Չհասկացա՜նք… Բա երկրի ղեկավար ես, նոր գլխի ընկա՞ր, որ այդ գիծը երբեք Երասխով Ախուրիկ չի գալու. Խոսրով Հարությունյան
ԹՐԻՓՓ-ի իմաստը Սյունիքն է, այն հրեական ծրագիր է։ Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ (1992-93 թթ.) Խոսրով Հարությունյանը՝ հիշեցնելով հատկապես ամերիկյան «միլիարդավոր դոլարների» ներդրումների խոստումներից ոգևորված հայրենակիցներին՝ «ամեն փայլուն դեղինը չէ, որ ոսկի է»։
Իրանի շուրջ ահագնացող իրավիճակի, գլոբալ գործընթացների, նոր աշխարհակարգի ձևավորման ու ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմի՝ միջազգային հարաբերություններում «Ուժն է ծնում իրավունք» սկզբունքով խաղի նոր կանոններ հաստատելու համառ ջանքերի շուրջ ընդհանուր վերլուծության համատեքստում Խոսրով Հարությունյանն անդրադառնում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի փետրվարի 9-11-ը տեղի ունեցած տարածաշրջանային այցին Հայաստան ու Ադրբեջան և հարց է բարձրացնում՝ ի՞նչ փոխվեց այս ընթացքում, որ Միացյալ Նահանգները որոշեց մխրճվել տարածաշրջան։ Իր կարծիքով՝ ոչինչ չի փոխվել. ԱՄՆ քաղաքականությունը մնում է նույնը։

«Ես, օրինակ, մտածում եմ՝ բա ինչո՞ւ էր մինչ այդ Միացյալ Նահանգներն անտարբեր նույն այս «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալի նկատմամբ։ Պարզ բան՝ դա հրեական պրոյեկտ է։ Իսրայելն ասաց՝ լսե՛ք, Ադրբեջանն ինչքան ասում է՝ «Զանգեզուրի միջանցք», պրոբլեմ է առաջացնում, հայերը չեն ուզում, նույն Նիկոլ Փաշինյանը ստիպված պետք է դրան դեմ խոսի։ Եկեք անունը փոխենք, արի, դու ԹՐԻՓՓ ասա, ոչ մի բան չի փոխվում. Ադրբեջանի համար այս 42 կմ-ի օգտագործումը պահպանվում է, բայց ավելանում է մի բան՝ Ադրբեջանի ազդեցությունն աներկբա է դառնում, որը շատ էական է Իրանի հետ կապված իրենց հարաբերություններում»,- մեկնաբանեց Խոսրով Հարությունյանը։
Նա ընդգծում է՝ կուզեք՝ այն կոչեք ԹՐԻՓՓ, կուզեք՝ կոչեք «Զանգեզուրի միջանցք», ինչ ուզում եք՝ անունը դրեք, միևնույն է՝ դա Հայաստանին ոչինչ չի տալիս՝ ո՛չ տնտեսական, ո՛չ աշխարհատնտեսական, ո՛չ աշխարհաքաղաքական առումներով։ Ընդ որում՝ չի էլ նպաստում խաղաղության ձևավորմանը՝ ի հեճուկս պաշտոնական հայտարարությունների։
«Պատկերացրեք՝ վաղը չէ մյուս օրը Միացյալ Նահանգների այս նախաձեռնությունը կանգնեց ինչ-ինչ պատճառներով, կարծում եք՝ Ադրբեջանը Թուրքիայի հետ հաղորդակցվելու վերջնական տարբերա՞կն էր դա։ Ոչ։ Խնդրեմ՝ Բաքու-Թբիլիսի-Կարս, էլ չեմ ասում Իրանով դեպի Թուրքիա դուրս գալու ճանապարհը։ Ուրեմն, ԹՐԻՓՓ-ը ոչ Թուրքիան Ադրբեջանին միացնելու միակ ու ամենաանփոխարինելի տարբերակն է, այլ Սյունիքը՝ իրենց տնտեսական, իսկ վաղը չէ մյուս օրը՝ նաև ռազմատնտեսական ազդեցության տակ վերցնելու լավագույն հնարավորությունն է։ ԹՐԻՓՓ-ի իմաստը Սյունիքն է, դա ոչ մի խաղաղության մասին չի խոսում, դրա համար եմ ասում՝ սա հրեական ծրագիր է»,- ընդգծում է Հարությունյանը։
Հայաստանի նախկին վարչապետը նաև հակադարձեց Ադրբեջանի ու Հայաստանի ներկա ղեկավարներին՝ շեշտելով, որ Ղարաբաղյան հակամարտությունը կամ Արցախյան հիմնահարցը փակված չէ։ Նրա խոսքով՝ խոշոր տերություններին եթե պետք եղավ «նեղել» Ադրբեջանին, օգտագործելու են Արցախի գործոնը։
«Ինչ վերաբերում է Ղարաբաղյան կոնֆլիկտին, թե արդյոք այն կարո՞ղ է համարվել փակված՝ ես ասում եմ՝ ո՛չ, և հիշե՛ք խոսքերս՝ 10 տարի էլ անցնի, 20 տարի էլ անցնի՝ խոշոր պետություններին եթե պետք եղավ՝ Ադրբեջանին նեղեն, օգտագործելու են այդ գործոնը՝ ինչպես օգտագործում են Ցեղասպանության հարցը Թուրքիայի դեմ։ Խոշոր պետությունները՝ այն ազդեցիկ խաղացողները, որոնց պետք կլինի Ադրբեջանին դնել ծանր վիճակի մեջ, անդրադառնալու են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանն արցախահայության նկատմամբ։ Այս կոնֆլիկտը կարգավորված չէ՝ ինչքան էլ Ադրբեջանի ղեկավարությունն իրեն ուզում է՝ «խարակիրի» անի, ուզում է՝ բոլորիս՝ հայերիս անվանի «նացիստներ», ինչ ուզում է՝ թող անի։ Նրանք հիմա ձայն չեն հանում, որովհետև այս պահի դրությամբ այդ ամենն ուղղակիորեն չի հակասում իրենց շահերին։ Վաղը չէ մյուս օրը հենց հակասեց, կարող է՝ նույնիսկ Թուրքիան դա անել»,- կանխատեսում է Խոսրով Հարությունյանը։

Հետևաբար, ինչպես եզրահանգում է զրուցակիցս՝ այս ամբողջ գործընթացը՝ ներառյալ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը և Ադրբեջանի ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև «անխոչընդոտ» կապ ապահովելու նպատակով նախագծված ԹՐԻՓՓ նախագիծը, Հայաստանի մասին չէ, այլ ընդամենն Ադրբեջանի միջազգային դերակատարումը տարածաշրջանի մակարդակով դոմինանտ դարձնելու մասին է՝ Հայաստանի տարածքի հաշվին։
«Փաշինյանը բոլորովին վերջերս ասում է. «Ես հարց եմ տալիս՝ բա էդ ինչո՞ւ եք դուք Նախիջևան-Իգդիր երկաթգիծը կառուցում», լռում են։ Լսե՛ք, 2021 թվականից ես խոսում եմ այդ մասին։ 2021-ին հոդված եմ գրել՝ «Հայաստանը մուրճի և սալի արանքում. ի՞նչ անել», և դա վերաբերում էր հենց ապաշրջափակմանը, և քարտեզ կար այն ժամանակ, որ գալիս, Ադրբեջանով մտնում է Նախիջևան, Շարուրից դուրս է գալիս Իգդիր։ Փաշինյանը նոր իմացա՞վ այդ մասին։ Չհասկացա՜նք… Բա երկրի ղեկավար ես, նոր գլխի ընկա՞ր, որ այդ գիծը երբեք Երասխով Ախուրիկ չի գալու։ Ամբողջ այս ԹՐԻՓՓ-ի իմաստը դա է»,- հավելում է Խոսրով Հարությունյանը։
Նա վերևում նկարագրված վտանգավոր ծրագիրը կանխելու հնարավորություն է տեսնում առաջիկա խորհրդարանական ընտրություններում՝ առաջնահերթ համարելով Հայաստանի անվտանգության ապահովումը և ընդգծելով, որ որևէ տնտեսական ծրագրի իրականացում անհնար է առանց անվտանգային սպառնալիքների չեզոքացման։ Նա նաև կոչով դիմեց ընդդիմադիր ուժերին. «Ով էլ ընտրվի՝ նախ և առաջ չեզոքացրե՛ք սպառնալիքները։ Չեզոքացրե՛ք սպառնալիքները, որ մենք հանգիստ ապրենք այս երկրում։ Հանդե՛ս եկեք խաղաղության մանիֆեստով։ Այս երկիրը չի կարող զարգանալ առանց անվտանգության»։

Հ.Գ. Խոսրով Հարությունյանը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1992-93 թթ.-ին։ 1998-99 թթ. Խոսրով Հարությունյանը եղել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ, 1999-2000 թթ.՝ ՀՀ տարածքային կառավարման նախարար։ 2012-2019 թթ. եղել է Ազգային ժողովի 5-րդ և 6-րդ գումարումների պատգամավոր։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։




