Փարիզ-2024. Հպարտ եմ, որ կարողացա Հայաստանի պատիվը բարձր պահել մարմնամարզությունում. Արթուր Դավթյան
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանը մեկնաբանել է իր մեդալային ելույթը։
«Իսկապես դժվար ստացվեց, քանի որ որակավորման փուլում ցատկս վատն էր: Նույնիսկ հարց էր առաջացել, թե կմտնեմ արդյոք եզրափակիչ: Մի կերպ այդ օրն անցկացրեցինք: Սպասում էի երկար: Կարող էի երկու ցատկս էլ ավելի լավ կատարեի: Գնահատականների տարբերությունը շատ քիչ է առաջին տեղի հետ համեմատ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Դավթյանը:
ՕԽ արծաթե մեդալակրի խոսքով` ինքն այդքան էլ ուրախ չէ արծաթի համար, քանի որ Փարիզ էր եկել ոսկե մեդալի հետևից:
«Հպարտ եմ, որ կարողացա Հայաստանի պատիվը բարձր պահել մարմնամարզությունում: Տոկիոյի Օլիմպիական խաղերում նպատակս մեդալն էր, իսկ այդտեղ ես տեսնում էի այդ հնարավորությունը՝ չեմպիոն դառնալու: Այդ է պատճառը, որ ուրախությունս ամբողջական չէ: Գուցե հաջորդ Օլիմպիական խաղերին ոսկե մեդալ լինի»,- առանձնացրեց նա:
Դավթյանը հաջողություն մաղթեց Հայաստանի օլիմպիական հավաքականի մյուս անդամներին, ովքեր դեռևս նոր են սկսում պայքարը Փարիզ-2024-ում:
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ Փարիզ-2024-ի արծաթե մեդալակիր: Փարիզի «Bercy Arena»-ում կայացած եզրափակիչներում մարմնամարզիկները մրցեցին հենացատկի մեդալների համար։ Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը այդ վարժության եզրափակիչում հավաքեց 14.966 միավոր և նվաճեց արծաթե մեդալ: Օլիմպիական խաղերի չեմպիոնը ֆիլիպինցի Յուլո Կարլոսն է: Եռյակի վերջում Մեծ Բրիտանիայից Հարի Հեփվորթն է: