«Թուրքիան կարող է գնալ գրողի ծոցը՝ իր՝ սահմանը բացելու ու այլ առաջարկներով». Թաթուլ Մանասերյան
Հուլիսի 30-ին Մարգարա-Ալիջան անցման կետում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչը հինգերորդ հանդիպումը:
Երկուստեք պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար։
Նույն կերպ երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում ամիսներ առաջ 750 մլն դրամով վերազինվեց ու կարգի բերվեց Մարգարայի անցակետը, որն այդպես էլ շարունակում է փակ մնալ։ Երեկ, Կառավարության հերթական նիստից հետո, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն https://168.am/2024/08/01/2080274.html ասել էր, որ հայ-թուրքական սահմանին գտնվող Մարգարայի անցակետի սպասարկումը սկսելու համար քաղաքական որոշում պետք է կայացվի։
Թե՛ Մարգարայի, թե՛ Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետի բացումը տնտեսական առումով ի՞նչ կարող է տալ Հայաստանին, արդյո՞ք դրանք գործարկելուց առաջ հայկական կողմը հաշվի է առել բոլոր անվտանգային ռիսկերը։
168.am–ի հետ զրույցում «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը` խոսելով այս հարցերի մասին, նկատեց՝ որևէ բանի Հայաստանը չպետք է սպասի, այդ ամենը ոչինչ չի տալու ներկայիս Հայաստանին։
«Հայաստանի Հանրապետությունն այդպես էլ չսովորեց, որ պետք է մի քիչ նախահարձակ լինել, ունենալ սեփական օրակարգը, ոչ թե սպասել, թե ուրիշը երբ անցակետ կբացի կամ ինչ-որ բան կառաջարկի։
Նախևառաջ Մարգարայի անցակետը չի բացվի, ՀՀ ներկայիս իշխանությունների հոգեբանությունը հաշվի առնելով, Թուրքիան հրապուրիչ ու գայթակղիչ քայլ է ցույց տալիս, որպեսզի մյուս պայմաններն էլ կատարի ՀՀ իշխանությունը։ Սակայն դրանից Թուրքիայի պահանջները չեն պակասելու, այլ ավելանալու են։ Այսինքն՝ Թուրքիան Հայաստանին ասում է՝ եկեք Մարգարայի անցակետը բացենք, բայց փոխարենը պետք է փոխեք ձեր Սահմանադրությունը, բայց մեկ է՝ չի բացելու, ու հայկական կողմն այդ պատրանքներին ու իլյուզիաներին պետք է վերջ տա»,- նշեց Թաթուլ Մանասերյանը։
Տնտեսագետի խոսքով՝ հայկական կողմը պետք է ապավինի սեփական ուժերին, հատկապես այն դեպքում, երբ բոլոր իշխանությունները զլացել են ֆիքսել առաջնահերթություններ, ձևակերպել ազգային օրակարգ։
«Մենք նույնիսկ զարգացման տեսլական չունենք, այդ պատճառով այդ անցակետերի գործարկումը մեզ ոչինչ չի տալու, դա մեր ծրագիրը չէ, մենք չենք նախաձեռնել։ Աշխարհն առաջ է գնում, բայց մեր երկիրը հետ է մնացել, մարդկանց հոգեբանությունն է նույնիսկ դեգրադացվում»,- շեշտեց Թ. Մանասերյանը։
Ինչ վերաբերում է Թուրքիայի հայտարարություններին, որ սահմանը կբացվի, երբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրվի խաղաղության պայմանագիր, մեր զրուցակիցն ասաց.
«Թուրքիան կարող է գնալ գրողի ծոցն իր սահմանը բացելու ու այլ առաջարկներով։ ՀՀ իշխանությունը պետք է տարրական գրագիտություն ունենա, ասի՝ ոչ թե դա ձեր քմահաճույքն է, այլ դուք պարտավոր եք միջազգային երեք՝ 1948, 1957 և 1969 թվականների՝ ցամաքային երկրներին դեպի ծով ճանապարհ տրամադրելու կոնվենցիաներով, որը վավերացրել են Թուրքիան, Վրաստանը և Հայաստանը, բացի սահմանը։ Բայց Հայաստանն այդպես էլ դիվանագիտություն չունեցավ պահանջելու այդ պայմանների կատարումը։ Տարրական բաներ կան, որ իշխանությունը չի անում, ինչի՞ մասին է խոսքը»,- հավելեց տնտեսագետը։
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք իշխանությունը փորձագետների հետ որևէ քննարկում անցկացրել է սահմանը բացելու տնտեսական ռիսկերը գնահատելու համար, Թաթուլ Մանասերյանը պատասխանեց, որ զարմանալի կլիներ, եթե իշխանությունը նման քննարկում նախաձեռներ, այդ քննարկումն իշխանություններին պետք չէ։
«Իշխանությունն ամեն ինչ «գիտի», ինձ համար ամենավտանգավոր մարդիկ նրանք են, որ ամեն ինչի պատասխանն ունեն իրենց գրպանում դրված և ամեն ինչի պատասխան կարող են ցանկացած պահի տալ։ Իշխանությունը լսելու ունակություն չունի, մոռացել է, որ Աստված տվել է երկու ականջ ու մեկ բերան, որ երկու անգամ շատ լսեն։ Սրանք գիտելիքի պահանջ չեն դնում, ՀՀ-ն դեգրադացնում են՝ ամբողջ գենոֆոնդով հանդերձ»,- եզրափակեց Թաթուլ Մանասերյանը։