Մերձավոր Արևեքում տիրող իրավիճակի և հետագա զարգացումների մասին, նշեց, որ նման տեղեկություններ հայտնել են ոչ միայն իսրայելական, այլև արաբական լրատվամիջոցները:

«Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի ղեկավարի սպանությունն անպատասխան չի թողնելու և հարմար առթի դեպքում դրան պատասխանելու է։ Սա եղել է Իրանի պաշտոնական արձագանքը։

Իհարկե, Մերձավոր Արևելքում Իրանի դաշնակիցների կողմից, հանձին «Հեզբոլլահի», ավելի համարձակ հայտարարություններ են հնչել, նրա կողմից իսրայելական կողմ արդեն հրթիռներ են արձակվել։ Նաև հայտարարել է, որ Իսրայելին ավելի խորքում է պատրաստվում հարվածներ հասցնել։

Իսրայելն էլ իր կողմից անպատասխան չի թողնում բոլոր հայտարարությունները, հակադարձելով, որ իրեն ուղղված որևէ հարված անպատասխան չի թողնելու։ Այսինքն՝ պատասխանները երկկողմանի են, և սա իրապես մտահոգիչ է։ Այսինքն՝ այստեղ երկուստեք ռազմական գործողություններ սկսելու և այն շարունակելու մտահոգություններ կան, որը կարող է անդրադառնալ ամբողջ տարածաշրջանի վրա»,- նշեց Արարատ Կոստանյանը։

Նրա խոսքով՝ մինչև այս իրավիճակը և ՀԱՄԱՍ-ի ղեկավարի սպանությունը բանակցություններ էին ընթանում ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի կառավարության կողմից, որպեսզի վերջ տային Գազայում տեղի ունեցող պատերազմին։ Սակայն այս լարվածությունն ընդհատեց բանակցությունները։

«Իրավիճակի շարունակությունն այս ծավալով շատ մտահոգիչ է նաև Հարավային Կովկասի համար։ Հստակ է, որ Ադրբեջանը օգտագործելով կորոնավիրուսային իրավիճակը, առիթն օգտագործեց 2020 թվականին Արցախի վրա հարձակվելով։

Իսկ այժմ Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններից կարող ենք ենթադրել, որ նա բաց չի թողնելու առիթը, եթե Մերձավոր Արևելքի տարածաշրջանում իրավիճակը խիստ ապակայունանա, և երբ գերտերությունների ուշադրությունը կենտրոնացվի այնտեղ, Ադրբեջանը կգնա սադրանքների։

Այսինքն՝ Թուրքիան ու Ադրբեջանը կփորձեն իրենց ծրագրերն իրականացնել այս տարածաշրջանում։ Այս համատեքստում հիշեք Էրդողանի խրոխտ հայտարարությունը, երբ ասում էր՝ ինչպես մտանք Արցախ, այնպես էլ կմտնենք Իսրայել։ Կարող ենք եզրակացնել, որ թուրք-ադրբեջանական ախորժակը մեծանում է, և Մերձավոր Արևելքում հնարավոր իրավիճակի սրման դեպքում նրանք Հարավային Կովկասում կգնան ոտնձգությունների»,- եզրափակեց Արարատ Կոստանյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր, որ Թեհրանում սպանվել է «Համաս» խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն։ Իրանական կողմը մանրամասներ չի հաղորդել այս սպանության վերաբերյալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարձակումը հետաքննվում է:

Տեսանյութեր

Լրահոս