Մարգարայի անցակետի սպասարկումը սկսելու համար քաղաքական որոշում է պետք. Բադասյան

Հայ-թուրքական սահմանին գտնվող Մարգարայի անցակետի սպասարկումը սկսելու համար քաղաքական որոշում պետք է կայացվի։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս հայտարարություն արեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Մարգարայի անցակետը պատրաստ է սպասարկելու երրորդ երկրների քաղաքացիներին և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց։ Արդեն վաղուց պատրաստ է։ Չգիտեմ` երբվանից է սպասարկվելու, քաղաքական որոշում պետք է կայացվի»,- ասաց նա։

Հայկական կողմը Մարգարայի անցակետի կառուցման համար մոտ 750 մլն դրամ է ծախսել։ Լրագրողի դիտարկմանը, որ չնայած Հայաստանի կատարած ծախսերին` Թուրքիան քայլ չի անում, Բադասյանը պատասխանեց` անցակետն այսպես թե այնպես պետք է կառուցվեր։

Նա նշեց, որ նախնական պայմանավորվածություն է եղել, դրա շրջանակում էլ Հայաստանն աշխատանքներ է իրականացրել, և երբ քաղաքական որոշում կլինի, սպասարկումը կիրականացվի։

ՊԵԿ նախագահն ասաց, որ տեղեկություն չունի` թուրքական կողմը որևէ աշխատանք կատարում է, թե ոչ։ Ավելին` Բադասյանը նշեց, որ գուցե այն կողմում լրացուցիչ աշխատանքներ իրականացնելու կարիք չկա։

Տեսանյութեր

Լրահոս