Օկամպոյի առաջարկը լավն է, բայց բավարար ակտիվություն չեմ տեսնում քաղհասարակության կողմից. Արա Ղազարյան
Հայաստանում որոշ իրավապաշտպան կազմակերպություններ, անհատներ շարունակում են իրենց ուշադրության կենտրոնում պահել Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդների, ռազմագերիների խնդիրը։
Օրերս այս խնդրի առանչությամբ Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն բայց նամակ էր հղել հայությանը, որտեղ անդրադարձել էր COP-29-ին՝ կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի 29-րդ համաժողովին և համայն հայության անելիքներին։
Նա հայությանը կոչ էր արել մինչև նոյեմբեր մեդիաարշավ նախաձեռնել, որպեսզի Ադրբեջանը համաժողովին որևէ պահանջ չներկայացնի Հայաստանին, իսկ հայկական կողմին հաջողվի գերությունից ազատել Բաքվում բռնի պահվող հայերին, այդ թվում՝ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը։
Նա ասել էր, որ չպետք է թույլ տրվի, որպեսզի COP-29-ը Բաքվում տեղի ունենա հայ պատանդների առկայության պայմաններում՝ ընդգծելով, որ մինչև նոյեմբեր հայ ազգը պետք է համախմբվի ու մեդիաարշավ սկսի։
168.am–ի հետ զրույցում փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը խոսելով Օկամպոյի առաջարկի մասին և պատասխանելով հարցին, թե COP-29-ին ընդառաջ իրավական ինչպիսի՞ գործընթացներ է անհրաժեշտ իրականացնել, որպեսզի պատանդների վերադարձի առումով արդյունք տա, ասաց, որ կարծում է՝ իրավական առումով այդ ուղղությամբ ամեն օր էլ աշխատանքներ տարվում են, պարզապես այդ մասին շատ չի բարձրաձայնվում։
«Այն, ինչ առաջարկում է Լուիս Օկամպոն՝ մեծամասամբ ուղղված է քաղհասարակությանը, որովհետև իրավաբանների կողմից ամեն օր էլ աշխատանքներ տարվում են։ Բնականաբար, այս իրավական գործընթացներն ուղղված չեն Բաքվում կայանալիք համաժողովին, այլ ուղղված են միջազգային տարբեր մոնիտորինգային ու դատական ատյանների։ Օկամպոյի առաջարկը դեկլարատիվ բնույթ ունի, բայց դրա գաղափարը լավն է։
Նպատակն է, որպեսզի հանրային կարծիք ձևավորվի, ճնշումներ լինեն Բաքվի վրա այն կոնտեքստով, որ եթե Բաքուն միջազգային վեհաժողով է կազմակերպում, որն իր մեջ պարունակում է նաև մարդու իրավունքների վերաբերյալ բազմաթիվ հարցեր, ուրեմն՝ նախ պետք է հարգի մարդու հիմնարար իրավունքները։ Կարելի է ասել, որ դրանով Ադրբեջանը գլոբալ ինչ-որ շարժման է միացել և հյուրընկալել, ուստի նախևառաջ պետք է հարգի մարդու հիմնարար իրավունքները։ Օկամպոյի նամակի գաղափարը սա է՝ ստեղծել որոշակի կարծիք ու ճնշում, բայց քաղհասարակության կողմից։
Կրկնում եմ՝ առաջարկը լավն է, բայց ես բավարար ակտիվություն չեմ տեսնում քաղհասարակության կողմից»,- նշեց Արա Ղազարյան։
Ըստ նրա, Ադրբեջանը կարող է օգտագործել համաժողովն ընդդեմ Հայաստանի, սակայն չպետք է հեռանա հիմնական օրակարգից, քանի որ դրանով կմատնի իր թաքնված միտումները։ Միևնույն ժամանակ չի բացառվում, որ կհնչեն որոշակի հայտարարություններ ընդդեմ Հայաստանի, սակայն դա փաստաթղթի տեսք չի ստանա, որովհետև այդ առումով Ադրբեջանն ավելի խոցելի է։
«Այսինքն՝ Ադրբեջանը պետք է ցույց տա, որ Հայաստանը տարածաշրջանում հանցագործություններ է կատարում, որովհետև տարածքի գետերը, լճերն աղտոտում է, ատոմակայանը մատնացույց կանի։ Բայց հայկական կողմն էլ կարող է մատնացույց անել, որ Ադրբեջանը պատերազմական, մարդու դեմ ուղղված հանցագործություններ է կատարել, բլոկադայի է ենթարկել Արցախը։
Այդ առումով այսօր ամբողջ աշխարհը մատնացույց է անում Իսրայելին, որ 50 տարուց ավելի բլոկադայի է ենթարկել Պաղեստինը և այժմ էլ ցեղասպանություն է իրականացնում Գազայի հատվածում։ Այնպես որ, եթե Ադրբեջանը փորձի իրեն ակտիվ պահել այդ ուղղությամբ, հայկական կողմը շատ ավելի մեծ փաստարկներ ունի։ Այնպես որ, չեմ կարծում, որ Ադրբեջանը շատ մեծ ակտիվություն ցուցաբերի այդ ուղղությամբ»,- շեշտեց Արա Ղազարյանը։
Նրա կարծիքով՝ հայկական կողմը պետք է մասնակցի այդ համաժողովին, հակառակ պարագայում Հայաստանի տեղը համաժողովում դատարկ կմնա։
«Բոլոր հարթակները պետք է օգտագործվեն։ Եթե մենք չմասնակցենք, տեղը բաց է մնալու, որը կլրացվի Ադրբեջանի պսևդո դաշնակիցներից որևէ մեկով, որն ընդդեմ Հայաստանի որևէ հայտարարություն կանի։ Մենք անպայման այդ բոլոր հարթակները պետք է օգտագործենք»,- եզրափակեց Արա Ղազարյանը։